ԿարևորՀասարակություն

Բիզնես դասընթացներով հետաքրքրված են հատկապես ցմահ դատապարտյալները

Հայաստանում  գործող 12 քրեակատարողական հիմնարկներից միայն երեքում են իրականացվում կրթական ծրագրեր, մինչդեռ կրթվելու պահանջ կա։ «Ռադիոլուրի» հետ զրույցում սրա մասին է խոսել վերջերս վաղաժամկետ ազատ արձակված նախկին ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը։

Անազատության մեջ նա կարողացել է անգամ բուհ ընդունվել, բայց ասում է՝ բոլորը չէ, որ ունեն դրա հնարավորությունը։ Պետական ծրագրերը խնդիրը չեն լուծում, բացը փորձում են լրացնել հասարակական կազմակերպությունները։ 

Վերաքննիչ քրեական դատարանում հունվարի 23-ին հրապարակված վճռով  հենց դատարանի դահլիճից  վաղաժամկետ ազատ արձակվեց ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը։  Դատապարտվել էր 24 տարի առաջ՝ երեք զինվորների սպանության գործով, ինքը ևս զինվոր էր։

Դատարանը հիմք էր ընդունել այն փաստը, որ Մանուկյանը դրական վարքագիծ է դրսևորել, որի հիմքով փոխվել էր նրա պահման ռեժիմը, ամենակարևորը՝ զղջացել ու ներում է խնդրել զինվորների հարազատներից, վերջին տարիներին գրքեր է գրել  ու հեռակա կրթություն ստացել։

«Ցմահ դատապարտյալը ժամանակ շատ ունի և ինքն է որոշում ՝ ինչպես օգտագործել այդ ժամանակը։ Ես այդ ժամանակը որոշեցի նվիրել ինքնակրթությանը»,-Ռադիոլուրի հետ զրույցում պատմում է Աշոտ Մանուկյանը։

«Այո, ինքնակրթությամբ եմ զբաղվել, ընդունվել եմ համալսարան, հիմա մեծ սիրով շարունակում եմ արդեն ստացիոնար՝ «Ուրարտու» համալսարանի մանկավարժություն և հոգեբանություն բաժնում։ Կրթությունը, իհարկե, շատ մեծ դեր ունի անձի աճի, մտածելակերպի զարգացման հարցում ։ Ես շատ կուզենայի, որ քրեակատարողական հիմնարկներում կրթական ծրագրերին լուրջ ուշադրություն դարձնեին։ Ցմահ դատապարտյալներից 4-5 հոգի է սովորում։ Այդտեղ լուրջ խնդիրներ կան, բոլորի հարազատները չէ, որ կարողանում են օգնել։ Դրանք մեծ ծախսեր են, օրինակ՝ ինձ վրա տարեկան 500-600 հազար դրամ էր նստում կրթությունը։ Շնորհակալ եմ եղբայրներիս, ծնողներիս, որ օգնում էին։ Այդքան հեշտ չէ դա, պետությունը դրա մասին պետք է մտածի»։

Ինչպես նկատում է նախկին դատապարտյալը, պետական ծրագրերն այս ոլորտում, մեղմ ասած, բավարար չեն։ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը նախաձեռնել է «Հանուն մարդու իրավունքների․ կրթությունը քրեակատարողական հիմնարկներում» ծրագիրը, որի շրջանակում  չորս հասարակական կազմակերպություններ շուրջ 100 դատապարտյալների համար կրթական ծրագրեր կիրականացնեն մի քանի քրեակատարողական հիմնարկներում։ Ծրագրի համակարգող Միշա Թադևոսյանն է մանրամասնում։

«Ծրագիրը բազմաբաղադրիչ է։ Իրականում խնդիրները շատ բազմազան են, օրինակ՝  պետության կողմից իրականացվող կրթական ծրագրերը  12 քրեակատարողական հիմնարկից հիմնականում երեքում են իրականացվում։ Մենք խնդիր ունենք 19 տարեկանը լրացած, բայց հանրակրթություն չստացած անձանց կրթության իրացման հարցում»։

Հասարակության շրջանում ազատազրկված անձանց կրթական խնդիրը կարևորելու նպատակով կազմակերպությունն առաջիկայում նաև  լրագրողական մրցույթ կհայտարարի։ Ի դեպ, Միշա Թադևոսյանը դասավանդում է արդարադատության նախարարության ենթակայությամբ գործող Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնում։ Հետաքրքիր վիճակագրություն է ներկայացնում․

«Օրինակ՝ Արմավիր քրեակատարողական հիմնարկում մեր ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող բիզնես դասընթացին մեծամասամբ ցմահ դատապարտյալներն են մասնակցում։ Երևի դա պայմանվորված է մարդկանց հետ հաղորդակցվելու իրենց պահանջմունքով։ Կրթության հանդեպ մեծ է նաև անչափահաս դատապարտյալների հետաքրքրությունը, որոնք ազատության մեջ գուցե այնքան էլ չեն ձգտել սովորել»։

Բանտային կրթության միջազգային ցանցի անդամ, փորձագետ Գայանե Հովակիմյանը ներկայացնում է  այն հետազոտության արդյունքները, որի նպատակն էր պարզել՝ ինչպե՞ս է մեր հասարակությունը վերաբերվում  ազատազրկված մարդկանց կրթություն ստանալու իրավունքին։ Հետազոտությունը ուշագրավ  կարծրատիպեր է բացահայտել։

 «Օրինակ, մարդիկ կարևորում են ազատազրկման վայրերում կրթություն ստանալու կարևորությունը, բայց կարծում են, որ այդ կրթությունը պետք է լինի աշխատաշուկայում  միջին մասնագիտական գործունեություն իրականացնելու համար։  Այսինքն՝ հասարակության մեջ չկա պատկերացում, որ այնտեղ կարող են բարձրագույն կրթություն ստանալ, լինել գիտնականներ, բարձր որակավորում ունեցող մասնագետներ և այլն։ 

Ուշագրավ մի ցուցանիշ ևս․ մեր հասարակության մեջ յուրաքանչյուր երրորդը կամ հարցվածների շուրջ 30 տոկոսը պատրաստ չէ սովորել  դատապարտյալի հետ համատեղ, այդ թվում՝ նախկին։  Սոցիալական այս խմբի հանդեպ գործատուների հանդուրժողականության խնդիր ևս կա։ Գայանե Հովակիմյանն ընդգծում է՝ այս կարծրատիպերը զուտ հայկական չեն, դրանք  մարդկային կարծրատիպեր են, որոնց կարող ենք բախվել  ամբողջ քաղաքակիրթ աշխարհում։

Կարդացեք նաև

Back to top button