ԿարևորՔաղաքական

Երբ Տիգրան Մեծը բանակցում էր Պոմպեոսի հետ, չկար պետություն, որ կանվանվեր Ադրբեջան. Փաշինանը` Ալիևին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում մասնակցում են «Թարմացում Լեռնային Ղարաբաղի հարցով» խորագրով քննարկման, որը վարում է ԱՄՆ-Ռուսաստան հիմնադրամի նախագահ և գործադիր տնօրեն Սելեստա Վալենդերը։ Քննարկումից առաջ տեղի է ունեցել երկու ղեկավարների հանդիպումը։ 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթի սկզբում վկայակոչելով ՄԱԿ-ի բանաձևերը՝ եւս մեկ անգամ ասաց, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, դա պատմական փաստ է։

Ըստ Ադրբեջանի առաջնորդի՝ ղարաբաղյան հակամարտությունը խոսում է «հայկական ագրեսիայի մասին»։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ անդրադարձավ Ալիևի պատմական «ակնարկին»` շեշտելով, որ այդքան հեռու պետք չէր գնալ: «Պետք չէր գնալ պատմության գիրկը, քանի որ երբ հայ թագավոր Տիգրան Մեծը բանակցում էր Պոմպեոսի` հռոմեական ռազմական առաջնորդի հետ, չկար որևէ պետություն Հարավային Կովկասում և ընդհանրապես ամբողջ աշխարհում, որը կանվանվեր Ադրբեջան: Ուստի չեմ կարծում, թե ճիշտ մոտեցում է այդքան հեռու գնալ: Ես կարող եմ գնալ էլ ավելի հեռուն և սկսել օրինակ մ.թ.ա․ 400-րդ թվականից, բայց այդպես չեմ վարվի, քանի որ չեմ կարծում, թե դա ճիշտ մոտեցում է»,-նշեց Փաշինյանը:

Ապա Փաշինյանն ասաց, որ հավանաբար, միջազգային հանրությունն էլ է հոգնել, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պարբերաբար կրկնում են նույն պատմությունները։ Փաշինյանը նշեց, որ ինքը նախընտրում է լուծումների մասին խոսել։

«Չարժե, որ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները կրկնեն նույն բաները։ Միջազգային հանրությունը հոգնել է լսելով նույն բաները»,- ասաց Փաշինյանը։

Քննարկումը համակարգողը հարցրեց՝ ինչ պետք է անի միջազգային հանրությունը՝ կարգավորմանը նպաստելու համար։ Փաշինյանը պատասխանեց, որ միջազգային հանրությունը պետք է պնդի, որ Արցախի հակամարտությանը ռազմական լուծում չկա։

Ըստ Հայաստանի վարչապետի՝ առաջին հերթին Ադրբեջանն է, որ չի պահպանել Անվտանգության խորհրդի փաստաթղթի պայմանները։

«Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի փաստաթղթերին, որոնց իմաստը առանց նախապայմանների հրադադարի անհապաղ հաստատումն էր»։

Ըստ Փաշինյանի Լեռնային Ղարաբաղը անկախություն է ձեռք բերել Խորհրդային Միությունից և Խորհրդային Ադրբեջանից։  Ղարաբաղը բռնակցվել է Ադրբեջանին ԽՍՀՄ ձևավորման գործընթացում։

«Տարածքային ամբողջականության մասին խոսելով՝ պետք է որոշենք, թե որ երկրի մասին է խոսքը»,- նշեց Փաշինյանը՝ կոչ անելով Ալիեւին շատ հեռու չգնալ պատմական ակնարկներում, քանի որ դա ճիշտ չէ։

Փաշինյանն ասաց, որ մենք հանձնառու ենք բանակցային գործընթացին, դրանք պետք է տեղի ունենան ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով։ Մենք պատրաստ ենք գործադրել իրական ջանքեր՝ իրական փոփոխություն բերելու։

«Անհնար է այս տևական հակամարտությունը լուծել մեկ-երկու քայլով։ Մեզ անհրաժեշտ են այս հարցում միկրոհեղափոխություններ»։

Փաշինյանի խոսքով՝ լուծումը պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար։ Հայաստանի վարչապետը հիշեցրեց, որ ԼՂ-ն ճանաչվել էր որպես բանակցային կողմ՝ ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից։

Ի պատասխան Փաշինյանի ելույթի Ալիևն ասաց․ «Պարոն վարչապետն ասաց, որ Ստալինն է հանձնել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին, դա ճիշտ չէ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է Հայաստանին բացատրեն, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստան չէ։ Միջազգային ավելի մեծ ճնշում պետք է լինի Հայաստանի վրա, որ նա կատարի ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը։ Հայկական զորքերը պետք է անհապաղ հեռացվեն բռնագրավված տարածքներից՝ յոթ շրջաններից, որտեղ հայերը երբեք չեն ապրել»,- ասաց Ալիեւը։

«Երբ Փաշինյանը խոսում է այն մասին, որ լուծումը պետք է ընդունելի լինի Ադրբեջանի ժողովրդի համար, պետք է ասել, որ  նրանք ցանկանում են վերադառնալ իրենց տները։ Եւ երբ մեր (Ադրբեջանի խմբ․) տարածքային ամբողջականությունը վերականգնվի, հայերը կօգտվեն բոլոր այն արտոնություններից, ինչպիսիք ունեն այժմ Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնությունները»,- ասաց Ալիևը։

Ըստ Ալիեւի ՝ պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա փուլային ճանապարհով։ Նախ պետք է տեղի ունենա տարածքների վերադարձ, վերաբնակեցում։ Առանց տարածքները վերադարձնելու հնարավոր չի լինի քննարկել կարգավիճակի հարցը։

Ադրբեջանի նախագահը հիշեցրեց, որ տեղի են ունեցել լրագրողների փոխայցեր, ինչը պետք է շարունակել։

Փաշինյանն իր խոսքում նշեց, որ Ադրբեջանի համար դրանք տարածքներ են, Լեռնային Ղարաբաղի համար՝ անվտանգություն,  եւ որևէ մեկը չի կարող հրաժարվել անվտանգությունից։ 

«Իմ որդին ծառայում է Լեռնային Ղարաբաղում, նա կամավոր գնած Ղարաբաղ ծառայելու՝ պաշտպանելու իր հայրենակիցներին»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանը հիշեցրեց, որ Դուշանբեի հանդիպումից հետո տեղի ունեցավ լարվածության նվազեցում։ 

«Ալիևն ասում է ԼՂ-ն բանակցային կողմ չէ, բայց Ադբեջանը երկու անգամ պայմանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղի հետ»,- հավելեց Փաշինյանը։

Եվ քննարկման ավարտին Ալիևը խոսք խնդրեց՝ ասելով, որ ուզում է կառուցողական առաջարկ անել․

«Հայ ժողովուրդն ինքնորոշվել է՝ ունի Հայաստան պետություն, խորհուրդ եմ տալիս երկրորդ անգամ ինքնորոշվել երկրագնդի վրա որևէ այլ տեղ՝ Ադրբեջանի տարածքից դուրս»,- ասաց Ադրվեջանի նախագահը։

Ի պատասխան Ալիեւի՝ Հայաստանի վարչապետը նախ նշեց, որ դա այդքան էլ կառուցողական առաջարկ չէր եւ հավելեց․

«Տիգրան Մեծի ժամանակներից այս տարածաշրջանում ապրել են հայեր եւ վրացիներ։ Այլ ազգություն այստեղ չի եղել։ Եվ ոչ միայն Տիգրան Մեծի ժամանակներում, այլեւ Բագրատունիների ժամանակներում, Արշակունիների դարաշրջանում։ Դա կարելի է գտնել պատմության ցանկացած գրքում»։

Փաշինյանը եւս մեկ անգամ ուրախություն հայտնեց քննարկման հնարավորության համար․ «Ուզում եմ ասել, որ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը պատրաստ են մեծ ջանք գործադրել այս կոնֆլիկտը լուծելու համար»,- իր խոսքն ավարտեց Հայաստանի վարչապետը։

Կարդացեք նաև

Back to top button