
Հանրային հեռուստատեսության եթերում Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» ստեղծագործության էկրանավորումը երեխաներին միանգամից տարավ դեպի այդ գիրքը։
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի համոզմամբ՝ պետական քաղաքականություն ու ճիշտ փիար ասվածը հենց սա է։ Լավ է, որ դասականները կան և դեռ հետաքրքրում են պատանիներին ու դեռահասներին, բայց տարիքային այս խմբի համար ժամանակակից գրողները, կարծեք շատ բան չեն ստեղծում։
Առերևույթ մանկական գրականության հարցում Հայաստանում, թվում է, լուրջ խնդիր չկա։ Գրախանութներում ամենագայթակղիչը, թերևս, մանկական գրքերի գեղեցիկ ու գունագեղ շարքերն են։ Ավելին ՝ մասնագետներն ասում են, որ ոլորտն անգամ շահութաբեր է, մանավանդ որ մանկական գրականությունն ազատված է ավելացված արժեքի հարկից։ Բայց արդյո՞ք ամեն ինչ նույնքան գունագեղ է խորքում։ Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի կարծիքով՝ ոչ այնքան․
«Երեխաների համար ստեղծված գրքերը պետք է քննվեն չափազանց խիստ, սկսած թղթի որակից, նկարներից, և ամենակարևորը՝ բովանդակությունից։ Այդ առումով շատ մեծ աշխատանք կա անելու։ Այստեղ օգտվում են հատկապես փոքր շահույթ հետապնդող , օրվա հացի խնդիր լուծող մարդիկ, որոնք շուկա են բերում անորակ , բայց էժան գրքեր։ Քանի որ մեր հասարակությունն էլ շատ ունևոր չէ, հիմնականում դրանց է փող տալիս»։

Մեկ այլ կարևոր խնդիր ևս․ չափազանց քիչ են հայ մանկագիրները։ Հիմնական արտադրանքը ներկրվում է դրսից՝ դրսի բովանադակությամբ, նկարազարդումներով։ Նիկողոսյանի խոսքով՝ տեղական նկարիչների նկարազարդումներով որակյալ արտադրանք թողարկելը չափազանց թանկացնում է գրքի արժեքը։ Եթե մանկական գրականության ցուցափեղկերում ինչ-որ բան, այնուամենայնիվ, հնարավոր է գտնել, ապա վիճակն ավելի տխուր է պատանիների ու դեռահասների համար նախատեսված գրականության բաժնում։
«Տարիներ առաջ մենք ուսումնասիրություն էինք արել և ասում էինք՝ ու՞ր են անհետանում մեր սքանչելի մանուկները, որոնք շատ են սիրում գիրք կարդալ, որովհետև մանկական գիրքը Հայաստանում ամենասպառվողն էր։ Հետո պարզեցինք, թե ուր են անհետանում։ Գալիս է մի տարիք, երբ չկա այդ տարիքին համապատասխանող գիրք։ Պատանեկան գիրքը Հայաստանում խնդիր էր»։
Հրատարակչություններն այժմ բացը փորձում են լրացնել, բայց դարձյալ օտարերկյա հեղինակների մատենաշարերով։ Հայ ժամանակակից գրականության գիտակ, գրականագետ Հասմիկ Հակոբյանն անգամ դժվարանում է խորհուրդ տալ՝ պատանեկան տարիքին հարմար ինչ գրքեր կարող են գտնել ժամանակակից հայ գրողներից։

«Վերջին տարիներին, որ հարցնում են, մեկ-երկու անուն ընդամենը կարող եմ խորհուրդ տալ՝ Գրիգ և Մհեր Իսրայելյանի «Մինչև մեռնելն ապրել է պետք» վիպակը։ Վերջինը հենց դեռահասի աչքերով նկարագրված պատմություն է»։
Գրականագետները նկատել են, որ վերջին շրջանում տարիքային այս խմբին հետաքրքրում են Վարդգես Պետրոսյանի ստեղծագործությունները։ «Նրա ստեղծագործության հիման վրա բավական էր քիչ թե շատ ստացված ընդամենը մեկ հեռուստասերիալ հանրային եթերում և արդեն նման հետաքրքրություն կա»,-գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի խոսքով՝ Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցչի» էկրանավորումը երեխաներին միանգամից տարավ դեպի այդ գիրքը։
«Դե դեռահասներ են, համակրելի տղա՝ Խորեն Լևոնյան, լավ բաներ է խոսում կյանքից և այլն, գնում են։ Ընդ որում՝ այդ ֆիլմից հետո մեծ վաճառք ունեցավ ոչ միայն «Վերջին ուսուցիչը», այլև «Մանոն Լեսկո»-ն, որի մասին այդ ֆիլմում խոսվում է։ Քաղաքականությունը և փիարն արվում են նման նուրբ ձևերով»։

Դեռահասության տարիքը հոգեբանները համարում են բարդ, անգամ՝ ճգնաժամային, միաժամանակ՝ տարիք, երբ անձի ձևավորման վրա էական ազդեցություն են գործում ինչպես ընտանիքը, շրջապատը, այնպես էլ դիտած ֆիլմերն ու կարդացած գրքերը։
Կլինիկական հոգեբան Տաթև Նահապետյանի խոսքով՝ այս տարիքին հատուկ են սեփական անձի որոնումները, նույնականացումը այս կամ այն հերոսի հետ՝ դիտած ֆիլմերի կամ գրականության։ Հոգեբանության մեջ գոյություն ունի անգամ բիբլիոթերապիա հասկացությունը, այսինքն՝ հերոսի միջոցով ընթերցողը կարողանում է գտնել ինքն իրեն, հարթել սեփական խնդիրները։ Այդուհանդերձ, գրականության ընտրության հարցում համահարթեցման մոտեցումն, ըստ հոգեբանի, ամենաընդունելի տարբերակը չէ, քանի որ մարդիկ տարբեր են։
Որպես անձնային որակների վրա ազդող գործոն, մանկապատանեկան գրականությունն, ըստ հոգեբանի պետք է լինի որակյալ ու վստահելի։ «Գրականությունը, ինչպիսին էլ այն լինի, նրանք արժեք ու կարևոր են են համարվում, ուստի սխալ հիմքի հետ նույնականացումը անցանկալի հետևանքներ կարող է ունենալ»,-ասում է հոգեբանը։




