
Պետական գնումների համակարգը Հայաստանում գործում է 20 տարի, բայց հանրության վստահությունը այդ համակարգի հանդեպ այս պահին էլ դեռ նվազ է։ Հետին թվով հանրությունը պարբերաբար տեղեկացել է տարբեր պաշտոնյաների շռայլ ծախսերի մասին՝ լինի թանկարժեք կոնյակ, բաժակներ, նվերներ և այլն։
Ինչպես կարելի է կազմակերպել հանրային վերահսկողություն պետական գնումների նկատմամբ՝ հարցն այսօր ԱԺ–ում քննարկվել է խորհրդարանական լսումների ձևաչափով։ Այս դեպքում օրենսդիր և գործադիր մարմնի անդամները լսել են հանրային հատվածի ներկայացուցիչների դիրքորոշումը խնդրի վերաբերյալ։
Երկրի նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի ծախսերը հավասարեցված են պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների դասին։ Այնպես որ, անգամ «տեղեկատվության ազատության մասին» օրենքը բախվում է «Գնումների մասին» օրենքում դրված սահմանափակումներին։ Գաղտնիությունը օրենքում մտցվել է 2016–ին։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հեղափոխությունից հետո նախաձեռնել էր փոփոխություն՝ պետության առաջին դեմքերի ծախսերը հրապարակայնացնելու համար։
Կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյան․ «Կոռուպցիայի դեմ պայքարը վերաբերում է բոլոր պետական մարմիններին` բացի առաջին երեք դեմքերի՞ց։ Ամենևին էլ վատ նպատակներով չէ և տեռորիստների աջակցելու համար չէ, որ մենք այդ առաջարկն արել ենք, այլ ուղղակի համարում ենք, որ հետհեղափոխական Հայաստանում ամոթ է այդպիսի սահմանափակում մտցնել տեղեկատվության ազատության առումով։ Ամոթ է այդպիսի սահմանափակում ունենալ կոռուպցիայի և հաշվետվողականության տեսանկյուններից»։

Պետական գնումների համակարգում առաջիկայում փոփոխություններ նախատեսվում են՝ սկսած օրենսդրական դաշտից։ Մինչ այդ անհրաժեշտ է հասկանալ, թե կոռուպցիոն ռիսկերը, թե պետական գնումների թերի կողմերը ու նաև առաջին երեք դեմքերի հաշվետվողականությունը։ Այս առումով հստակ փոփոխություններ առաջիկայում սպասվում են։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյան․ «Վստահեցնում եմ, որ մեզ համար հաշվետվողականությունը և թափանցիկությունն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա չափազանց կարևոր են, և դուք շուտով կտեսնեք, որ դա գզրոցներում չի մնացել»։
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ պետական գնումների համակարգում խնդիրը միայն թափանցիկությունն ու հաշվետվողականությունը չեն, թեև դրանք կոռուպցիան կանխող հիմնական գործոններն են։ 20 տարվա ընթացքում օրենքը և համակարգը անընդհատ փոփոխվել են, բայց խնդիրներ դեռ մնում են, փաստում են պետական գնումների համակարգից օգտվող կազմակերպությունների ներկայացուցիչները։

Հրաչյա Զաքոյան․ «Ստացվում է մի պատկեր, որ մատակարարված ապրանքը ոնց որ թե չի հակասում տեխնիկական բնութագրին, բայց եթե մենք տվյալ ապրանքը տեսած լինեինք՝ ոչ մի պարագայում դրա համար գումար չէինք տա։ Օրենքի պահանջով մենք մեզ համար ոչ օգտակար ապրանքի համար վճարում ենք գումար և վերցնում գցում մեր պահեստը կամ տալիս մեր աշխատողներին, ասում՝ տարեք օգտագործեք, տեսնենք ինչպես կլինի։ Խոսքը վերաբերում է վիրահատության համար նախատեսված ձեռնոցներին։ Երբ այդ նույն վիրահատություն իրականացնող բժիշկներն ասում են այո, 7 դրամով ենք ձեռք բերել այդ ձեռնոցը, որովհետև գնումների մասին օրենքով նվազագույն գինն իրենք էին առաջարկել։ Այն դեպքում, երբ գիտենք՝ 15 դրամանոց շատ որակյալ ձեռնոցներ կան, բայց իրավունք չունենք այդ առնելու։ 7 դրամանոց ձեռնոցը մի վիրահատության ընթացքում 4 անգամ պատռվում է։ Այս պայմաններում նախ՝ 7 դրամը դառնում է 28 դրամ, մյուս կողմից՝ նույն վիրահատության տևողությունն է երկարում, վիրահատության հետ կապված ռիսկերն են մեծանում, բայց մենք արձանագրում ենք՝ հետևել ենք օրենքի տառին»։
Խնդրահարույց օրինակներից մեկը բերում է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Կցանկանար, որ պետական կառույցների դեպքում լիներ դասակարգում։ Բերենք բաժակի օրինակը։ Պետք չէ, որ այն նույնը լինի բոլոր կառույցների համար, բայց դասակարգումը տարբեր տրամաբանությամբ՝ ամենօրյա օգտագործման կամ ներկայացուցչական միջոցառումների համար, ըստ նախարարի՝ կօգներ ճիշտ կազմակերպել պետական գնումների ընթացքը։ Ատոմ Ջանջուղազյանը համոզված է, որ միասնական տրամաբանությունը այս դեպքում կնվազեցնի ռիսկերը։
«Մենք մշտապես փորձում ենք ձեռքներս զարկերակի վրա պահել, որպեսզի համարժեքորեն արձագանքենք այն ազդակներին, որ ստանում ենք միջավայրից, և ըստ դրա՝ լավագույնը դարձնենք մեր գնումների համակարգի կարգավորումները։ Պետք է դրվի սեղանին այն առաջարկը կամ առաջարկների փաթեթը, որը պետք է ցույց տա՝ ինչն ենք ուզում փոխել և ինչով, և հիմնավորվի, թե ինչու»։

Այն, որ պետական գնումների համակարգում վերջին տարիներին 20 հազար ապրանքատեսակ է մոնոպոլիզացվել՝ բարձրաձայնեց պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ Դա նախ՝ հաղթահարել է պետք։ Պատգամավորն առաջարկում է այս հարթությունում նույնպես խրախուսել ստարտափերին՝ այն պետական գնումներում, որոնք մեծ ծավալի չեն և չեն հետաքրքրում, այսպես ասենք, «մեծ խաղացողներին»։ Որպես կանոն այդ մրցույթները մի քանի անգամ տապալվում են հայտերի բացակայության պատճառով։ Նոր առաջարկներից է նաև պետական գնումներում տեղական արտադրողին առավելություն տալ ը։ Պատգամավորները չեն բացառում, որ կառաջարկեն նոր կարգավորումներ շինարարության ոլորտը վերահսկելու համար։ Պատկերացնում են, որ հնարավոր է ստեղծել ընդհանուր էլեկտրոնային շտեմարան, որի միջոցով հնարավոր կլինի հանրային վերահսկողություն իրականացնել պետական շինարարությունների նկատմամբ։




