Հասարակություն

Արմավիրի մարզում է Տռնավայի երկրամասի պատվիրակությունը

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-Արմավիրի մարզ

Պաշտոնական այցով Արմավիրի մարզ էր այցելել Սլովակիայի Հանրապետության Տռնավայի երկրամասի պատվիրակությունը` նահանգապետ Տիբոր Միկուշի գլխավորությամբ: Այցի ընթացքում փոխհամագործակցության հուշագիր են ստորագրել Արմավիրի և Տռնավայի առևտրաարդյունաբերական պալատների նախագահները: Տիբոր Միկուշը խոնարհվել է նախորդ դարասկզբին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Նա իր ուրույն դերն ունի Սլովակիայում հայերի ցեղասպանության ճանաչման գործում:

Արմավիրի մարզի և Տռնավայի երկրամասի միջև բարեկամության ու համագործակցության հիմքը դրվել է դեռ 2009-թ-ին, որը հնարավոր է իրատեսական շարունակություն ունենա: Երկու մարզերի միջև նախատեսվում է փոխհամագործակցություն սկսել առևտրաարդյունաբերության ոլորտում: Համաձայնագիրը ստորագրեցին Արմավիրի մարզի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, «Արավիրի հաստոցաշինական գործարան» բաց բաժնետիրական ընկերության նախագահ Անդրանիկ Սարգսյանն ու Տռնավայի նահանգի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ջան Գաբրիելը: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը Տռնավայի նահանգապետին ներկայացրեց մարզի արդյունաբերության ոլորտը, թողարկվող արտադրատեսականին, տնտեսական բազան, որը կայուն հիմք կարող հանդիսանալ հետագա գործունեության համար: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հույս հայտնեց հայ և սլովակ համագործակցության նոր զարգացումների ուղղությամբ:

Տռնավայի նահանգապետն Արմավիրի մարզում 2-րդ անգամ է լինում: Համագործակցության շրջանակներում նախադրյալներ են ստեղծելու 2 մարզերի գործարարների հանդիպման համար, ըստ որի կկազմակերպվեն հետագա աշխատանքները: Տիբոր Միկուշը գործուն մասնակցություն է ունեցել Սլովակիայում հայոց ցեղասպանության ճանաչման գործում և Հայաստան ուղևորությունը նպատակային է կազմակերպել , որպեսզի հիշատակման օրը գտնվի բարեկամ հայերի կողքին ու իր խոնարհումը բերի ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Նախօրեին Տռնավայի նահանգապետը ծաղիկներ է դրել Ծիծեռնակաբերդի եղեռնի զոհերի հուշակոթողին, այնուհետև հանդիպել է նաև Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանին:

Back to top button