
Մարտի 25-ին լրանում է կարկտահարության և հրդեհի դեմ գյուղապահովագրության ժամկետը: Նրանք ովքեր ծանոթ էին պայմաններին և հնարավորություն են ունեցել, արդեն ապահովագրել են այգիները ցրտահարության և կարկտահարության դեմ՝ ընտրելով ամենաբարձր ծածկույթը: Սակայն շատերը դեռ երկմտում են և չունեն վստահություն վնասի գնահատման, հաշվարկի և վճարման հարցում:
Անցած տարի Արմավիրի մարզի գյուղատնտեսության համախառն ներքին արդյունքը 179 մլրդ դրամ է կազմել, որը հանրապետության գյուղատնտեսության ՀՆԱ-ի 21 տոկոսն էր: Արմավիրի մարզը գյուղատնտեսական արտադրանքի մասով առաջնային դիրքերում է: Այս կարծիքին է Արմավիրի մարզպետարանի բնապահպանության և գյուղատնտեսության վարչության պետ Արթուր Այվազյանը: Սա այն դեպքում, երբ գյուղատնտեսությունը առանձնապես վնաս չէր կրել բնության տարերքից, սակայն յուրաքանչյուր տարի կարկուտը որոշակի վնաս հասցնում է.

«Միջին հաշվարկով յուրաքանչյուր տարի բնածին աղետներից մարզի գյուղատնտեսությանը հասցված վնասը 4 մլրդ դրամից 6 մլրդ դրամ է կազմում: Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2013թ մայիսի 12-ի կարկտահրության դեպքում, երբ վնասի չափը 25 մլրդ դրամ էր կազմել»
Անցած տարվա աշնանը գործածության մեջ դրվեց գյուղատնտեսական ապահովագրությունը՝ ուղղված ցրտահարության, կարկտահարության ու հրդեհի դեմ: Գործարքներն իրականացնում են ապահովագրական 3 ընկերություն, սակայն գյուղացիները դեռ վստահաբար չեն մոտենում խնդրին և քիչ են դիմում:

«Իմ կարծիքով մոտ 56-60 տոկոսը չեն ապահովագրում ֆինանսական միջոցների բացակայության պատճառով և 20 տոկոսն էլ դեռևս հավատ չունի ծրագրի նկատմամբ»,-ասում է Արթուր Այվազյանը:
Գյուղատնտեսության մեջ ներդրվող ապահովագրական ծրագրի մասին գյուղացիները լսել են, բայց պայմաններին ծանոթ չեն, սպասում են այս տարվա ապահովագրական արդյունքներին, թե ինչպես են վնասը գնահատելու, հաշվարկելու և վճարելու: Ասատուր Այվազյանի 1 հա ծիրանի այգին 20 տարեկան է, 8000քմ-ն է՝լ նորատունկ: Մտադրություն չունի ապահովագրելու չափահաս այգին:
«Ասենք ցուրտը խփեց՝ 70 տոկոսով բերքը փչացավ, 30 տոկոսը մնաց, ԱՊՊԱ-ն կվճարի՞: Կարկուտն էլ, որ խփում է, 50 տոկոսով է խփում, ծառի մի դոշը վնասում է, մյուսը՝ չէ, ըտեղ էլ չի վճարելու: Ընենց բաներ ա գրած, որ ոնց էլ լինի գյուղացուն օգուտ չկա»:
Ասատուրն ապահովագրական գործակալություն չէր դիմել, տեղեկությունները ստացել էր հեռուստատեսությունից: Նա ասում է, որ այս շրջանում գյուղացու ձեռքին փող չկա, եղած գումարն էլ ներդրնում են հողի վրա:

Գյուղապահովագրության վստահության խնդիր չկա, քանի որ պետությունն է գյուղացու փոխարեն հանձն առել վճարելու ապահովագրության մի մասը, ասում է գյուղապահովագրողների ազգային գործակալության տնօրենի տեղակալ Նարեկ Հովակիմյանը.
«Կոնկրետ էս մարզում, եթե մեկը ծիրանի այգի ունի և կարկտահարվի, եթե ինքը ապահովագրություն չունենա, ինքը պետությունից ոչ մի տեսակի փոխհատուցում չի ստանա, որովհետև Գերմանիայի զարգացման KFW բանկը 5 մլն եվրո ներդրել է սուբսիդավորման մեջ: Իր պայմանագրային արժեքի 50-60 տոկոսը, այ էդ իր չհավատալու համար, պետությունը վերցրել է իր վրա»:
Խոշոր այգետերերն արդեն գնել են ապահովագրության բոլոր հասանելի վաճառքի պայմանագրերը, քանի որ ծանոթացել են պայմաններին: Նորավան համայնքի ղեկավար Արթուր Միքայելյանն արդեն ապահովագրել է 22 հա խաղողի այգի, իսկ խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանն էլ ապահովագրել է ծիրանի այգիները, պատրաստվում է մինչև մարտի 25-ը ապահովագրել խաղողինը, միաժամանակ հորդորում է շրջապատին՝ այգիներն ապահովագրել կարկտահարության և հրդեհի դեմ:

Զրուցակիցներս ապահովագրական 5 ծածկույթից ընտրել էին ամենաբարձրը: Արմավիր քաղաքում գործող ՍԻԼ Ինշուրանս ապահովագրական գործակալությունից տեղեկացրին, որ իրենց գրեթե չեն դիմում գյուղատնտեսությունն ապահովագրելու նպատակով, իսկ Ռոսգոսստրախ ապահովագրական ընկերության մարզային պատասխանատու Վարդան Ազիզյանը հակառակը նշեց՝ շատերն են դիմում.

«Մոտավորապես 50 պայմանագիր ունենք կնքված: Պայմանագրերը սկսել են կնքել մոտ 1-1.5 ամիս առաջ, իսկ թե ինչ ծածկույթով և ինչ պայմանագրեր են կնքվել՝ գաղտնիք է, չեմ կարող ասել»:
Լուկաշինում գյուղացիները շահագրգռված են եղել այգիների ապագովագրության հարցում, քանի որ նախորդ տարիներին տուժել էին: Համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյան. «Ծիրանի այգիներն արդեն ապահովագրել են, մարդ կա, որ երկուսը մեկտեղ է արել և՛ ցրտահարություն, և՛ կարկտահարություն, քանի որ այդ դեպքում 10 տոկոս զեղչվել է: 2019թ մեր համայնքը շատ տուժեց կարկուտից, մոտ 270 հա տարածք 100 տոկոսով վնասվեց: Պետության աջակցությունը տրվեց դեկտեմբերի 29-30-ին: Բայց հիմա պետությունը ավելի լայն հնարավորություն է տվել, քանի որ 50-60 տոկոսը ինքն է ներդրում անում»:
Գյուղատնտեսությունը չապահովագրողները ցրտահարության, կարկտահարության և հրդեհի դեպքում պետությունից որևէ աջակցություն չեն ստանա: Գյուղատնտեսությունն ապահովագրողների ազգային գործակալության տնօրենի տեղակալ Նարեկ Հովակիմյանը ասում է, որ վնասի դեպքում գնահատման համար օգտվել են համաշխարհային փորձից, որն արդեն փորձնական կիրառել են անցած տարի, և գյուղացին չի դժգոհել աշխատանքից: Ապահովագրողների թվի ավելացմամբ ծրագիրը կշարունակվի և կընդլայնի ապագհովագրության տեսակն ու կբարելավվի պայմանները: Խոչընդոտներ առաջանալու դեպքում գյուղացիները կարող են զանգել 011 226 224 հեռախոսահամարով:




