ԿարևորՀասարակություն

«Չոր» աշխատավարձ + «ճոխ» դղյակ = գույքի բռնագանձում․ կառավարության նոր բանաձևը

Կառավարությունը մտադիր է վերադարձնել պետությունից գողացված գումարները։ Գործադիրը մշակել և խորհրդարանի  քննարկմանն է ներկայացրել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը։ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկումից հետո օրինագիծն ընդգրկվել է ԱԺ լիագումար նիստերի օրակարգ։ Փորձենք հասկանալ, թե ով է հայտնվելու թիրախում, ում է վերաբերելու օրենքը և ինչ ժամանակահատված է ընդգրկելու։

Գրեթե երկու տարվա ընթացքում ԱԺ–ի և կառավարության անդամները այդպես էլ չեն կարողացել բացահայտել մաթեմատիկական այն  հաշվարկի գաղտնիքը, որով «չոր» պետական աշխատավարձով կարելի է կառուցել, ասենք, «ճոխ» դղյակ։ Խորհրդարանական մեծամասնությունը կողմ է  «ապօրինի ծագում» ունեցող գույքը պետությանը վերադարձնելուն։ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյան․

«Շատերս զբոսնում ենք Երևանում և նկատում ենք՝ ինչ մեծ, ճոխ շենքեր–շինություններ են կառուցվել։ Հավատացնում եմ՝  դա այն գողոնի, անմեղության կանխավարկածը հարգելով, փոքրիկ մասն է։ Պարզապես շատ տեսանելի է, այսբերգի գագաթն է։ Կան, օրինակ, ճոխ կիսակառույցներ։ Հայկական իրականությունը հաշվի առնելով՝  իրավիճակն այսպես է եղել՝ սարքել, սարքել, սարքել է պաշտոնյան, հետո գործից հանել են ու կիսատ է մնացել։ Ինչպե՞ս անենք, որ իրոք կարողանանք հայտնաբերել այն գողոնը, որը հուզում է հասարակությանը»։

Հարցի պատասխանը գտել է կառավարությունը՝ արդեն պատրաստի նախագծով և մեխանիզմներով։ Գործադիրի առաջարկով «ապօրինի ծագում» ունեցող գույքի բռնագանձումն ունի երեք պայմանական փուլ։ Առաջինը ուսումնասիրության փուլն է․ իրավասու մարմինը,  առանց ուսումնասիրության մասին հայտարարելու, հավաքում է պոտենցիալ պատասխանողին պատկանող գույքի առկայությանը և դրա ձեռք բերման օրինականությանը վերաբերող տեղեկություններ։ Կասկածների հիմնավորման դեպքում սկսվում է երկրորդ փուլը՝ իրավասու մարմինը դիմում է դատարան։ Երրորդ փուլն արդեն գործի քննությունն է դատարանում, որն իրականացվելու է քաղաքացիական դատավարության կարգով։

 «Ավելի պարզ․ փաստացի պատկանող գույքի ծավալը պարզելուց և օրինական եկամուտների չափի հետ  համեմատելուց հետո, եթե տարբերությունը 25 միլիոն և ավելի է, ուսումնասիրությունը շարունակվում։ Այսինքն՝ մինչև 25 միլիոն դրամի անհամապատասխանությունը հաշվի չի առնվում ,և վարույթը մյուս փուլ չի մտնում»,- ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Կարգավորումները, ի դեպ, չեն տարածվում մասնավոր անձանց և գործարարների վրա, խոսքը միայն պաշտոնատար անձանց մասին է։ Օրենքում կա ժամկետ․ «1991 թվականի սեպտեմբերի 21–ից հետո ընկած ժամանակահատված»։  Իրավունքի տեսանկյունից այս, նաև այլ  դրույթներ  խնդրահարույց են համարում  «Բարգավաճ Հայաստան»–ից Գևորգ Պետրոսյանը և «Լուսավոր Հայաստան»–ից Արկադի Խաչատրյանը․

Գևորգ Պետրոսյան․ «Մեր Սահմանադրության 73–րդ հոդվածը ուղղակիորեն նշում է, որ անձի վիճակը վատթարացնող նորմին  հետադարձ ուժ տրվել չի կարող։ Այստեղ տարանջատում չկա։ Սա շատ տարողունակ հարց է։ 1991 թվականից այս կողմ որքա՞ն մարդ է հավակնելու  առնչվել այս նախագծին։ Այստեղ քաղաքական բաղադրիչի հոտ է գալիս»։

Արկադի Խաչատրյան․«Միանշանակ կողմ ենք մշակել այդ մեխանիզմները ։ Դեմ ենք, որ դրանք  հայեցողական կիրառություն ստանան։ Դուք հանգիստ կարող եք ասել կամ հանրային վստահությունը թույլ է տալիս  այսօր դա անել և ասել, որ այս մարդիկ չեն անի։ Դուք վստա՞հ ե, որ հաջորդ իշխանությունները չեն անի։ Դուք ինստիտուցիոնալ օրենք եք բերում, վաղը ինչպե՞ս են կիրառելու և արդյո՞ք ընտրովի կիրառություն չի ստանա այս օրենքը վաղը մյուս օրը»։

«Ապօրինի ծագում» ունեցող գույքի բռնագանձման հարցով անձը կարող է ուշադրության կենտրոնում հայտնվել միայն կոնկրետ դեպքերում՝ հստակեցնում է պետաիրավական մշտական հանձնաժողովի անդամ Սիսակ Գաբրիելյանը։

«Այնպես չէ, որ մարդը, որը ունի ունեցվածք և որևէ քրեական գործով չի անցնում, իրեն այս օրենքի ընդունումից հետո տանելու են և դատարանում գույքը բռնագանձեն»։

Թե որ քրեական գործերի դեպքում են անձինք հայտնվելու ուշադրության կենտրոնում , նախագծում հստակ նշված է։ Այդ հոդվածները բազմաթիվ են։ Արդարադատության նախարարը նշում է, որ  դրական կարծիքներ են ստացել   7–8 միջազգային կազմակերպությունից։ Ռուստամ Բադասյանը վկայակոչում է, օրինակ, ՄԱԿ–ի կոռուպցիայի դեմ պայքարի Կոնվենցիան, որը Հայաստանը վավերացրել է։ Հետո՝ գնահատման փուլերում, Հայաստանը բազմիցս զգուշացվել է , որ ներդրված չէ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտը, ինչը կոնվենցիոն պարտականություններից մեկն է։

Կարդացեք նաև

Back to top button