
Երեկ Լոռու մարզի Մեծ Այրում գյուղում բողոքի ակցիա էր։ Այն երկար չի տևել։ Բնակիչները «Ախթալա լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ- ի հողով բեռնված բեռնատարներին թույլ չեն տվել շարժվել դեպի պոչամբար։ «Ռադիոլուր»–ի թղթակից Նունե Ավետիսյանին բնակիչներից պատմել են, որ ընկերությունը ցանկացել է պոչամբարի պատվարը մեծացել, իսկ ահա ընկերությունից էլ հավաստիացրել են, որ ցանկանում են պոչամբարի ռեկուլտիվացիոն աշխատանքներն սկսել։
Լոռու մարզի Մեծ Այրում համայնքի բնակիչները երեկ մոտ 1.5 ժամ փակել էին միջպետական ճանապարհը։ Բնակիչները արգելել են «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ- ի բեռնատարներին հող տեղափոխեն «Նահատակ» պոչամբարի տարածք։ Պոչամբարն արդեն բավարար քանակությամբ լցված է և ընկերությունը ցանկանում է բարձրացնելով պատվարը՝ նոր տեղ բացել պոչերի համար։ Եվ ահա բնակիչները բողոքել են դրա դեմ, «Ռադիոլուր»- ին պատմեց ակցիայի մասնակից, «SOS Մեծ Այրում» շարժման անդամ Օլեգ Դուլգարյանը․
«Երեկ Մեծ Այրում գյուղի բնակիչները նկատել են, որ կոմբինատին պատկանող բեռնատարները կրկին հող են տեղափոխում դեպի պոչամբար ՝ պատնեշը բարձրացնելու համար։ Պատնեշը ժամանակ առ ժամանակ բարձրացվում է, քանի որ պոչամբարի տարողունակությունը անցել է թույլատրելի բոլոր սահմանները և անընդհատ բարձրացում է տեղի ունենում, որպեսզի պոչանքը այնտեղ տեղավորվի։ Ակցիան ինքնաբուխ է տեղի ունեցել և մասնակիցները պահանջում են, որպեսզի չբարձրացնեն պատնեշը և նաև պահանջում են հստակ նշել, թե երբ է լինելու պոչամբարի ռեկուլտիվացիան»։
Բնակիչները պահանջում են պոչամբարի ռեկուլտիվացիա, քանի որ այն արդեն լցված է և ենթակա չէ շահագործման։ Դուլգարյանի խոսքով ՝ պոչամբարն ունի նաև անվտանգության խնդիր ․
«Սեյսմիկ անկայուն տարածաշրջանում է գտնվում, երկրորդ ՝ այնքան է մեծացել, որ, ըստ փորձագետների, մեծ վտանգ է ներկայացնում։ Նույնիսկ չլցվելու դեպքում, օրինակ ռեկուլտիվացիայի դեպքում , հնարավոր է փլուզում լինի։ Դրա համար անհրաժեշտ են խորը ուսումնասիրություններ։ Միայն պետք է նշեմ, որ պոչամբարի պատվարի բարձրացումը շարունակաբար իրականացվել է»։

Թեև, ըստ բնակչի, այդ իրավունքն ընկերությունը չի ունեցել։ Ի վերջո, ինչպես է լուծվել բեռնատարների հարցը․
«Բեռնատարները, որոնք գյուղ էին եկել, տարել են հողը և լցրել են պոչամբարի տարածքում, սակայն պայմանով, որ դա վերջինն է, այլևս թույլ չեն տալու»։
Իսկ ահա Ախթալա ԼՀԿ ընկերության ներկայացուցիչ Գագիկ Շահնազարյանը մեզ այլ բան պատմեց։ Ասում է՝ բեռնատարներով հողը տարվել է հենց ռեկուլտիվացիոն աշխատանքներ իրականացնելու համար։ Սա բացատրել են բնակիչներին և խնդիրը հարթվել է․
«2-3 հոգի էին, խոսել ենք, միմյանց հասկացել ենք , շարժվել ենք առաջ։ Մենք պատվար չենք բարձրացնում, հողը տանում ենք, որ ռեկուլտիվացիոն աշխատանքներն ի վերջո պե՞տք է սկսվի, թե՞ չէ։ Բացի այդ, մենք փորձում ենք ճանապարհը պաշտպանել։ Վաղը մյուս օրը, Աստված չանի,եթե վթար լինի, գոնե ճանապարհը մնա։ Նախագիծը կա, ինչ–որ կետից սկսած բոլոր խնդիրների լուծումը տեսնում ենք»։
Ընկերության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ նախագծի համաձայն ՝ ռեկուլտիվացիայի աշխատանքները տևեն 2-2.5 տարի։




