
Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Արմավիր
Արմավիրի մարզի մի շարք համայնքեր տուժել են ապրիլի 23-ին և 24-ին ջերմաստիճանի կտրուկ նվազումից: Ցրտահարվել են հիմնականում բանջարանոցային բույսերը։
Վաղարշապատի տարածքի 29 համայնքի գյուղացիական տնտեսությունները, որոնք տարիներ ի վեր մասնագիտացած են բանջարանոցային մշակաբույսերի արտադրության մեջ, ապրիլի 24-ի գիշերվա ցրտահարությունից անակնկալի եկան: Արմավիրի մարզի օդերևութաբանական կայանի տվյալներով՝ ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը օդի ջերմաստիճանը նվազել է 0-ից մինչեւ 3 աստիճան:
Սա արդեն լուրջ վտանգ է սպառնացել այն բանջարանոցային բույսերին, որոնք գտնվել են բաց գրունտի ցանքատարածություններում կամ այսպես ասած`դաշտերում:
Հաջորդ գիշերվա ցուրտը ` մինչև -1,5 աստիճան, կրկնապատկեց վնասը: Արմավիրի մարզպետարանի գյուատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը տեղեկացրեց, որ համայնքերում ձևավորված մասնագիտական հանձնաժողովներում ընդգրկված են գյուղապետարանների աշխատակազմերն ու ավագանու անդամները: Հիմնականում վնասվել են սեղանի Ճակնդեղի, դդմիկի, կարտոֆիլի, լոբու ցանքատարածությունները և խաղողի վազերը:
Ցրտահարության հաջորդ օրը գյուղնախարարությունը զգուշացրեց կրկնակի սպասվող ցրտահարության մասին, որը հնարավոր էր մասամբ պաշտպանել ծխահարության ձևով` ուշադրություն դարձնելով քամու ուղղությանը: Արմավիրի մարզի 3 տարածքների Բաղրամյանի, Արմավիրի և Վաղարշապատի համայնքներում վնասվել են նաև խաղողի վազերը:
Հնարավո՞ր է արդյոք վերականգնել ցրտահարված մշակաբույսերի վերարտադրությունը. Գյուղատնտեսության աջակցության Արմավիրի մարզային կենտրոնի տնօրեն Լյովա Ալեքսանյանը խորհուրդ է տալիս ոռոգել և սնուցել ցրտահարված բույսերն ու խաղողի վազերը: Նա հույս հայտնեց, որ վնասը, բացառությամբ լոբուց և կարտոֆիլից, այնքան էլ մեծ չի լինի և հնարավոր է վերականգնել բույսի վերարտադրողականությունը:
Ցրտահարության վնասներն արձանագրելուց հետո, ինչպիսի պետական աջակցություն կլինի տուժած գյուղացիական տնտեսություններին` առայժմ դժվար է ասել, սակայն պետք է նշեմ, որ գյուղացիական տնտեսությունները հողի մշակության համար տարբեր բանկերից ու վարկային կազմակերպություններից վարկեր են վերցրել և ներդրել գյուղատնտեսության մեջ։




