
Սյունիքի մարզպետարանի ենթակայության «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ը հունվարի 27-ից փետրվարի 15-ը կազմակերպել է «Անպարտ հայ զինվոր» խորագրով միջոցառումների շարք՝ նվիրված ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-ամյակին։
Դրա շրջանակներում Սյունիքում տեղակայված N զորամասի զինվորները կինոդիտման հնարավորություն են ունեցել Կապանի «S’Unique» կինոթատրոնում։
Կազմակերպվել են նաեւ N զորամասի ծառայողների ճանաչողական այցերը Շմավոն Մովսիսյանի անվան Կապանի պատմության թանգարան եւ Կապանի երկրագիտական թանգարան, որտեղ զինվորների համար նաեւ հյուրասիրություն է կազմակերպվել։
Միջոցառումները եզրափակվել են փետրվարի 15-ին Կապանի N զորամասում կազմակերպված ինտելեկտուալ խաղ-մրցույթով։ Բանակ-երիտասարդություն կապի ամրապնդման նպատակով ընդգրկվել է նաեւ Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհուրդը․ մրցել են զինվորների «Կրակ» եւ երիտխորհրդի «Տեխնորկրատիա» թիմերը։ Տարբեր փուլերի ընդմիջումներին հնչել են գեղարվեստական կատարումներ։ Մրցույթում հաղթել է զինվորների թիմը։
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի կողմից զորամասը երեք հեռուստացույց եւ մեկ բարձրախոս է նվեր ստացել, իսկ մրցող թիմերին գրքեր են հանձնվել։




