ԿարևորՏնտեսական

ՊԵԿ. Հայաստանում 10 ամսում 90 հազար նոր աշխատատեղ է գրանցվել

 2019 թվականի դեկտեմբերին Հայաստանում եղել է 629 հազար  աշխատող, արձանագրել է Պետական եկամուտների կոմիտեն։ Սա 2019–ի ապրիլի համեմատ մոտ 90 հազարով ավելի է։ Աճն ապահովվել են մանրածախ առևտրի, հանրային սննդի կազմակերպման, մեծածախ առևտրի ու սննդամթերքի արտադրության ոլորտները։

Տվյալներն այսօր լրագրողներին է փոխանցել ՊԵԿ–ի հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման ու հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը։  Նա նշել է, որ այս տարի միկրոձեռնարկատիրության համակարգում գործունեության հայտ է ներկայացրել 32 հազար սուբյեկտ։  Դրանցից 1150 ռիսկային են համարվել։

ՊԵԿ–ի հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման ու հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանին հայտնի չէ դեպք, երբ որևէ խոշոր հարկատու  բիզնեսը մասնատի ու հայտնվի միկրոձեռնարկատիրության դաշտում։ ՊԵԿ ներկայացուցիչը  գործնականում նման բան չի պատկերացնում

«Եթե օլիգարխ նկատի ունեք խոշոր հարկ վճարող, ես չեմ կարծում, որ ունեն մեկ մլրդ դրամ շրջանառություն, սակայն, բիզնեսը մասնատեն։ Իմ անձնական կարծիքն եմ ասում, կոնկրետ  միկրոձեռնարկատիրության շրջանակներում մասնատելու համար պատկերացնում եք քանի մասի պետք է մասնատվի։ Եթե նման դեպքեր լինեն` շատ արագ կբացահայտվեն»։

ՊԵԿ–ում միկրոձեռնարկատիրության  դաշտում գործունեություն ծավալելու 32 հազար հայտ են ստացել ու 1150- ում  ռիսկեր են արձանագրել․

«Օրենքով սահմանված շեմ է 24 մլն դրամը։ Եթե նախորդ տարի այդ շեմը գերազանցվում էր, չեն համարվում միկրոձեռնարկատեր։  Առանձին հարկ վճարողներ՝ գերազանցելով 24 մլն դրամի շեմը, դադարեցրել են գործունեությունը, բացել են նոր ԱՁ և  կազմակերպություն, իրենց  անվամբ հաշվառված ՀԴՄ–ն գրանցել են մեկ այլ կազմակերպության անվամբ։ Բնականաբար, նոր կազմակերպության շրջանառությունը զրո է, փորձում են գործել միկրոձեռնարկատիրության դաշտում՝ ըստ էության լինելով նույն սուբյեկտը»,- ասաց Թամազյանը։

 ՊԵԿ-ից, փետրվարի  20–ի տվյալներով, 200 հարկ վճարող ծանուցել են, որ չեն կարող միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվել։ 

ՊԵԿ- ը 1500 չգրանցված աշխատող է հայտնաբերել։ Կարեն Թամազյանն ասում է, որ  ստուգումներով են  հայտնաբերել։  2019 թվականի դեկտեմբերին Պետական եկամուտների կոմիտեում   արձանագրել են՝   Հայաստանում  629 հազար  աշխատող  կա` ապրիլի համեմատ աճը` 90 հազար է։

«Տեղի է ունեցել աշխատողների թվաքանակի էական աճ։ Հիմնական աճն ապահովել են մանրածախ եւ մեծածախ առևտրի, հանրային սննդի, սննդամթերքի արտադրության և ծառայությունների ոլորտները»։   

ՊԵԿ պաշտոնյայի փոխանցմամբ, Հայաստանում 2000- ից ավելի մարդ  2 մլն  դրամ  և ավելի  աշխատավարձ է ստանում։ 

« 2018թ ապրիլի դրությամբ 1616 անձ երկու մլն և ավելի դրամ եկամուտ է ստացել, 2019 թ դեկտեմբերին 4237։ Ապրիլի հետ համադրելով՝ 2100 անձ է ստացել 2 մլն դրամ և ավելի աշխատավարձ»,- նշեց ՊԵԿ–ի հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման ու հսկողության վարչության պետը։

Նրանց եկամուտները տարեսկզբից  ավելացել են, քանի որ Հայաստանում  ներդրվել է եկամտային հարկի միասնական դրույքաչափ։ Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը  եկամտային հարկի միասնական դրույքաչափի ներդրումն ավելի շատ  բիզնեսի զարգացմանն ուղղած քայլ է  համարում․

«Սա բիզնեսի զարգացմանը նպաստելուն ուղղված գործողություն է, նաև միջին խավի բարձր մասի օգտին ընդունած որոշում է։ Ամենամեծ զանգվածը, որ բարձր աշխատավարձ է ստանում,  ՏՏ ու բանկային ոլորտի աշխատողներն են։ Սրանով բևեռացումը կմեծանա։ Մենք ունենք Վրաստանի փորձը։ Մոտավորապես ունենք նույն  օրենսդրությունը, ինչ  ուներ Վրաստանը 15  տարի առաջ։  Նրանց մոտ սոցիալական բևեռացումը զգալիորեն աճել է։ Ռիսկեր կան, որ մեր մոտ էլ կաճի, քանի որ իսկապես աղքատների եկամուտները մի  փոքր  կնվազեն, իսկ   ունևորներինը՝ կաճեն։ Այստեղ հիմնականում սոցիալական ռիսկեր կան»,– ասաց տնտեսագետը։

Պաշտոնական վիճակագրության համաձայն,  2019 թվականի երրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2.1 տոկոսային կետով, իսկ զբաղվածության մակարդակն աճել է 2.5 տոկոսային կետով:  2018-ի ընթացքում կառավարությանը հաջողվել է 2.2 տոկոսային կետով նվազեցնել աղքատության մակարդակը` այն հասցնելով  23.5%-ի: Ծայրահեղ աղքատության մակարդակը նույն ժամանակահատվածում 1.2%-ից նվազել է մինչև 1%:

Կարդացեք նաև

Back to top button