ԿարևորՏնտեսական

Ո՞րն է Հայաստանի էներգետիկ ապագան

Աշխարհի որևէ ատոմակայան զերծ չէ ռիսկերից։ Հայաստանի ԱԷԿ–ի  ռիսկերը, միջազգային փորձագետների գնահատականով, աշխատող կայանների համար սահմանված չափանիշների շրջանակում են․ գնահատականը Մեծամորի ատոմակայանի տնօրեն Մովսես Վարդանյանինն է։

Նա «Ռադիոլուրի» հետ զրույցում արձագանքել է Միջուկային անվտանգության կարգավորողների եվրոպական խմբի՝   ՀԱԷԿ-ի վերաբերյալ  զեկույցի գնահատականներին։

Միջուկային անվտանգության կարգավորողների եվրոպական խումբն ուսումնասիրել է Մեծամորի ԱԷԿ-ում սթրես-թեստի կիրառման գործընթացը և հրապարակել զեկույց։ Մանրամասները «Ռադիոլուրին» փոխանցում է միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի տեղակալ Վահե Գրիգորյանը։  

«Oգտագործելով  նոր ատոմակայանի համար իրականացված հետազոտական  աշխատանքները՝ տարածքը գնահատել էին , որ նախագծային սպառնալիքը պետք է լինի 0․42  j՝ երկրաշարժերի դեպքում։ Խնդիր էր առաջացել ատոմակայանի համար նույնպես բարելավումներ կատարել, որպեսզի դրանք  բավարարեն նշված կրիտերիային»։

Կատարված աշխատանքն ընդհանուր առմամբ դրական գնահատելով ՝  արձանագրվել է, որ «գործընկերային վերանայումն անցկացվել է բաց, համագործակցային ձևաչափով», ԵՄ «սթրես-թեստերի» տեխնիկական, այդ թվում՝ թափանցիկության բնութագրերին համապատասխան: Ուսումնասիրությունն  իրականացրել է ինը փորձագետներից կազմված թիմը։  Խմբում ընդգրկված են եղել նաև Եվրահանձնաժողովի երկու ներկայացուցիչ և չորս դիտորդ։ «Գործընկերային վերանայման» թիմը ողջունել  է միջուկային ոլորտը կարգավորող հայաստանյան մարմնի՝ ԿԱ Միջուկային կարգավորման պետական կոմիտեի բաց և թափանցիկ գործելակերպը, իրենց առաջարկներին  կառուցողական լուծումներով արձագանքելու մոտեցումը։

Մեծամորի ԱԷԿ-ում սթրես-թեստի անցկացումից հետո մի շարք գործողություններ պետք է ձեռնարկվեն, մասնավորապես ՝ կայանի սեյսմակայունության բարելավման, գործարկման դադարեցման ընդհանուր հայեցակարգի և տեխնիկական լուծումների մշակման ուղղությամբ։

ՀԱԷԿ–ի տնօրեն Մովսես Վարդանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է․ «Աշխարհում չկա և ոչ մի ատոմակայան, որը չունենա ռիսկի գործոն։ Մեր կայանը՝ որպես աշխատող կայան, իհարկե ունի ռիսկի գործոն, որը մեր նախնական գնահատականներով ու միջազգային փորձագետների գնահատումներով բավարարում է աշխատող կայանների համար սահմանված չափանիշներին»։

ՀԱԷԿ–ի տնօրենը Հայաստանի էներգետիկ ապագան առանց  միջուկային էներգետիկայի չի  պատկերացնում ։   

«Իսկապես մենք մեծ ներուժ ունենք էներգահամակարգի մեջ։ Ունենալով  մասնագիտական ու գիտական պոտենցիալ՝  լավ կլինի, որ  Հայաստանը  միջուկային էներգետիկայից չհրաժարվի»։

Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության   էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է՝    ատոմակայանը կշարունակի աշխատել, եթե անվտանգ լինի։ Ատոմակայանը կիսաանվտանգ չի լինում․ կամ անվտանգ է, կամ ոչ՝ ասում է ոլորտի պատասխանատուն, նաև նշում, որ կառավարությունը քննարկում է նոր էներգաբլոկ կառուցելու հարցը։

 «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոլորտում զարգացումներ կան, մասնավորապես փոքր մոդուլով ռեակտորները, քննարկում ենք մոդելների հարցը։ Պետք է հաշվի առնել, որ գործող ատոմակայանը էժան ռեսուրս է, ու մինչև  ժամկետի ավարտը, եթե անվտանգության մասով  խնդիրներ չլինեն, մեզ համար ձեռնտու է, որ այն աշխատի»,– ասում է Մելքոնյանը։

ՀԱԷԿ–ը կաշխատի մինչև 2026 թվականը, իսկ այս տարի  ատոմակայանը  նախատեսում է արտադրել  2․5 մլրդ կվտ ժամ էլեկտրաէներգիա, 2019–ից՝  500 մլն կվտ  ժամով ավելի։   

Կարդացեք նաև

Back to top button