
Գործադիրն այսօրվա նիստում հավանության է արժանացրել կառավարության 2019թ․ ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Այն մինչև մարտի 1-ը կներկայացվի Ազգային ժողով և կքննարկվի խորհրդարանում:
«2019 թվականը հետհեղափոխական կառավարության գործունեության առաջին լիարժեք տարին էր»,- գործադիրի նիստում հիշեցրել է վարչապետը և հայտարարել․ «Կառավարությանը հաջողվել է գրանցել 2008 թվականից ի վեր տնտեսական աճի ամենաբարձր մակարդակը՝ 7,6%, որն ամենաբարձրն է նաև ԵԱՏՄ անդամ, հարևան և եվրոպական տարածաշրջանի երկրների համեմատ»։
Աննախադեպ տնտեսական տարի․ 2019 թվականն այսպես են բնորոշում կառավարությունում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է՝ տնտեսության աճն ուղեկցվել է ֆինանսական կայունությամբ, տնտեսության ճյուղային կառուցվածքի բարելավմամբ։
«Հաշվետու տարում Հայաստանի տնտեսական աճն ուղեկցվել է տնտեսության ճյուղային կառուցվածքի բարելավմամբ, ցածր գնաճով, ֆինանսական կայուն ցուցանիշներով։ Մշակող արդյունաբերությունը 2019 թվականին աճել է 12 տոկոսով՝ 2000 թվականից հետո առաջին անգամ ՀՆԱ–ի կառուցվածքում 12․1 կշռով դառնալով տնտեսության առաջատար ճյուղ։ Սա համարում եմ կարևոր մեր քաղաքական այն հայտարարության կոնտեքստում, որ Հայաստանը տեսնում ենք որպես արդյունաբերական երկիր։ Ուզում եմ ընդգծել, որ հանքարդյունաբերությունը հաշվառված չէ։ Խոսքը միայն մշակող արդյունաբերության մասին է»։
Տնտեսության ոլորտում առաջընթացը գրանցել է օտարերկրյա և տեղական ներդրումների աճի արդյունքում․ 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2,1 միլիարդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 465 միլիոն դոլարով կամ 27,6%-ով, իսկ 2017–ի համեմատ՝ 635 միլիոն դոլարով կամ 41%-ով: Միջավայրի բարելավման 2020–2023թթ–ի ծրագիրն արդեն հաստատվել է, հաշվի են առնվել միջազգային կառույցների դիտարկումները»,– հստակեցրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Հայտարարեց՝ առաջին անգամ ներառվել է երեք նոր ցուցանիշ։

«Ինչպես են տնտեսվարողները գործ ունենում կառավարության հետ, երբ առնչվում են պետական գնումներին, որքանով են դրանք իրենց համար ծախսատար, պարզ կամ բարդ։ Երկրորդը՝ որքանով են ընթացակարգերը բարդ, երբ օտարերկրյա մասնագետներ են հրավիրվում։ Երրորդ՝ որքանով է պարզ տնտեսվարողներին շփվել տնտեսական մրցակցության պաշտպանության կարգավորող մարմնի հետ»։
Գրանցումներն ավելի արագ կատարել, շինարարական թույլտվությունները՝ նույնպես։ Շինարարական գրանցումները կիրականացվեն էլեկտրոնային հարթակի միջոցով։ Գործարարների համար կարևոր է նաև շրջանառու միջոցների հասանելիության հարցը։ Կառավարությունում խոստանում են նաև այս խնդիրը կարգավորել։ Անդրադառնալով Հայաստանի մրցունակությանը վերաբերող տարբեր կազմակերպությունների կողմից նշվող ցուցիչներին՝ վարչապետն արձանագրում է՝ մեր երկիրը մի շարք ուղղություններով առաջընթաց է գրանցել, սակայն, մի շարք ուղղություններով անելիք կա։
«Մեզ ամենաանհանգստացնողը գործարարությամբ զբաղվելու ցուցիչն է։ Այստեղ պետք է հստակ ուղենիշ ունենանք՝ գործարար միջավայրի համար Հայաստանում պետք է ստեղծվեն բոլոր պայմանները, սրա համար կան քաղաքական բոլոր նախադրյալները։ Կառավարության, պետական կառավարման համակարգի առաջին սկզբունքը գործարար միջավայրի և ընդհանրապես քաղաքացիների հետ շփվելիս պետք է բժշկական լինի՝ նախ չխանգարել որևէ բանում, և որտեղ հնարավոր է օգնել, օգնել»։
Նիկոլ Փաշինյանն արձանագրեց՝ կառավարման համակարգում դեռ կան մարդիկ, որոնք երկար տարիներ իրենց օրակարգը ձևավորել են՝ ըստ ստացված մաղարիչների։

«Այդ մարդիկ այսօր շատ չարացած են ներկաների վրա, առնվազն մեծ մասի վրա, հեղափոխության վրա։ Ամեն ինչի վրա շատ չարացած են։ Եթե մի քիչ հարմար զոհ է գտնվում, որ մտնում է իրենց կաբինետ կամ իրենց նախարարության շենք , ամբողջ չարացածությունը պարպում են մարդկանց վրա։ Ուզում եմ հստակ արձանագրենք , որ նաև նախարարների պարտականությունն է կաբինետներում գտնել այդ մարդկանց ու լիցքաթափվելու հնարավորություն տալ։ Թող գնան մաքուր օդ շնչեն և ուրիշ զբաղմունք գտնեն։ Այսօր մենք այս խնդիրն ունենք»։
Պետք չէ սպասել մինչև դանակը ոսկորին հասնի՝ ասում է վարչապետն ու հիշեցնում՝ հենց սկզբից հայտարարել են, որ պետական համակարգում կադրային ջարդ չեն պատրաստվում անել։
«Բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ հարթ ու սահուն իրականացնելու մեր ցանկությունը պետք է չարաշահվի։ Այսօր դա չարաշահվում է։ Ես ասում եմ՝ ժամանակը սպառվել է։ Այդ մարդիկ պետք է պետական կառավարման համակարգից գնան ու զբաղվեն բոլորովին ուրիշ գործով, կարող են նույնիսկ ընդդիմադիր գործունեություն ծավալել, հիմա դա շատ հարմար հնարավորություն է։ Կարող է նաև եկամտաբեր լինել։ Կարող է լինել այնպես, որ ընդդիմություն լինելն ավելի եկամտաբեր լինի, քան իշխանություն լինելը, և դա նորմալ է»։




