ԿարևորՀասարակություն

Հարցրեք՝ որտե՞ղ էին նրանց պապերը 1915-ին. թուրք մտավորականի հորդորը

Լիլիթ Մուրադյան

«Ռադիոլուր»

 

1915 թվականի ապրիլի 24- ին Կոստանդնուպոլսում ձերբակալված 261 հայ մտավորականի նստեցրեցին գնացք եւ ուղարկեցին մահվան ճանապարհով։ Այդ օրվանից անցել է 98 տարի եւ ցեղասպանությունն իրականացնողների ժառանգներն այսօր Հայաստանում են՝ իրենց պապերի կատարած ոճրագործության համար ներողություն խնդրելու մեր ազգից: Հայոց ցեղասպանության դաժան իրողության հետ երբեւէ չհամակերպվող եւ այդ հարցը բարձրաձայնելու համար թուրքական իշխանությունների կողմից դատապարտված, արդարության համար պայքար տանող  թուրք մտավորական Ալի Սայիդ Չեթինօղլուին այսպես ներկայացրեց տարածաշրջանային խնդիրների գծով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:

Նա պատմեց, որ շուրջ 10 թուրք մտավորականներ երեկ բարձրացել են Ցեղասպանության հուշակոթող, գլուխ խոնարհել անմեղ զոհերի հիշատակին։ Բացի այդ՝ նրանք Հացպանյանին են հանձնել «Ակոս» թերթի ապրիլքսանչորսյան համարը: Վերջինս ներկաների ուշադրությունը հրավիրեց Քյոթահիայի նահանգապետ Ֆաիկ Ալի Բեյի մասին պատմող հոդվածի վրա: Ալի Բեյը դեմ հանդիման գնալով երիտթուրքերի՝ հայերին ոչնչացնելու որոշմանը, կյանքը վտանգելով  թույլ չի տվել իր նահանգում ապրող որեւէ հայի գլխից մազ պակասի: «Ուստի եթե թուրքերը չուզեին, ցեղսպանություն տեղի չէր ունենա»,- ասաց Սարգիս Հացպանյանը՝ հավելելով՝ ահա այսօր մեր մեջ է գտնվում մեր օրերի Ֆաիկ Ալի Բեյը:

Չաթինօղլուն Թուրքիայի Ազատ համալսարան կոչվող համակարգի հիմնադիրն է: Համալսարանը հրատարակում է «Պաշտոնական պատմության քննարկումներ» անունով գրքույկներ, որտեղ թուրք հասարակությանն է ներկայացվում իրական եւ ոչ աղավաղված պատմությունը:

«Եթե այդ հրատարածված գրքերն իրար վրա դնենք, հեղինակի հասակից բարձր կլինի»,- կես կատակ կես լուրջ ասաց Հացպանյանը:

Թուրք մտավորականը շնորհակալություն հայտնեց ներկայներին եւ իր ցավն արտահայտեց 20-րդ դարի ամենամեծ ոճրագործության համար, ապա ասաց, որ մեծ պատիվ է զգում այժմ կանգնելով շուջ մեկ դար առաջ նման ողբերգությունից հետո ապրած եւ ոտքի կանգնած ազգի ներկայացուցիչների առջեւ: Չաթինօղլուն նշեց, որ իր աշխատություններում օգտագործել է թուրքական արխիվների նյութերը։

«Ես իմ ողջ կյանքը նվիրել եմ այդ չարիքի բացահյտմանը՝ հայտարարելով,  որ պետք չէ հավատալ թուրքական իշխանությունների դիմակին ու իբրեւ թե երկու ժողովուրդների բարեկամության հորդորներին, պետք է հավատալ միայն իրենց գործերին», ասաց մտավորականը եւ մի հարց ուղղեց բոլոր ներկաներին.«Ինձանից առաջ ձեզ հանդիպած թուրք մտավորականներին հարցրե՞լ եք արդյոք որտեղ էր ու ինչով էր զբաղվում նրա պապը 1915 թվականին։ Իսկ հետո կհարցնե՞ք»:

Back to top button