
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Հայաստանի երկրորդ նախագահի՝ սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների գործով հերթական նիստը հետաձգվել է։ Պատճառը Յուրի Խաչատուրովի թարգմանչի բացակայությունն է։
Թարգմանչի չներկայանալու մասին տեղեկությունը դատարանը ստացել է դատական նիստից անմիջապես առաջ և չի կարողացել ապահովել այլ թարգմանչի մասնակցությունը։ Դատարանը նման պարագայում հնարավոր չի համարել շարունակել դատական նիստը։
Այսօրվա դատական նիստը հետաձգվել է մինչև փետրվարի 25-ը, ժամը 13։00։
Դատարանը նախորդ նիստում՝ փետրվարի 11-ին շարունակել էր լսել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու միջնորդությունը։ Աշխատանքային օրվա ավարտի պատճառով դատական նիստը հետաձգվել էր։




