ԿարևորՀասարակություն

ՀՀ-ում մեկուսացվել է կորոնավիրուսով հիվանդի հետ շփված 32 անձ

Ռեպորտաժը Աիդա Ավետիսյանի

Հայաստանում կորոնավիրուսի կասկածով պայմանավորված 32 մարդ մեկուսացվել է: Այս մասին մարտի 1-ին հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության հաստատված առաջին դեպքի մանրամասները: Մեկուսացված անձինք պահվում են Ծաղկաձորի Գոլդեն Փելես հյուրանոցում։

«Վերջին տվյալներով, քաղաքացին, ում մոտ կորոնավիրուսը հաստատվել է, այս պահին որևէ սիմպտոմ չունի, չնայած դիմելու պահին ունեցել է բարձր ջերմություն: Ասեմ, որ նրա կնոջ մոտ վիրուսի հետ կապված թեստը բացասական է ցույց տվել»,-ասաց նախարարը: Նա տեղեկացրեց, որ մինչ այժմ 117 թեստավորում է կատարվել, որից մեկն է հաստատվել:

Նախարարը վստահեցրեց, որ երկրում կատարվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Նա նշեց, որ կառավարության արտահերթ նիստում որոշում էր կայացվել սահմանափակել Իրանի հետ ուղևորաշրջանառությունը՝ որոշակի բացառություններով: Այն է ՀՀ քաղաքացիները կարող են վերադառնալ Հայաստան, Իրանի քաղաքացիներն էլ՝ Իրան:

Անդրադառնալով այն հարցին թե ինչու բոլորը չեն մեկուսացվել՝ նախարարը նշեց, որ դա արդարացված գործիք չէ:

«Այն ինչ տեղի է ունեցել երեկ, կլասիկ, ճիշտ հայտնաբերված դեպք է: Միանգամից անդրադառնամ կոնտակտավորներին. քանի որ հենց Թեհրանից բոլորը՝ ուղևորները և անձնակազմը կրել են դիմակներ, Հայաստանում ունեցել են առանձին ելքի ուղի, պրակտիկորեն որ ոչի հետ չեն շփվել: Սակայն նորից միջազգային ռեկոմենդացիաների համաձայն՝ եթե ինքնաթիռում հայտնաբերվում է կորոնավիրուսով վարակված որևէ անձ, անկախ նրա հիվանդության ծանրությունից, խորհուրդ է տրվում դրանից երկու շարք առաջ, երկու շարք հետ և իր շարքը մեկուսացնել 14 օր ժամանակով, ինչն էլ այս պահին կատարվում է և ավարտական փուլում է: Նաև մեկուսացվել են ուղևորին և կնոջը տուն տարած քաղաքացին և նրանց հետ եղած անձինք. նշեմ, որ դա տաքսի չի եղել: ԱԱԾ-ն մի քանի ժամվա ընթացքում պարզել է տեղափոխման հանգամանքները:

Նույնը վերաբերում է հիվանդանոց տեղափոխվելուն: Քաղաքացին այնտեղ գնացել է շտապ օգնության մեքենայով, որի անձնակազմը նույնպես մեկուսացվում է:

Այս ամենից դուրս գտնվող անձինք չեն համարվում ռիսկի գոտում գտնվող անձինք: Չբացառելով կնոջ կողմից այլ անձանց վարակելու հավանականությունը՝ մենք բոլոր ուղևորներին պահում ենք հսկողության տակ, ու նորից եմ շեշտում մեր կողմից իրականացվող հակահամաճարակային միջոցառումները  համապատասխանում են բոլոր չափանիշներին և ավելին են հաճախ, քան երբեմն վկայակոչվող երկրների կողմից կատարվող միջոցառումները՝ այդ թվում մեզնից զարգացած և հարուստ: Այսինքն, այստեղ թերացման մասին խոսելը պարզապես ավելորդ է»,-նշել է նա:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նաև լավ լուր հայտնեց: Նա հիշեցրեց, որ ռեսպիրատոր հիվանդությունները նահանջում են տարվա տաք եղանակին, և մենք վիրուսի դեմ պայքարի աշխատանքները սկսելուց 40 օր դիմանալով, կարելի է ասել, որ շատ բարենպաստ վիճակում ենք: Նա նշեց, որ եղանակը տաքանում է, և վիրուսները ոչնչանում են արևի տակ և տաքության պատճառով, և փակ տարածքներում մարդկային կուտակումների նվազումները կանխարգելում են դրա առավել ինտենսիվ տարածումը:

Նախարարը նաև խորհուրդներ է տվել ազգաբնակչությանը, թե ինչպես պաշտպանվել վարակից:

«Մեր խորհուրդները նույնն են, ինչ բոլոր շնչառական վարակների դեպքում: Խուսափել հիվանդ մարդու հետ շփվելուց, եթե անհրաժեշտություն կա շփվելու, ապա կրել դիմակ։ Հաճախ լվանալ ձեռքերը. եթե հնարավորություն չկա օճառով և ջրով, ապա ախտահանել ալկոհոլային հիմքով նյութով։ Հաճախ օդափոխել սենյակները»,-նշել է նա և տվել հավելյալ երկու մշակութային խորհուրդ:

https://www.facebook.com/armgovernment/videos/271981517117488/

Կարդացեք նաև

Back to top button