
Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում տեղի է ունեցել երկար սպասված թանգարանի մշտական հավաքածուի նորացված ցուցադրության բացման արարողությունը, որը համադրել է հայ արվեստագետ և նկարիչ Արա Հայթայանը։
Նա հյուրերին ներկայացրել է, թե ինչպիսի սկզբունքով է կատարվել թանգարանի մշտական հավաքածուի ցուցանմուշների յուրաքանչյուր սրահի նորացված համադրումը:
«Թանգարանի հյուրընկալությունն ու աշխատակազմի ջերմ վերաբերմունքը գերեց յուրաքանչյուր այցելուի սիրտը», — գրում է թանգարանի ֆեյսբուքյան էջը:
Թանգարանը հիմնադրվել է 1950 թվականին։ Իսկ պատկերասրահը ստեղծվել է 1958-ին։ Այն հարուստ է հայ, ռուս և արտասահմանյան նկարիչների, այդ թվում՝ Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Գևորգ Բաշինջաղյանի, Մարտիրոս Սարյանի, Ռոքուել Քենտի, Էդգար Շահինի, Ռիշար Ժերանյանի,Շանթ Հերթևցյանի բնօրինակ աշխատանքներով։




