
Գյումրիում երիտասարդ կնոջ սպանության և նրա 12 ամյա աղջկան ծեծի ենթարկելու դեպքը ցնցեց հասարակությունը։ Մինչ բժիշկները Գյումրիում, հետո նաև Երևանում պայքարում էին երեխայի կյանքի համար, պատգամավորները հայտարարություններ էին անում, հոգաբարձուներն աղջնակի համար խնամակալներ էին փնտրում, որ եթե երեխայի բախտը բերի և կյանքին այլևս վտանգ չսպառնա, գոնե մեկը հոգ տանի նրա մասին։ Հարազատները հրաժարվել էին։
Բայց մի՞թե խնդրելն ու աղաչելն է ելքը, որ առանց այն էլ և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես դաժան ծեծի ենթարկված երեխային գոնե մեկը տիրություն անի։
Թեմայի շուրջ այսօր լրագրողների «Ասպարեզ» ակումբում «Արևամանուկ» հիմնադրամի մասնագետներն էին քննարկում կազմակերպել։ Տնօրեն Արմինե Գմյուռ-Կարապետյանն ասում է․ «Տասն օրը մեկ նման դեպքի ենք հանդիպում, միթե մահվան ելքով պիտի միջադեպն ավարտվի, որ պատկան մարմինները սթափվեն, ընտանիքի մասին օրենքում փոփոխություններ մտցնեն, գործի պարտադիր հաղորդման համակարգը»։ Իսկ հասարակության վերաբերմունքն ուղղակի անտանելի է, ոչ թե դեպքն են դատապարտում, այլ այրի կնոջ կյանքում տղամարդու հայտնվելու փաստը»։
«Անընդհատ մահ է լինում, ու էլի մենք սկսում ենք վերադառնալ այդ ակունքներին, թե ինչու էր այդ տղամարդը հայտնվել նրա կյանքում։ Ինքը սպանված է, հասարակությունն այսօր այս կնոջը երկրորդ անգամ սպանեց և հասարակությունը բարոյապես ոչնչացնում է բալիկին։ Եվ այդ կեղծ մարդասիրությունը․․․»:
Բանախոսներն ասուլիսից հետո դեռ «Արևամանուկ» չէին հասել, իսկ լրագրողներն էլ շտապում էին ռեպորտաժ պատրաստել, երբ ընտանեկան բռնության հաջորդ ահազանգը ստացվեց Գյումրիի Տոլստոյի 47 հասցեից։ Սկեսուրը ծեծել էր հարսին, հետո վատացել, շտապօգնությունը, ոստիկանությունը, ընտանիքի հարցերով զբաղվող համապատասխան մարմինները եկել էին խնդրին լուծում տալու։ Փողոցում հետաքրքիր պատկեր էր, մի ծայրում ընտանիք էր քանդվում վեճերով ու ծեծկռտուքով, մյուս ծայրում դհոլ զուռնայով նոր ընտանիք էին ստեղծում։ Աշխատակցուհին՝ Աննա Թումանյանը, ծեծվող հարսին հեռու էր տարել, աշխատակիցը՝ Սիրակ Եղիազարյանը, թեժ վեճի ընթացքում անզգուշությունից պատերին ծեփվող մեկուկես տարեկան երեխայի համար էր մտահոգվում։
«Էն պահին, երբ որ Ծովինարը համբուրում էր իր երեխային, լեզվակռվի արդյունքում սկեսուրը հարձակվեց վրան և սկսեց խփել»։
«Տեղում հաղորդում ներկայացրինք ոստիկանությանը, որ եղել է բռնություն երեխայի նկատմամբ, ու ոստիկանությունը մատը մատին չտվեց, որ երեխային այդ բռնարար միջավայրից դուրս հանի, մեկնաբանելով, որ օրենքը թույլ չի տալիս»։
«Արևամանուկ» հիմնադրամն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և կանանց աջակցման կենտրոնի հետ տարեսկզբից աջակցություն են ցուցաբերում ընտանեկան բռնության ենթարկվածներին։ 3 ամսում 14 դեպք են գրանցել, վիճակը շտկելու բանաձև են մշակում։




