
Կապան համայնքի Կարմրաքար գյուղի` նախկին հանգստի գոտու հարակից տարածքում երեկ տեղի է ունեցել բոլորի կողմից երկար սպասված «Կապանյան ձմեռ-2020»-ը, որի նախաձեռնողը Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհուրդն է, իսկ աջակցությունը ցուցաբերել է Կապանի համայնքապետարանը։
Ձյունառատ ձմռան արևոտ օրը միջոցառմանը մասնակցել են Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, Սյունիքի մարզպետի խորհրդական Գոռ Թադևոսյանը, բուհերի, քոլեջների ուսանողները, զինվորները, ակտիվ երիտասարդները և երեխաները:
Միջոցառման ընթացքում կազմակերպվել են բազմաթիվ սպորտային խաղեր՝ հրաձգություն, պարանի ձգում, դրոշի գրավում, երիտասարդները պատրաստել են ձնեմարդ, խաղացել ձնագնդիկներով, շուրջպար բռնել, երգել ու պարել, իսկ մրցութային խաղերի հաղթողները պարգևատրվել են խրախուսական նվերներով։ Մասնակիցներին ապահովվել են նաև տաք ըմպելիքներով և քաղցրավենիքներով, իսկ ողջ միջոցառման ուրախ և ժամանցային մասը կազմակերպել է Կապանի մշակույթի կենտրոնի ստեղծագործական խումբը։




