ԿարևորՀասարակություն

Հայաստան տեղափոխվելը՝ առանց մաքսատուրքի

Արտերկրից Հայաստան տեղափոխվել ցանկացող մեր հայրենակիցներն  իրենց անձնական գույքը հնարավորություն ունեն հայրենիք տեղափոխել հեշտացված ընթացակարգով,  առանց մաքսատուրքերի՝ բացառությամբ ավտոմեքենաների։

Կառավարությունը հավանություն է տվել ԱԺ «Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի օրենսդրական առաջարկին։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը գոհ է փոփոխություններից, սակայն, կարծում է, որ  «մեկ անձ–մեկ ավտոմեքենա» սահմանափակումը խիստ է։ Նրա կարծիքը չի կիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ջոզեֆ  Ջուրյանը 2019–ի օգոստոսին  ԱՄԷ–ից  Երևան է տեղափոխվել մշտական բնակության։ «Ռադիոլուր»–ի մասնագիտությամբ ատամնաբույժ  զրուցակիցն ընդգծում է՝  ցանկանում էին հայրենիքում ապրել ու աշխատել։ Երևանում է ընտանիքով՝ կնոջ ու երկու երեխաների հետ։ Պարոն  Ջոզեֆը  անձնական օգտագործման իրերը  նույնպես Երևան է բերել։  Նշում է՝  մաքսատուրք չեն վճարել իրերի համար, սակայն, դժվարությամբ են  դրանք տուն հասցրել։

«Անձնական իրերը պահեստեն մինչև կարողացանք դուրս հանել, մեկ ամիս անցավ։ Նորագավիթում էին»։

Զրուցակիցս ասում է՝ խնդիրները հատկապես մեքենաների հետ  էին կապած՝ քաշքշուկներ, թղթաբանություն․

«Ես իմ ավտոները փոխադրեր եմ։ Օրենքը կըսե, որ ավտոն պետք է  6 ամիս գրանցված ըլլա քո անունից, քու եկած երկրեն, որ իրավունք ունենաս բերել առանց մաքսատուրքի»։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը  հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ․ կառավարությանն առաջարկում է   արտերկրում բնակվող և Հայաստան մշտական բնակության նպատակով տեղափոխվող քաղաքացիներին հնարավորություն  տալ անձնական գույքը հայրենիք բերել՝  առանց մաքսատուրքեր վճարելու։  Նախագիծը հաստատվեց այսօր՝ կառավարության նիստում։  ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հստակեցրեց՝   մեր հայրենակիցները   առանց մաքսային վճարումների ավելի մեծ շատ գույք կարող են բերել   Հայաստան, քան թույլ են տալիս այսօր գործող կարգավորումները։

 «Մենք ավելի լայն  սահմանում ենք տվել անձնական օգտագործման ապրանքներ   հասկացությանը, որպեսզի հնարավոր լինի  անձնական օգտագործման ապրանքները, որոնց  խմբաքանակները սահմանված են ՀՀ կառավարության որոշմամբ, այդ շրջանակներում ազատել մաքսատուրքերից»։

Գործող օրենսդրությամբ  անձը վերջին 5 տարվա ընթացքում յուրաքանչյուր տարի 180 և ավելի օր պետք է Հայաստանից  բացակայած լինի, որպեսզի օգտվի  առանց մաքսատուրքերի գույքը  տեղափոխելու արտոնությունից։ 

«Մենք առաջարկում ենք փոխել 5 տարվա նորմը․   եթե անձը 1825 օրվա ընթացքում 915 օր չի եղել ՀՀ-ում, կարող է օգտվել արտոնությունից։ Այսինքն՝ պահպանում ենք 5 տարին, այդ ընթացքում եթե քաղաքացին 915 օր չի եղել Հայաստանում, ապա օրենքը իր համար էլ կգործի։ Ընդ որում՝ այդ  915 օրերը կարող են լինել նաև ոչ հաջորդական»։

Քաղաքացին իր հետ Հայաստան կարող է բերել կենցաղային և անձնական օգտագործման սարքեր՝ յուրաքանչյուր տեսակից  3 հատ, օրինակ՝ 3 հեռուստացույց, 3 սառնարան. «Բայց, եթե ընտանիքի 3 անդամները գալիս են Հայաստան, և 3-ն էլ ստացել են կարգավիճակ, ապա կարող են բերել, օրինակ, 9 հեռուստացույց։ Իսկ ավտոմեքենայի դեպքում, յուրաքանչյուր անձ կարող է բերել ընդամենը 1 մեքենա։ Քաղաքացին կարող է  մեքենան բերել Հայաստան, եթե գալուց առնվազն 6 ամիս առաջ այն եղել է իր սեփականությունը»։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը  կարծում է, որ «մեկ անձ –մեկ ավտոմեքենա» սահմանափակումը խիստ է։

«Ամենախիստը մեկ մեքենա մեկ շնչին սահմանափակումն է։ Նպատակն այն է, որ որևէ մեկը  խարդախություն չանի։ Բայց  արևտմյան սփյուռքում մեկ, երկու, երեք մեքենա ունեն, կամ դասական մեքենաների հավաքածու»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կիսում Սինանյանի կարծիքը։
«Պետք է կարգավորումը տրամաբանական լինի։ Ընտանիքը ունի հինգ անդամ, ասում ենք, թող հինգ մեքենա բերեն։ Իսկ եթե այսքան հարուստ են, թող մաքսատուրք վճարեն։  Մարդը կարող է ասել, որ ունեմ 25 կամ 30 մեքենա, սովորություն ունեմ՝ամսի մեկին մի մեքենան քշել, մյուս օրը՝ մյուսը․․․ Չեղավ չէ այդպես»։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խոսքով՝ Հայաստան մշտական բնակության տեղափոխվող մեր հայրենակիցները կարող են  ՀՀ քաղաքացիություն չունենալ։  Հայաստան հասնելուն պես պետք է դիմել  ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն  ինչ-որ կարգավիճակ ստանալու համար։  Եթե  այդ կարգավիճակը ստանալու պահին նախորդող 5 տարվա ընթացքում քաղաքացին 915 օր բացակայել է Հայաստանից, ապա կօգտվի մաքսային արտոնությունից։ Այդ պահից սկսած քաղաքացին 18 ամիս ժամանակ ունի իր անձնական գույքը տեղափոխելու և արտոնությունից օգտվելու համար։ 

Կարդացեք նաև

Back to top button