
Փորձ է արվում դպրոցներում վերականգնել նախկինում ճանապարհային երթևեկության կանոնների ուսուցման պրակտիկան․ թեմային նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին հայտարարել է Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը։ Արդեն մշակվել և հավանության են արժանացել կրթական թեմաները, առաջիկա ամիսներին նախատեսվում է ուսուցիչների վերապատրաստում։
Տարեցտարի հանրապետությունում ավելանում է տրանսպորտային միջոցների քանակը, դրան զուգահեռ՝ ճանապարհների երթևեկության լարվածությունը։ Սա էլ մեծացնում է ճանապարհային երթևեկության կանոններին ավելի խստորեն հետևելու պահանջը:
Ըստ վիճակագրության՝ երեխաների, մասնավորապես, դպրոցահասակ երեխաների մասնակցությամբ տեղի ունեցող ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը վերջին տարիներին աճել է, ինչը, ըստ պատասխանատուների, հիմնականում ճանապարհային երթևեկության կանոնների չիմացության կամ դրանց կարևորությունը չգիտակցելու հետևանք է:
ԿԳ նախարարի հրամանով ճանապարհային երթևեկության կանոնների դասավանդումը տարրական դպրոցում արդեն մի քանի տարի է իրողություն է, և որպես երաշխավորված ուսումնական նյութ կամընտրական սկզբունքով դասավանդվում է Հայաստանի ուսումնական հաստատություններում, «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Տիգրան Գալստյանը։
ՃՈ կանոնների դասավանդումը դպրոցներում կարևորում են հատկապես ՃՈ-ում։ Պետի տեղակալ Արման Չիլինգարյանը, անդրադառնալով ուսումնական ծրագրին, նշում է, որ այն մշտապես իրենց քննարկման կենտրոնում է, մշակվել են կրթական գործընթացի թեմաները, հավանության են արժանացել, առաջիկա ամիսներին նախատեսվում է ուսուցիչների վերապատրաստում։
Անվտանգ երթևեկության կանոնների դասավանդման պահանջարկն ու կարևորությունը միշտ էլ ընդգծվել է հանրակրթությունում, բայց այն պարտադիր առարկա դարձնելու քննարկումներ դեռևս չկան, նկատեց Տիգրան Գալստյանը։ Թեև չի բացառում, որ այդ օրն էլ գա։
«Այժմ մենք հանրակրթության չափորոշիչներն ենք փոխում, և մասնագիտական խմբեր կան, որոնք աշխատում են։ Երբ նախագծային տեսքով դրանք հրապարակվեն, ըստ անհրաժեշտության հնարավոր է նաև քննարկել ճանապարհային անվտանգության կանոնների ուսուցմանը վերաբերող որոշակի բաղադրիչներ, որոնք հետագայում հնարավոր է տեղ գտնեն ուսումնական նյութերում»։
Գերատեսչությունում կարծում են, որ ՃՈ կանոնները դպրոցում պետք է դասավանդեն դասվարները, բայց ՃՈ աշխատակիցների մասնակցությունը դասապրոցեսին պարտադիր է։ Այն միջնակարգ դպրոցներում, որոնցում ավագ դասարաններում ուսուցանվում է ավտոգործը, աշակերտների միջավայրում անվտանգ երթևեկության արտադասարանական աշխատանքի կազմակերպման համար նպատակահարմար է օգտվել ուսուցիչների և ավտոգործի ուսուցիչների խորհուրդներից:
Նաև կարծում են, որ I-IV դասարաններում աշակերտների հետ տարվող պարապմունքները նպատակահարմար է անցկացնել դասասենյակներում կամ հատուկ հրապարակում (դպրոցի բակում, ֆիզկուլտուրայի դահլիճում)` օգտագործելով ուսումնազննական պարագաներ, սարքավորումներ և մանկական տրանսպորտային միջոցներ:
Հրապարակը պետք է կահավորել խաչմերուկների, հետիոտնային անցումների գծանշումներով, ժամանակավոր կամ հիմնական լուսացույցներով, ճանապարհային նշաններով և այլ սարքավորումներով: Խորհուրդ է տրվում գործնական պարապմունքներ անցկացնել փողոցում, խաչմերուկում, հրապարակում, ցույց տալ հետիոտների և տրանսպորտային միջոցների երթևեկությունը, երթևեկության կարգավորման տեխնիկական միջոցները:




