ԿարևորՀասարակություն

Ինչու են Արարատում որոշ համայնքապետեր հրաժարվում սուբվենցիոն ծրագրերից

Արարատի մարզում ներդրումային ակտիվություն կա: 2020 թվականին հիմնանորոգվելու է Արարատի և Վայոց ձորի մարզերն իրար կապող 9 կմ երկարությամբ միջպետական ճանապարհը: Անցկացվելու է ծիրանի փառատոն։ Մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր ներկայացրել է մարզի զարգացման ծրագրերը, անդրադարձել նաև  մի քանի աղմկոտ դատական գործերի։

Արարատի մարզի Գարիկ Սարգսյանն ասում է, որ ինքը որևէ խնդիր չունի համայնքի ղեկավարների հետ, պարզապես կան ղեկավարներ, որոնք ամբողջությամբ չեն ընկալել, թե ինչ է տեղի ունեցել 2018-ին, ինչ ուղղությամբ պետք է շարժվել ու ինչ տրամաբանությամբ գործել:

«Նույնիսկ կան համայնքի ղեկավարներ, որոնք  սուբվենցիոն ծրագրերին չեն մասնակցում: Նրանք ասում են՝ մենք մեր միջոցներով մեր հարցերը կլուծենք, ձեզանից օգնություն պետք չէ: Նրանք հիմնականում նախկին ՀՀԿ-ական համայնքապետերն են, որոնք այդպես ուղղակի վնասում են իրենց համայնքին»:

Սարգսյանն ասում է, որ երբ լսել է Գեղարքունիքի մարզպետին, որն ասել է, թե ջիպեր ու դղյակներ ունեցողները  օգտվում են «Փարոս» համակարգից, ինքն էլ  է որոշել ուսումնասիրություն   սկսել  ու հասկանալ, թե այդ առումով  ինչ իրավիճակ կա  իրենց  մարզում։ Պատկերը հուսադրող չի եղել։

«1027 շահառուներ դուրս են մնացել այդ ցուցակներից։ Փաստաթղերով ամեն ինչ նորմալ է, բայց բոլորն էլ գիտեն, որ այդ անձիք ունեն խանութներ, ավտոմեքենաներ, բայց դրանք իրենց անուններով չեն»։

Մարզպետը խոսեց նաև իրականացվող ծրագրերի մասին, ասաց, որ   2020 թվականին կառավարության կողմից ընտրված 500 կմ ճանապարհահատվածի   27կմ-ը բաժին է ընկնում Արարատի մարզին։18 կիլոմետրանոց ճանապարհ է հիմնանորոգվելու,  Արարատի մարզն էլ   կապվելու է Կոտայքի մարզին, արդյունքում՝ զբոսաշրջիկները  կկարողանան Գառնիից  անմիջապես գնալ Դվինի հնավայրը տեսնելու։

«2020 թվականին միջպետական ճանապարհահատվածը Զանգակատան հատվածում 9 կմ երկարությամբ հիմնանորոգվելու է, և կարելի է ասել, որ  Արարատի մարզը Վայոց ձորին կապող ճանապարհի այդ հատվածում անհարմարություններ այլևս չենք ունենալու»:

Մարզպետն անդրադարձավ նաև  սպանդանոցների խնդրին․ ասաց, որ այս հարցը մարզում  այլևս արդիական չէ  ու կարելի է  լուծված համարել։ Ըստ Սարգսյանի՝ ռեալ ներդրողներ կան,   քարտեզագրումն արվել է,  առանձնացվել  է  17 վայր, որոնք լինելու են բնակավայրերից հավասարաչափ  հեռու  և  հասանելի։

Կարդացեք նաև

Back to top button