ԿարևորՀասարակություն

Հայաստանում կորոնավիրուսով վարակված հիվանդ չկա. Թորոսյան

«Մենք հետևում ենք նոր կորոնավիրուսի բռնկումների դեպքերին և տարածվածությանն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ մեր հարևան Իրանում: Տեղյակ ենք նաև Իրանից դեպի մեր երկիր ուղևորահոսքի առանձնահատկություններին` ներառյալ մոտ ժամանակներս սպասվող Նովրուզը: Որպես հավելյալ հակահամաճարակային միջոցառումներ` ուժեղացվել են Մեղրիի սահմանային անցակետով անցնող, ինչպես նաև Իրանից Հայաստան օդանավով ժամանող ուղևորների հսկողությունը: Կասկածելի բոլոր դեպքերում կատարվում է նաև հսկողություն Հայաստանի ամբողջ տարածքում»,- գրել է առողջապահության նախարարը Ֆեյսբուքի էջում:

Նախարարը տեղեկացնում է, որ մինչ օրս կորոնավիրուսով վարակվածության դեպք Հայաստանում չի գրանցվել:

«Կոչ եմ անում հետևել առողջապահության նախարարության պաշտոնական լրահոսին և առաջնորդվել դրանով: Նաև խնդրում եմ սուր շնչառական բոլոր վարակները կանխարգելելու համար հետևել մեր հետևյալ խորհուրդներին.

  • պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման պոլիկլինիկա.
  • խուսափե´ք գրիպանման երևույթներով մարդկանց հետ շփումից.
  • եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը, եթե հիվանդ եք.
  • հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ.
  • մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար, եթե չեն նշանակվել բժշկի կողմից.
  • հագնվե´ք եղանակին համահունչ, պահպանե´ք հազալու և փռշտալու վարվելակարգը.
  • օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ.
  • հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները.
  • հետևե´ք անձնական հիգիենային»,- գրել է Արսեն Թորոսյանը:
https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1150454645140799

Կարդացեք նաև

Back to top button