
Այսօրվա դրությամբ՝ աշխարհի 48 երկրում արձանագրվել են կորոնավիրուսի վարակվածության 82 164 դեպք, որից 78 191-ը Չինաստանում, մահվան ելքով գրանցվել է 2.801 դեպք: Առողջացել է 32.872 մարդ։
Չնայած Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի գրանցված դեպքեր չկան, այդուհանդերձ, ՀՀ-ն միանգամայն պատրաստված է՝ դիմագրավել կորոնավիրուսին։ Այս մասին վստահեցրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ տեղեկացնելով նաեւ, որ երկրում այս պահին ունենք 850 հետազոտության թեստ, ևս 3000-ը շուտով կստանանք։
Նախքան կառավարության նիստի այսօրվա օրակարգին անցնելը վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել աշխարհում եւ տարածաշրջանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, ինչպես նաեւ վիրուսից պաշտպանվելու համար ՀՀ-ում կատարվող միջոցառումները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելել է, որ այս պահին կարող են արձանագրել, որ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են, և որ հանրությունը պետք է համոզված լինի՝ եթե անհանգստացնող տեղեկատվություն լինի, դա կհանրայնացվի: Վարչապետը հույս է հայտնել, որ նաեւ Իրանում ձեռնարկվող միջոցառումներն արագ արդյունավետ կլինեն՝ հնարավորություն տալով Իրանի հետ բնականոն հաղորդակցությունը վերականգնելու։ Մինչ այդ՝ տնտեսագետները հաշվարկում են հնարավոր տնտեսական վնասները, որ կարող են լինել խնդրի հետ կապված։
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանն առեւտրային դրական հաշվեկշիռ ունի Իրանի հետ։ Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ դեպի Իրան արտահանումը նախորդ տարվա ընթացքում կազմել է 83 մլն 851 հազար դոլար: Կորոնավիրուսի դեմ պայքարով պայմանավորված՝ Հայաստանի կառավարության որոշմամբ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ցամաքային հաղորդակցությունը 2 շաբաթով է դադարեցվել, սակայն, տնտեսական բացասական ազդեցությունը առավելագույնս նվազեցնելու համար բեռնափոխադրումները բնականոն հունով շարունակելու որոշում է կայացվել։ Վարորդները, սակայն, հատուկ ստուգումներ կանցնեն։ Առայժմ վաղ է գնահատել, թե սահմանային այս խստացումներն ինչ չափով ազդեցություն կունենան կոնկրետ բեռնափոխադրումների հետ կապված՝ մեզ հետ հեռախոսազրույցում նման կարծիք հայտնեց Արդյունաբերողների եւ գործարարների միության պատասխանատու-ներկայացուցիչներից Էդուարդ Կիրակոսյանը։
«Դեռ որեւիցե բան չեմ կարող ասել։ Դա կախված կլինի, թե ինչպիսի զարգացումներ կունենանք։ Որովհետեւ, ասենք, սահմանը փակվել է, բայց բեռնափոխադրող տրանսպորտի համար նորեւէ սահմանափակում չկա։ Եթե դա այդպես էլ շարունակվի, ուրեմն՝ առանձնապես ազդեցություն չի ունենա։ Եթե տրանսպորտային կապը կտրվի ընդհանրապես, բնականաբար, բացասական ազդեցություն կունենա»։
Սահմանափակման ռեժիմն առայժմ գործելու է երկու շաբաթով, այդ ժամանակահատվածն անցնելուց հետո կարելի է նաեւ վերագնահատել ազդեցությունը՝ եզրափակեց Էդուարդ Կիրակոսյանը։
Էկոնոմիկայի նախարարությունում եւս կարծում են, որ բեռնափոխադրումների հետ կապված խնդիրներ չեն լինի, քանի որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումները իրականացվում են առանց սահմանափակումների՝ կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ: Պատկերը, սակայն, միանգամայն տարբեր է զբոսաշրջության պարագայում։ Էկոնոմիկայի նախարարությունում, սակայն, այս դեպքում էլ կարծում են, որ պետք չէ ժամանակից առաջ ընկնել՝ որոշակի կանխատեսումներ անելու համար։ Նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց՝ շեշտելով, որ սահմանափակումներով կարգավորումները ժամանակավոր են։ Այդ ժամանակահատվածի ավարտին՝ երկու շաբաթ անց միայն հնարավոր կլինի հասկանալ, թե ինչ զարգացումներ են հնարավոր.
«Քանի որ կարգավորումը կրում է երկշաբաթյա ժամկետ, այսինքն՝ ժամանակավոր բնույթ է կրում, այն չի համարվում Իրանից Հայաստան այցելող զբոսաշրջիկների համար ամենաակտիվ սեզոնը, ուստի այս շրջանում մեծ վնասներ չենք գնահատում: Երբ երկու շաբաթյա ժամկետը լրանա, մենք հանդես կգանք համապատասխան մեկնաբանություններով, ինչպես նաեւ ռիսկերի հաշվարկներով»։

Ավանդաբար մարտ ամիսն ամենաակտիվ տուրիստական շրջանն է Իրանից դեպի Հայաստան։ Ինչպես հայտնի է, իրանցիների մեծ մասը նախընտրում է Նովրուզը տոնել Հայստանում: Նովրուզի համաշխարհային օրը մարտի 21-ն է։ Այդ նպատակով իրանցիները գալիս են Հայաստան՝ մարտի 15-ից սկսած, եւ մնում են մինչեւ ապրիլի 4-ը: Այս տարի, սակայն, կա մտահոգություն եւ զբոսաշրջության ոլորտի մասնագետներն անհանգստացած են. եթե մինչև մարտի 15-ը Իրանում կորոնավիրուսի պատկերը չփոխվի, Հայաստանում տխուր վիճակ կլինի՝ Իրանից զբոսաշրջիկների մուտքի առումով, այսինքն՝ Նովրուզը նշելու համար Հայաստան այցելող իրանցիների թիվը էապես կնվազի։ Այս մասին մեզ հետ հեռախոսազրույցում ասաց տուրիստական ընկերություններից մեկի պատասխանատու-ներկայացուցիչներից Մաթեւոս Բարսեղյանը.
«Կանխատեսում չեմ կարող անել, բայց կարող եմ ասել, որ եթե անցած տարի առաջին եռամսյակում Իրանից 25 հազար զբոսաշրջիկ ենք ունեցել եւ տարեցտարի նվազման միտում կա՝ իրենց մոտ արժույթի թանկացմամբ պայմանավորված, էս դեպքում՝ կանխատեսվում էր գոնե 20 հազար տուրիստ, իսկ եթե կորոնավիրուսը շարունակվի, մենք հնարավոր է այդ 20 հազար տուրիստը կորցնենք։ Սա նշանակում է, որ մոտավոր 20 մլն դոլար միայն իրանցի տուրիստներից չի մտնի մեր երկիր։ Սա միայն իրանցիների համար, իսկ գարնանը ակտիվանում են սովորաբար նաեւ մյուս երկրներից տուրիստները՝ գրեթե նույն չափով»։
Ընդհանուր առմամբ, Հայաստանում առայժմ վաղ են համարում իրավիճակին գնահատական տալը եւ լիահույս են, որ ռիսկերը կլինեն կառավարելի ու կկանխվեն բացասական զարգացումները, մինչդեռ, Զբոսաշրջության եւ ճանապարհորդությունների համաշխարհային խորհրդի փորձագետներն արդեն գնահատել են, թե նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության շուրջ ստեղծված ճգնաժամը որքան կարող է նստել համաշխարհային զբոսաշրջության վրա: Այդ մասին հայտնել է Զբոսաշրջության եւ ճանապարհորդությունների համաշխարհային խորհրդի նախագահ Գլորիա Գեւարան։
«Դեռեւս վաղ է դա իմանալը (ինչպիսին կլինի ազդեցությունը), բայց մենք Oxford Economics-ից մասնագետների հետ համագործակցությամբ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունում անցկացրել ենք նախնական հաշվարկներ, որոնց համաձայն, այս ճգնաժամը սեկտորի վրա կնստի առնվազն 22 մլրդ դոլար»։
Միջազգային փորձագետները նաեւ հստակեցրել են, որ Չինաստանի քաղաքացիներն են այն ճանապարհորդները, որոնք ամենից շատն են ծախսում, երբ ինչ-որ տեղ են ուղեւորվում։




