ԿարևորՀասարակություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գերագույն հոգևոր խորհուրդն ավարտեց իր աշխատանքը

Մարտի 3-ից 6-ը նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ատենապետությամբ Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով:

Քառօրյա ժողովի նիստերը վարեցին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Ժողովի տարբեր նիստերին հրավիրված էին մասնակցելու Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանը և ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Ժողովին ներկա էր նաև ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանը:

Գերագույն հոգևոր խորհրդին Կ. Պոլսի Հայոց Պատրիարքության վերջին զարգացումների, առկա մարտահրավերների մասին տեղեկություններ փոխանցեց Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը: ԳՀԽ անդամները Սահակ Բ Պատրիարքին հղեցին իրենց շնորհավորանքներն ընտրության կապակցությամբ և մաղթեցին քաջառողջ ու արդյունավետ երկար գահակալություն:

Ժողովին անդրադարձ կատարվեց Մայր Տաճարի հիմնանորոգության և ամրակայման ընթացքին: Կատարված աշխատանքների շուրջ անհրաժեշտ լուսաբանություններ տվեցին Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և վերականգնման նախագծի գլխավոր ճարտարապետ Ամիրան Բադիշյանը: ԳՀԽ անդամները ծանոթացան տաճարի վերականգնման ժամանակ ի հայտ եկած խնդիրներին, որոնք կարոտ են նոր ուսումնասիրությունների և լրացուցիչ աշխատանքների կատարման: Տեղեկացվեց, որ, նկատի ունենալով վերականգնման և բարեկարգման աշխատանքների ընդհանուր ծավալը և առաջացած նոր խնդիրները, Մայր Տաճարի հիմնանորոգության աշխատանքները հնարավոր կլինի ավարտին հասցնել 2021 թվականին:

Գերագույն հոգևոր խորհուրդը լսեց նաև Մայր Տաճարի հիմնանորոգման համար հայտարարված համահայկական հանգանակության, անհրաժեշտ միջոցների հավաքագրման ընթացքի և այդ նպատակով կազմակերպված այցելությունների մասին հանգանակության կազմակերպման աշխատանքային հանձնախմբի ատենապետ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի զեկույցը:
Ժողովականները գնահատանքով ողջունեցին Միածնաէջ տաճարի հիմնանորոգության և պահպանության, ինչպես նաև համազգային հանգանակության կազմակերպմանն ուղղված բոլոր պատասխանատուների ջանքերը:

Ժողովի օրակարգում կարևոր տեղ էին գրավում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվելիք Ազգային-եկեղեցական ժողովի (ԱԵԺ) կազմակերպական աշխատանքներին վերաբերող հարցերը:
Ազգային-եկեղեցական ժողովի կազմակերպման ընթացքի մասին զեկույց ներկայացրեց ԱԵԺ կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Ժողովականները լսեցին նաև ԱԵԺ օրակարգային նյութերի նախապատրաստման նպատակով ստեղծված յոթը հանձնախմբերի զեկույցները:

Գերագույն հոգևոր խորհուրդը, մանրակրկիտ քննարկելով ներկայացված փաստաթղթերը, գնահատանքով ողջունեց կատարված հսկայածավալ աշխատանքը, որը մեծապես ծառայելու է Հայոց Եկեղեցու առաքելության արդյունավորմանը: Անհրաժեշտ թելադրություններից հետո ժողովականները հանձնարարեցին շարունակել փաստաթղթերի հետագա լրամշակումը: Այս գործընթացում Գերագույն հոգևոր խորհուրդը կարևոր նկատեց հանձնախմբերի կողմից մշակված փաստաթղթերի շուրջ մասնագիտական և հանրային լրացուցիչ քննարկումների կազմակերպումը մասնակցությամբ ԱԵԺ հանձնախմբերի ներկայացուցիչների մասնակցությամբ Հայաստանում և սփյուռքի տարբեր թեմերում ու համայնքներում:

Հիշյալ փաստաթղթերի լրամշակման անհրաժեշտությունից ելնելով, նաև նկատի առնելով, որ Մայր Տաճարի շին. աշխատանքներն ավարտվելու են 2021 թվականին` Գերագույն հոգևոր խորհուրդը որոշեց հետաձգել Ազգային-եկեղեցական ժողովի գումարումը:

Բուլղարիայի Հայոց թեմում տիրող կացության առնչությամբ զեկույց ներկայացրեց Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը: Խնդրի քննարկման և հանգուցալուծման նպատակով Գերագույն հոգևոր խորհուրդը որոշեց հատուկ պատվիրակություն առաքել Բուլղարիա՝ անհրաժեշտ հանդիպումներ ունենալու եկեղեցական, պետական և համայնքային պատկան կառույցների հետ։

Ժողովին նաև քննության առնվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2019 թվականի գործունեության տեղեկագիրը: Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը ներկայացրեց հոգևոր-վարչական գործունեության զեկույցը: Լսվեցին ֆինանսական հաշվետվությունը և վերստուգիչ հանձնախմբի տարեկան հաշվետվությունը:

https://www.facebook.com/holyetchmiadzin/posts/10157052947321408

Կարդացեք նաև

Back to top button