
Հայաստանում ոչ միայն սոցիոլոգիական հետազոտությունը, այլև ծանոթների շրջանում արված հարցն ու փորձն է ավելորդ՝ պարզելու համար, թե ինչով է զբաղված հայ կինը 70-ից, անգամ՝ 50-ից հետո. խոհանոց, թոռներ, տնային մանր-մունր հոգսեր։ Մեր հերոսուհին կոտրել է կարծրատիպերը։ 71 տարեկան Կարինե Մատինյանն աշխատանքային ակտիվ ռիթմի մեջ է, իսկ ազատ ժամանակը լցնում է արվեստով, հաճելի շփումներով, էքստրեմալ տուրիզով։ Նրա կենսախնդության, լավատեսության ու անսպառ էներգիայի աղբյուրը փորձել ենք բացահայտել։
Տարիքային կենսաթոշակը վաղուց ձևակերպել են, բայց աշխատանքային «դիրքը» լքելու միտք բոլորովին չունի։ Արդեն 37 տարի ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտում է։ Դուք կարծում եք, աշխատանքը սպառում է նրա ամբողջ էներգիա՞ն։ Ոո՛չ։ Իր անսպառ էներգիայի աղբյուրները գաղտնազերծելիս 71-ամյա Կարինե Մատինյանը նախ նշում է․ «Սկսենք նրանից, որ ամուսնացած չեմ»։

«Դա շատ կարևոր է, որովհետև ամուսնացած մարդը նվիրվում է ընտանիքին, իսկ ես ավելի շատ ինձ և իմ ընկերներին։ Այնպես չէ, որ անտարբեր եմ, ուշադիր եմ, ինչով կարողանում եմ հասնում եմ հարազատներիս, նրանց երեխաներին, բայց, համենայնդեպս, ազատ եմ։ Դա անում եմ այն ժամանակ, երբ ինձ հաճելի է և հարմար»։

Տիկին Կարինեի ժամանակի մեծ մասը լցնում է արվեստը՝ թատրոն, թանգարան, համերգասրահ։ Լավ ներկայացում դիտելու համար ժամանակին անգամ Մոսկվա ու Լենինգրադ էր հասնում, այժմ բավարարվում է տեղական «մշակութային արտադրանքով», ասում է՝ թատրոնը մի քիչ պարզունակ է դարձել, բայց չի դժգոհում։ Եղածը գնահատելու, ունեցածի համար շնորհակալ լինելու «արվեստին» տիրապետում է մանկուց։

«Փոքր ժամանակ քեռիս նոր մեքենա էր գնել, վեց տարեկան էի, մեքենան գնաց ու հարվածեց ծառին։ Ատամներս լրիվ կոտրվեցին։ Այդ պահին հասկացա, որ կյանքը մեկ ակնթարթ է, և պետք է գնահատել յուրաքանչյուր ակնթարթը»։
Տիկին Կարինեն ողջունում է կենսաթոշակառուներին մշակութային միջոցառումների անվճար տոմսեր տրամադրելու կառավարության նախաձեռնությունը։ Քայլը անհրաժեշտ էր, ասում է։ Իհարկե, բոլորն իր նման ակտիվ չեն, հնարավորության դեպքում անգամ շատերը չեն հաճախում, բայց գիտի՝ իր հասակակից թոշակառուի համար ինչ է նշանակում համեստ կենսաթոշակը սպառելիս ընտրություն կատարելը մշակութային միջոցառման տոմսի և անհրաժեշտ դեղահաբերի միջև։ Նրա աշխատավարձի ու կենսաթոշակի ընդհանուր մասնաբաժնում մշակութային միջոցառումներից զատ կարևոր տեղ են զբաղեցնում ընկերների հետ ժամանցն ու տուրիզմը, այդ թվում՝ էքստրեմալ։

«Առաջին անգամ գնացի Լաստիվեր, ես ոտքով գնացի, բոլորից շուտ հասա։ Ձմեռը գնում ենք Թիֆլիս, տարեկան մեկ անգամ՝ արտասահման, ես ապրում եմ համեստ, ասկետիկ կյանքով, ապրում եմ Կասկադի մոտ, շատերն ասում են՝ կարող ես վաճառել տունդ, ասում եմ՝ դեռ ոչ։ Եթե կյանքը պարտադրի` կանեմ։ Ընկերուհիներիս հետ շատ հաճախ գնում ենք ռեստորանչիկներ՝ գերմանական հաշվով»։
Շարունակում ենք բացահայտել տիկին Կարինեի կենսունակության գաղտնիքները, որոնք, կարծեք, անսպառ են։ «Իմ մեջ շարունակում է ապրել երեխան, աշխատում եմ տան պատերի մեջ ինձ չբանտարկել, քաղաքականությամբ էլ չեմ զբաղվում, ձանձրալի է, չնայած որոշ փորձ ունեմ»,- ասում է։

Իր կենսախնդության գաղտնիքներից մեկն էլ զրուցակիցս համարում է անսպառ հետաքրքրասիրությունը։ Ասում է՝ միշտ ինչ-որ մի բան ուզում եմ բացահայտել, ինչ-որ մի նորությամբ հագենալ։
«Հիվանդագին հետաքրքրասիրությունն է ինձ պահում այս կյանքում, որպեսզի չտխրեմ, չլացեմ։ Շատերը, որ ընտանիք չունեն, մղկտում են, հոգս են դարձնում դա։ Ինձ համար կյանքը հոգս չէ, այլ իմաստությամբ լցված բովանդակալից օրերի հավաքածու»։
71-ամյա կնոջ երազանքների մասին.
«Որպեսզի ոչ մեկին նեղություն չտամ։ Հայրս Կարսից էր, ասում էր՝ ուրիշի ումուդին չմնաս։
Ուզում եմ վայերել կյանքը մինչև վերջ, իսկ վերջին պահին ասել՝ Աստված ջան շնորհակալություն, А ЧТО ДАЛЬШЕ ? (Իսկ հետո ի՞նչ է լինելու)




