
Արդեն երկրորդ օր է կրքերը չեն հանդարտվում Գյումրիի թիվ 19 դպրոցում. դասադուլ և գործադուլ է։ Ուսուցիչները, աշակերտները, ծնողները երեկ բողոքի ցույցով մարզպետարան և Շիրակի մարզի դատախազություն էին գնացել. պատճառը՝ չեն ցանկանում հետ ընդունել նախկին տնօրեն Նարինե Մեսրոպյանին, որը վերաքննիչ դատարանի վճռով վերականգնվել է նախկին պաշտոնին։
Աշակերտները դպրոց չէին եկել, մանկավարժներն էլ եկել էին՝ Նարինե Մեսրոպյանի հետ աշխատելու իրենց անհամաձայնությունը հայտնելու. «Պատճառները շատ են և դա բարձրաձայնվել է և՛ երեկ, և՛ այսօր, դպրոցի բարոյահոգեբանական մթնոլորտը, ստիպողաբար բոլորից պահանջում էր 10 000-ական դրամ ամեն աշխատավարձից»։

Ընդդեմ Նարինե Մեսրոպյանի նաև ծնողներն էին հավաքվել դպրոցի ճեմասրահում. «Ծնողներով էլ մի քանի օր առաջ եղել ենք և՛ մարզպետի մոտ, և՛ դատախազի մոտ, տեղեկացրել ենք ամեն ինչի մասին, ստորագրահավաք ենք կազմակերպել»։
Զրույցի պահին ներս մտան Շիրակի մարզպետարանի կրթության մշակույթի և սպորտի վարիչը, կրթության բաժնի պետն ու Նարինե Մեսրոպյանը՝ հասարակական կարգին հետևող ոստիկանների ուղեկցությամբ՝ հանձնման և ընդունման ընթացակարգը պատշաճ ապահովելու համար։

«Մանկավարժական հանրույթը բոյկոտում է այս պահին, չեն փորձում դասասենյակներ գնալ դասապրոցեսը վերականգնելու։ Հանդիպում եմ ունեցել նաև մանկավարժական հանրույթի հետ, հորդորել եմ, որ եթե բողոքի ձայն են բարձրացնում լինի շատ ավելի քաղաքակիրթ»։
Մանկավարժական հանրույթը տնօրենին դիմավորեց առանց աղմուկի, լուռ անհամաձայնությամբ։ Ի դեպ՝ Նարինե Մեսրոպյանը, որը 30 տարի աշխատել է նույն դպրոցում և 13 տարի տնօրենի պաշտոնում, պաշտոնից ազատվել է Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանի՝ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին ու Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին անցած տարվա փետրվարի 1-ին ուղարկած միջնորդագրով։ Դատախազը տնօրենին պաշտոնանկ անելու համար որպես հիմք ընդունել էր հարուցված քրեական գործը, որում ներգրավված էին դպրոցի 25 աշխատակիցներ։ Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժնում տվյալներ էին ստացվել այն մասին, որ դպրոցի աշակերտների ցուցակներում և դասամատյաններում գրանցված է 16 աշակերտ, որոնք դպրոց չեն հաճախում։

Դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ էր հայտարարվել, տնօրեն նշանակվել էր Արտակ Մարտիրոսյանը։ Շիրակի մարզպետարանի սպորտի կրթության և մշակույթի բաժնի պետ Հրայր Կարապետյանն ասում է, որ ամեն ինչ վերահսկողության տակ է։
«Կարող եմ նաև որպես երաշխավոր հանդես գալ, մարզպետի կողմից ունենք հանձնարարական, ամեն րոպե ուշադրության տակ պահելով, ինչու չէ, նաև հերթապահություն սահմանելով վիճակը կարգավորենք»։
Հարուցվել է երկրորդ քրեական
գործը, մեղադրանքի հիմքում պաշտոնեական կեղծիքն ու տարբեր չափերի գումարների վատնումն
է: Ըստ քրեական գործի, տնօրենը անձանց է ձևակերպել աշխատանքի, որոնք չեն հաճախել ու
աշխատավարձ են ստացել։ Նոր քրգործը երեք դրվագ ունի, այսօր առաջին դատական նիստն է
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։




