ԿարևորՀասարակություն

Ոսկեպարում հակառակորդի կրակոցներից ոչ զարմանում են, ոչ էլ վախենում

Տավուշի ուղղությամբ կրակոցները վերջին օրերին չեն դադարում։ Տարբեր տրամաչափի զենքից հակառակորդը մարտի 1–ից պարբերաբար կրակահերթեր է արձակում։ Սահմանային գոտու բնակիչների  համար սա նորություն չէ․ ամեն տարի գյուղատնտեսական աշխատանքներից առաջ ու դրանց  ընթացքում հակառակորդի արձակած փամփուշտները հասնում են մշակովի այգիներ, մտնում տներ, դպրոցներ։  

Բարեբախտաբար, նախորդ օրը Ոսկեպարի ուղղությամբ ադրբեջանական զինուժի արձակած կրակոցներից հրազենային վիրավորում ստացած խաղաղ բնակիչներ չկան, բայց կա  հարց՝  ինչո՞ւ է ակտիվացել հակառակորդը՝ երկու տարվա  համեմատական  դադարից հետո։

Այսօր առավոտյան հակառակորդը շարունակել է կրակել հայ-ադրբեջանական պետական սահմանի Ոսկեպարի հատվածի ուղղությամբ։ Գյուղապետ Սերոբ Մախսուդյանը «Ռադիոլուրին» տեղեկացրեց, որ  կրակահերթեր արձակվել են, բայց գյուղն ուղիղ նշանառության տակ չի եղել։ Մախսուդյանը որոշ մանրամասներ ներկայացրեց նաեւ մարտի 8–ին՝ ժամը 15–ի սահմաններում ադրբեջանական զինուժի կողմից իրականացրած գործողություններից։

«Վնասվել է մի քանի առանձնատան պատ, տանիք։ Բակում կայանված մեքենա է վնասվել։ Բարեբախտաբար մարդկային վիրավորում չունենք։ Վերջին շրջանում գյուղին ուղղված կրակոց ներ կրկին արձանագրել ենք մարտի մեկին»։

Հակառակորդի կրակոցից նախօրեին արձակված փամփուշտը վնասել է Ոսկեպարի բնակիչ Թաթուլ Սիրադեղյանի ավտոմեքենան և տունը։  Վնասվել է նաեւ հարեւանի տունը։ Ադրբեջանի զինուժի կրակահերթերից  վնասված բնակելի տները տեղանքի առումով հայ–ադրբեջանական սահմանին շատ մոտ են։ Թաթուլի նկարագրությամբ՝ հակառակորդը մեծ տրամաչափի զենք է օգտագործել, և  կորուստը կարող էր ոչ թե նյութական, այլ ՝ մարդկային լինել։

 «ԲՇԿ զենքով են կրակել, 12-13 մմ տրամաչափի փամփուշտով։ Ավելի մեծ վնաս կարող էր տալ։ Մի փամփուշտ կպել է խոհանոցի պատին եւ ընկել բակում։ Մի փամփուշտ էլ վնասել է ավտոմեքենայի բեռնախցիկը։ Մեր հարեւանի տունը նույնպես տուժել է հակառակորդի դիրքերից արձակված կրակոցից։ Մեր թաղամասը գտնվում է դիքերից շատ մոտ՝ մոտ 2 կմ է հեռավորությունը»։

Գյուղապետը դեռ հաշվարկներ չունի, թե գյուղացիները  գույքային ինչ վնաս են կրել, ասում է՝ հիմա  գույքագրում են իրականացնում։ Բայց ոչ այդ վնասը, ոչ էլ  վերջին շրջանում հաճախակի դարձած կրակոցները ոսկեպարցիների  առօրյան չեն փոխել։ Գյուղի բնակիչները նույն ռիթմով շարունակում են իրենց աշխատանքը, երեխաները դպրոց են գնում, Ոսկեպարում կյանքը շարունակվում է՝ հանգիստ ասում է Սերոբ Մախսուդյանը։ Ի՞սկ ինչու է ակտիվացել հակառակորդը։ Ոսկեպարցի Թաթուլը ամփոփում  է վերջին երկու տարվա վիճակագրությունը։

«Վերջին երկու տարվա ընթացքում կրակոցների հաճախականությունը նվազել էր։ Մեզ համար սովորական է դարձել այս ամենը՝ ոչ զարմանում ենք, ոչ անհանգստանում»։

Հարևան  Այգեհովիտ գյուղի բնակիչները նույնպես հաստատում են, որ շուրջ երկու տարի այսպիսի  նշանառության տակ  չեն եղել։ Գյուղաշախատանքների տղամարդիկ մենակ են գնում։

«Նրանք մեզ ճանաչում են, ցանքատարածություններ գյուղմեքենաներ չեն մտնում։ Ընտանիքի անդամներով  չենք գնում, գնում ենք մենակ՝ գերանդին, սրսկիչը ուսերիս»։

Ռազմական և տարածաշրջանային վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը կարծում է, որ Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի և գյուղերի ուղղությամբ կրակելն ունի հատուկ նպատակ՝ հայկական կողմին ներքաշել ռազմական   գործողությունների մեջ։

«Սա առաջին հերթին առաջնագծում լարվածություն մտցնելու  փորձ է, երկրորդ՝ ստուգողական գործողություններ են` հասկանալու, թե ինչպիսի վիճակում է հայկական պետական սահմանը։  Այլ հարց է հետախուզական ինֆորմացիայի իրացումը եւ վերլուծումը, մեկ այլ հարց է բուն գործողությունների ընթացքում հասկանալը, թե ինչպիսի պաշտպանական վիճակում է գտնվում տվյալ հատվածը։ Սադրանք է, որին պատասխանելու ենք, իսկ հակառակորդը, կրկնում եմ, այս կերպ փորձում է հասկանալ մեր պաշտպանվածության վիճակը»։

Հայաստանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ օրերս ադրբեջանական զինուժը  դիվերսիոն ներթափանցման փորձ էր ձեռնարկել, և  կորուստներով ու ռազմամթերք թողնելով ՝ հեռացել էր։

Կարդացեք նաև

Back to top button