ԿարևորՄիջազգային

«Լիմոնը դարձրեց լիմոնադ». Նեթանյահուն հինգերորդ անգամ կղեկավարի իսրայելական կառավարությունը

Իսրայելում մարտի 2- ին տեղի ունեցան վերջին մեկ տարվա ընթացքում  երրորդ արտահերթ խորհրդարանական ընտրությունները: 23-րդ գումարման Քնեսեթում մեծամասնության համար պայքարում գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաղթանակ է տոնում։ Նախնական տեղեկություների համաձայն՝  նրա ղեկավարած «Լիքուդ» կուսակցությունը ստանում է առնվազն 37 մանդատ, մինչդեռ նրա գլխավոր հակառակորդ Բենի Գանցի գլխավորությամբ կենտրոնամետ «Կախոլ–Լավան»  բլոկը՝  34–ից ոչ ավելի։ 

Հատված Ռադիոլուրի 18․00-ի թողարկումից

Էքզիթ–փոլի առաջին արդյունքների հրապաակումից հետո Նեթանյահուն Թվիթերում հրապարակել է իր լուսանկարը՝  համախոհներով շրջապատված։ Լուսանկարի տակ գրված է․ «Մեծ հաղթանակ Իսրայելի համար»։  Ավելի ուշ նա հայտնել է, որ պայմանավորվել է հանդիպում անցկացնել խորհրդարան անցած  կուսակցությունների առաջնորդների հետ՝ կայուն և ուժեղ կառավարությունը ձևավորելու նպատակով։

«Լիքուդը»  աջ ուժերի աջակցության կարիքն ունի՝ կոալիցիոն կառավարության ձևավորման համար անհրաժեշտ է 61 մանդատի շեմը հաղթահարել։

«Սա Լիքուդի գլխավորությամբ աջ ճամբարի մեծ հաղթանական է։ Մենք անցել են մի քանի բարդ ընտրական գործընթացների միջով, եկել է դրանք դադարեցնելու և կառավարություն ձևավորելու ժամանակը։  Մեր հակառակորդներն ասում էին, թե Նեթանյահուի դարաշրջանն ավարտվեց, բայց մենք միավորեցինք մեր ջանքերն  ու փոխեցինք իրավիճակը։ Մենք լիմոնը դարձրեցինք լիմոնադ»,- դիմելով իր համախոհներին՝ ասել է վարչապետը։ 

Ըստ օրենքի՝ ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո երկրի նախագահը պետք է որոշում կայացնի, թե որ խորհրդարանական ուժին է հանձնարարելու խորհրդարան ձևավորել:

Իսրայելում մարտի 2-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները բացառիկ են համարվում մի քանի պատճառով։

Սա արդեն երրորդ քվեարկությունն է Իսրայելում ընդամենը մեկ տարվա ընթացքում։ Նախորդ երկուսից հետո առաջատար կուսակցություններից որևէ մեկի ղեկավարին չի հաջողվել կառավարության ձևավորել։ Բացի այդ՝ 70–ամյա Նեթանյահուն ռեկորդային՝ հինգերորդ անգամ է ստանձնում երկրի վարչապետի պաշտոնը։ Ես մեկ կարևոր հանգամանք է Նեթանյահուի հաղթանակը  նրա դեմ  առաջադրված մի շարք կոռուպցիոն, պաշտոնեական դիրքի  չարաշահման  մեղադրանքների պայմաններում։ Ընդամենը երկու շաբաթից մեկնարկում է վարչապետի  դեմ դատական գործընթացը։

Եվս մեկ կարևոր հանգամանք․  ընտրությունները  տեղի են ունեցել, երբ երկրում պայքարում են կորոնավիրուսի դեմ։ Կա հիվանդության 12 հաստատված դեպք, վեց հազարին մոտ քաղաքացիներ գտնվում են կարանտինի մեջ։  Բայց Իսրայելի իշխանությունները չեն խախտել նրանց ընտրական իրավունքը՝ նրանց համար առանձնացված վրանային ընտրատեղամասեր են բացվել։

Կարդացեք նաև

Back to top button