
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության Վերածննդի օրվա առիթով:
Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում 1988թ. փետրվարի 20-ին վերածնվում էր ոչ միայն Արցախը, այլև՝ հայկական երազանքը, անկախ պետականության գաղափարը: Արցախյան շարժումը, որը կայծակնային արագությամբ տարածվեց Հայաստանում և արձագանքեց ողջ հայության մեջ, Արցախի անկախության և բուն իսկ Հայաստանի անկախության նախերգանքն էր` ասվում է ուղերձում:
Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների հիմքում հենց արցախյան շարժումն է, 32 տարի առաջ Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում ազդարարված որոշումը՝ ազատ և անկախ ապրելու որոշումը:
«Այն երեկ շրջադարձային էր, այսօր՝ այլևս անշրջելի, իսկ վաղը՝ մշտական, հավերժ:Աշխարհը մշտական ու շարունակական փոփոխության մեջ է, և Արցախն այդ աշխարհի մասն է կազմում: 32 տարի առաջ արցախյան շարժումը յուրովի կարողացավ շարժել անշարժելի թվացյալ անիվը, կարողացավ մտածողություն փոխել, կարողացավ ընդլայնել ազատության ու արդարության սահմանները և այդ ամենի շնորհիվ ձևավորել պետություն՝ հերոսական ժողովրդով: Արցախը վաստակել է և ունի ազատ և անկախ ապրելու, աշխարհի քարտեզի՝ պատմականորեն իրեն պատկանող հայրենիքը հզորացնելու իրավունքը: Կեցցե՛ ազատ և հզոր Արցախը: Կեցցե՛ հերոսական հայ ժողովուրդը»,- նշված է ՀՀ նախագահի ուղերձում:




