ԿարևորՀասարակություն

Ամենայն Հայոց Հայրապետը հյուրընկալել է սիրիահայ երեխաների

Փետրվարի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ապաստան գտած սիրիահայ ընտանիքների երեխաներին՝ ուղեկցությամբ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության տնօրեն Ջորջ Բարսեղյանի:

Ողջունելով մանուկներին` Ամենայն Հայոց Հայրապետն իր սերն ու օրհնությունն է բերել նրանց և իր գնահատանքը փոխանցել նրանց ծնողներին, ինչպես նաև այն բոլոր կազմակերպություններին, որոնք իրենց զորակցությունն ու օժանդակությունն են բերում Հայաստանում հաստատված սիրիահայ ընտանիքներին:

Նորին Սրբությունը ցավով է անդրադարձել այն իրադարձություններին, որոնց հետևանքով խաթարվում է Սիրիայում բնակվող հայորդիների բնականոն կյանքի ընթացքը և պատճառ հանդիսանում նրանց հարկադրաբար տեղահանման, սակայն միևնույն ժամանակ կարևորել է այն հանգամանքը, որ ստեղծված իրավիճակում սիրիահայությունն իր հայացքն ու քայլերն է ուղղում դեպի մայր Հայրենիք և բնակություն հաստատում հայրենի սրբազան հողում:

Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը հարց ու պատասխանի միջոցով նաև տեղեկացել է երեխաների առօրյայի, իղձերի և ապագայի հանդեպ ունեցած ակնկալիքների մասին՝ վստահեցնելով, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պատրաստակամ է օժանդակելու նրանց ազգային ոգով ներշնչվելու, հոգևոր և հասարակական կյանքին ինտեգրվելու համար:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր բարեմաղթանքներն է փոխանցել ուխտավոր հայորդիներին՝ հայցելով, որ Աստծո Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղությունը վերահաստատվի Սիրիայում, և Տիրոջ օրհնությունը մշտապես ուղեկից լինի ողջ սիրիահայությանը:

https://www.facebook.com/holyetchmiadzin/posts/10157014959401408

Կարդացեք նաև

Back to top button