ԿարևորՀասարակություն

Սերժ Սարգսյանի գործով դատական նիստի մեկնարկը՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությամբ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում  այսօր մեկնարկել է  Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատավարությունը` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ:

Սերժ Սարգսյանը  մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու մեջ։

Մինչև դատական նիստի մեկնարկը ՀՀԿ-ն  տարածեց հայտարարություն՝  սկսվող դատաքննությունը որակելով  շինծու և քաղաքական։ Աժ նախկին նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ  Սերժ Սարգսյանը  չէր կարող իրեն նման արարք թույլ տալ։

«Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը չի կարող պատասխանատվություն կրել, քանի որ նման արարք նա իրեն չէր կարող թույլ տալ։ Ես շատ լավ ճանաչում եմ Սերժ Սարգսյանին»:

Քրեական գործի համաձայն՝ իր նախագահության ժամանակաշրջանում Սերժ Սարգսյանն այնպես է արել, որ հողօգտագործողներին գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութ տրամադրի իր մտերիմ Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունը, և սա այն դեպքում, որ ավելի էժան գնային առաջարկ է ներկայացրել «Մաքսհուր» ընկերությունը: Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ 

Պաշտոնաթող նախագահը ժամանեց դատական նիստին։ Դատարանի Նոր Նորքի նստավայրի մոտ հավաքված աջակիցներին Սարգսյանը շնորհակալություն հայտնեց և կոչ արեց տուն գնալ՝ «հաշվի առնելով եղանակային պայմանները և այն հանգամանքը, որ հույս կա, որ Հայաստանում դեռևս կան դատավորներ, ում համար արդարադատությունը վեր է ամեն ինչից»։

Նիստը մեկնարկեց,  և դատարանի դահլիճ մուտք գործեց գյուղատնտեսության   նախկին նախարար Սերգո Կարապետյանը։   Ըստ մամուլի  հրապարակումների՝  Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել Սերգո Կարապետյանը։

Դատարանի և պաշտպանների առաջին անհամաձայնությունը գրանցվեց  Սերժ Սարգսյանի կենսագրական տվյալների ներկայացման ժամանակ։   Ռուբեն Հակոբյանը ինքաբացարկի միջնորդություն ներկայացրեց     գործով մեղադրանքը պաշտպանող դատախազ Արսեն Մարտիրոսյանին:

Մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանը, անդրադառնալով իրեն ներկայացված բացարկի միջնորդությանը, ասաց, որ պաշտպանների այն հայտարարությունը, թե Սերժ Սարգսյանի մեղադրանքի հիմքում մեկ ցուցմունք է, վերացական է  և իրականությանը չի համապատասխանում։

Դատավոր Վահե Միսկարյանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը։

Կարդացեք նաև

Back to top button