
ԵԱՏՄ պայմանագրի համաձայն՝ 2020 թվականի հունվարի 1-ից նախատեսվում էր շուրջ 900 ապրանքատեսակների մաքսատուրքերի բարձրացում:
Բանակցությունների արդյունքում, սակայն, պայմանավորվածություն է ձեռք բերվել 647 ապրանքների մասով ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների կիրառումը հետաձգել ևս մեկ տարով։ Դրանց մեջ հիմնականը առաջին սպառման ապրաքնատեսակներն են։
Հաց, կարտոֆիլ , տավարի կամ թռչնի միս․ մասնագետները պարզել են, որ Հայաստանում, մասնավորապես Երևանում, ամենաշատը սպառվում են սննդամթերքի այս տեսակները։
«Ունենք բավականին բարձր հացի սպառում։ Եթե նայում ենք Երևանից դուրս, այդ ցուցանիշը լավաշի հետ կազմում է օրական 310 գրամ, մեկ ամսում՝ 9 կգ–ից ավելի, տարեկան կտրվածքով՝ շուրջ 100 կգ ։ Կալորիաների մեջ միայն հացով ստացվող մթերքներն են»,- «Ռադիոլուր» –ին փոխանցում է ԳԱԱ էկոլոգանոոսֆերային կենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի տնօրեն Դավիթ Պիպոյանը։
Հետազոտությունը նաև պարզել է, որ, օրինակ, Երևանում ավելի շատ են տավարի միս սպառում, քան մարզերում։ Որպես այլընտրանք տավարի միսը հաճախ փոխարինվում է թռչնի մսով։
«Նախկին հետազոտության ժամանակ, երբ տավարի մսի գինը բարձրացել էր, Երևանում սպառումը իջել էր մինչև օրական մոտավորապես 38 գրամ։ Նույն տարում բարձրացել էր հավի մսի սպառումը։ Ամենաքիչ սպառող կլաստերային խումբը օրական 42 գրամ հավ օգտագործում էր։ Այս տարի հակառակն ունենք․ տավարի մսի օրական սպառման ավելացում՝ օրական շուրջ 50 գրամ»։
Թռչնամսի ներկրման 10,75 %-ը բաժին է ընկնում Ռուսաստանին, Հայաստանը թռչնամիս է ներկրում նաև Ուկրաինայից և Բրազիլիայից։
2014–ին, անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, Հայաստանը մտավ նաև Միասնական մաքսային սակագների գոտի:

Մաքսատուրքերի բարձրացման բացասական ազդեցությունը մեղմելու համար Հայաստանը 5 տարի անցումային ժամանակահատված վերցրեց՝ հիմնականում սպառողական զամբյուղում ներառված ապրանքների համար:
Անցումային ժամանակահատվածն ավարտվում էր 2020-ի հունվարի 1-ին: Բանակցությունների արդյունքում, սակայն, պայմանավորվածություն է ձեռք բերվել 647 ապրանքների մասով ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների կիրառումը հետաձգել ևս մեկ տարով։ Դրանց մեջ տրանսպորտային միջոցները չեն մտնում։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան. «Այդ ապրանքատեսակների թվում միսն է, կարագը, թանկարժեք մետաղները, նաև դեղորայքը և դեղորայքի հումքը»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է ՝ «600 ապրանքների գծով արտոնյալ ռեժիմը երկարացվում է ևս մեկ տարով։ Դա ըստ էության 30 մլն դոլար խնայողություն է, առնվազն 30 մլն դոլար լրացուցիչ խնայողություն է ՀՀ քաղաքացիների համար։ Հույս ունենք, որ այդ խնայված միջոցները ճիշտ կօգտագործվեն տնտեսության հետագա զարգացմանը նպաստելու իմաստով»։
Էկոնոմիկայի նախարարության հաշվարկներով՝ եթե 900 անուն ապրանքների մաքսատուրքերը բարձրանային, գնաճը տատանվելու էր 0․5 տոկոսի շրջակայքում։




