ԿարևորՀասարակություն

Մենաստաններ․ ժողովրդագրական սպառնալի՞ք, թե՞ ոչ

Հայոց Պապ թագավորի 370 թվականին սահմանած արգելքից հետո 2017-ին Հայաստանում բացվեց կանանց առաջին մենաստանը։ Արագածոտնի մարզի Հազարավան համայնքի հարևանությամբ գտնվող մենաստանում այսօր տասը միանձնուհի է ապրում՝ իրենց օրը լցնելով աղոթքով, գյուղատնտեսական աշխատանքով ու բարեխնամությամբ։

Արդյո՞ք մենաստանների նոր մշակույթը զարգացման միտում ունի Հայաստանում, կա ՞ նոր մենաստանների պահանջարկ, և, ի վերջո, արդյո՞ք մենաստանների գոյությունը կարող է դիտարկվել որպես վտանգ մեր՝ առանց այդ էլ ոչ այնքան  հուսադրող պատկեր ունեցող ժողովրդագրության տեսանկյունից։

Շուրջ 1500 տարվա  ընդմիջումից հետո 2017 թվականին Հայաստանում բացվեց կանանց առաջին մենաստանը։ Արագածոտնի մարզի Հազարավան համայնքի մոտակայքում գտնվող  մենաստանում ապաստանած 10-ը միանձնուհիներին օրերս ընդունել էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։

«Եթե առաջինը հաջողի, կլինեն նաև այլ մենաստաններ, այդ թվում` նաև արական»,- ասել էր Վեհափառ հայրապետը։ Կա՞ արդյոք Հայաստանում նոր մենաստանների պահանջ, արդյոք մեր իրականության մեջ մե՛ծ է միանձնությունը նախընտրող, աշխարհիկ կյանքից հեռանալու ցանկություն ունեցողների  թիվը։  Հարցով դիմում ենք Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին։

«Բնական է, որ մարդիկ ձգտում են հոգևոր առանձնացման, շատերը կան, որ դիմում են, սակայն  մի բան է  մենաստանում մի քանի օր  մնալը, հոգևոր խոկում ստանալը, մի ուրիշ  բան է մշտապես ապրելը։ Այս պահին չեմ կարող ասել՝ պահանջը մեծ է, թե փոքր, բայց պահանջ միշտ կա»։

Ի՛նչն է մղում կնոջը  ընտրելու   միանձնուհու կյանքը․  «Շողակաթ»  հեռուստաընկերության ներկայացրած տեսանյությում  քույր Տաթև Դանիելյանը խոստովանում է ՝ նախ և առաջ ինքնաճանաչումը,   կյանքը վերարժևորելու, Աստծուն ավելի մոտ լինելու ցանկությունը։

301 թվականին քրիստոնեության ընդունումից հետո Հայաստանում մշապես գործել են մենաստաններ, սակայն 370 թվականին  Պապ թագավորն արգելեց մենաստանների գործունեությունն ու միանձնուհիներին ամուսնանալու իրավունք տվեց՝ հիմնավորելով դա նրանով, որ պատերազմների պատճառով բնակչության թիվն ու ծնունդների քանակը նվազել է։  Մենաստանների գոյությունն արգելված էր նաև խորհրդային տարիներին, ծննդատների պատերին անգամ պաստառներ էին  փակցնում՝ «Կնոջ բնական վիճակը հղի լինելն է» գրությամբ։ Մենաստաններ ունենալու արգելքը վերացավ 2000 թվականին, բայց արդյո՞ք վերացավ  մեր ժողովրդագրական խնդիրը։ Այդ առումով Հայաստանում  որքանով է խնդրահարույց մենաստանների գոյության փաստը։  Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանն այստեղ  լուրջ վտանգ  չի տեսնում։

«Դրանք վերարտադրական գործընթացների վրա էական ազդեցություն չունեցող երևույթներ են, քանի որ զանգվածային բնույթ չեն կրում, բայց եթե մասսայական դառնան, ազդեցությունը կլինի ոչ այնքան դրական։ Կարծում  եմ, դա կարող է վերաբերել առավելագույնը 100 մարդու»։

Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի դիտարկմամբ` մեր երկրի ժողովրդագրական պատկերի վրա  այսօր բացասական շատ ավելի  մեծ ազդեցություն ունեն կենսակերպի փոփոխությունները, սոցիալ-տնտեսական գործոնները, քան հոգևոր-մշակութային առանձնահատկությունները։  Դիտարկմանը, թե սոցիալապես ապահովված ընտանիքներում այսօր շատ ավելի քիչ թվով են երեխաներ ունենում, քան կարիքավոր ընտանիքներում, ժողովրդագիրը  հակադարձում է․

«Յուրաքանչյուր մարդ ունի ինչ-որ պահանջմունքներ, միաժամանակ՝ ունի հնարավորությունները սահմանափակող գործոններ։  Պահանջմունքների թվում կրթությունն է, աշխատանքը, աշխարհը տեսնելու,  սեփական անձի համար ապրելու ցանկությունը, ընտանիք կազմելու, երեխա ունենալու պահանջմունքը»։

Հնարավորություններն ու պահանջմունքները միմյանց կողքի դնելով, պարզվում է, որ վերջինները հայտնվում են ամենավերջին հորիզոնականներում, բացառությունները չնչին են։ «Դեռ սովորեմ, ավարտեմ, աշխատեմ, կարիերա անեմ, հետո միայն ընտանիք կկազմեմ ու երեխա կունենամ։ Սա է իրականությունը»,- ասում է ժողովրդագիրը։ Նաև  ընդգծում է՝ որքան մեծանում  են հնարավորությունները, այնքան ավելանում են պահանջմունքները, որոնց թվում, ինչպես արդեն պարզեցինք, երեխաները վերջին հորիզոնականներում են։  Մեկ-երկու երեխայով սահմանափակվելու միտումն էլ  հոգեբանական պատճառներ ունի, որը, ըստ Եգանյանի, հատուկ է հատկապես հայերիս, այն է․

«Երեխայի համար ապահովել  առավելագույնը։ Մտածում են՝ առաջինին, երկրորդին կհասցնեմ, երրորդին՝ արդեն ոչ»։

Ռուբեն Եգանյանի խոսքով՝ հենց նման հոգեբանությունն ու երևույթներն են կանխորոշում ժողովրդագրական այն պատկերը, որն այսօր ունենք Հայաստանում։

Կարդացեք նաև

Back to top button