ԿարևորՀասարակություն

Ինչպես Թումանյանի «Մի կաթիլ մեղրը» փրկվեց Մետեխիի բանտից

Այսօր Թումանյանի ծննդյան օրը միջոցառումներ են տեղի ունենում Թբիլիսիում, որտեղ կյանքի մեծ մասը՝ շուրջ 4 տասնամյակ է անցկացրել մեծ բանաստեղծը։

Ծաղիկների խոնարհում Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում հանգչող բանաստեղծի գերեզմանին, գիրք նվիրելու արարողություն, թումանյանական հեքիաթների ներկայացում։

Թումանյանական այս քաղաքում բազմաթիվ պատմություններ կան, որոնք դեռևս չեն պատմվել․․․

Թումանյանը 14 տարեկանում տեղափոխվելով Թիֆլիս՝ շուրջ 4 տասնամյակ անցկացրեց այստեղ՝ իր կյանքն ու ստեղծագործական գործունեությունը կապելով այս քաղաքի հետ։ Այն ժամանակվա՝ 19-րդ դարի բազմազան ու բազմերանգ Թիֆլիսին, պարզվում է միայն Լոռվա գույնն էր պակասում:

«Այդ Լոռվա գույնը եկավ լրացնելու հենց Թումանյանը՝ իր հետ բերելով իր բնաշխարհի գույներն ու նկարագիրը»,- «Ռադիոլուր»-ին ասում է վիրահայ վավերագիր, Թբիլիսիի տիկնիկային թատրոնի հիմնադիր Արմեն Հովհաննիսյանը։

«Ես ինչ գրել եմ, գրել եմ հիվանդ ժամանակ»,- ասում էր Թումանյանը. իսկ, երբ լավ էր զգում, Վրաստանում զբաղվում էր ազգապահապանությամբ։ Օտար ափերում հայի յուրաքանչյուր օրը պայքար է հանուն ինքնության, լեզվի պահպանության։ Հովհաննիսյանն ասում է՝ ամբողջովին կամրջելով հայ-վրացական բարեկամությունը, Թումանյանն այն շարունակելու համար վիրահայ սերունդներին է հանձնել․

«Մենք հիմա ապրելով Թիֆլիսում՝ Վրաստանում, կամ առհասարակ այլ երկրում, պետք է կարողանանք կամրջել մեր կապերը տվյալ երկրի հետ՝ այդ կամուրջը հասցնելով հայրենիք ու հայրենիի պահպանմանը։ Ամեն օր պետք է Թումանյանով ապրել, Թումանյանի աշխարհ մտնել՝ հասկանալու ինչ է բարությունը, հայրենասիրությունն ու առհասարակ մարդ լինելը»։

Հենց սրանով է զբաղված Արմեն Հովհաննիսյանի տիկնիկների թատրոնը, որը ստեղծվեց ուղիղ երեք տարի առաջ այս օրը՝ Թումանյանի ծննդյան օրը՝  Թումանյանի թիֆլիսյան վերջին բնակարանում․

«Թատրոնի հիմնական խնդիրը լեզուն պահպանել է և չձուլվելը։ Եւ այսօր, երբ գնալով փակվում են հայկական դպրոցները, մենք հայ երեխային բերում ենք թատրոն, թումանյանական տիկնիկների միջոցով փոխանցում ենք նրա պատգամը՝ հայ մնալ, չմոռանալ ինքնությունը»։

Քաղաքական գործիչ չէր, սակայն Թիֆլիսում ստիպված էր զբաղվել քաղաքականությամբ։ Քաղաքական հայացքների համար Թումանյանը 1908 թվականին բանտարկվում է։ Մի հետաքրքիր պատմություն կա, թե ինչպես է Մետեխի բանտից փրկվել նրա «Մի կաթիլ մեղրը»․

«Երբ կինը նորածին Թամարին գրկին գալիս է տեսակցության, Թումանյանը ծխախոտի թղթի վրա արագ արտագրում է «Մի կաթիլ մեղրը», թաքցնում երեխայի բարուրի ծալքերում։ Այդպես է փրկվում «Մի կաթիլ մեղրը» ու հասնում մեզ»։ 

Թումանյանի Վերնանտան հանդիպումներում հետաքրքիր կենացներ էին հնչեցնում հայ մեծերը։ Մեկում Թումանյանն ասում է, թե տարիներ առաջ հայտնի երևույթներից էր Խրիմյան Հայրիկն ու իր «Շունն ու կատուն», իսկ հիմա՝ «Անդրանիկ Զորավարն է ու իմ Շունն ու կատուն»։ Անդրանիկը միջամտելով, ասում է՝ «կանցնեն տարիներ, չեն լինի Թումանյանն ու Անդրանիկը, սակայն քո «Շունն ու կատուն» անմահ են»։

Կարդացեք նաև

Back to top button