
Գյումրու քաղաքապետարան-«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցությամբ Գյումրիում կառուցված սոցիալական բնակարանների բաշխման հանձնաժողովի հերթական նիստում առաջ են քաշվել և քննարկվել 3-րդ փուլով կառուցված բնակարաններից 6-ի բաշխման չափորոշիչներում որոշակի փոփոխություններ կատարելուն առնչվող մի շարք հարցեր:
Հանձնաժողովը քննարկել և որոշել է՝ նախկինում սահմանված չափորոշիչներից հանել երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, հաշմանդամություն ունեցող միայնակ անձանց առնչվող կետերը, սահմանվել է նոր չափորշիչ՝ բնակարանները տրամադրել Գյումրի համայնքի կանաչ գոտիներում տեղադրված տնակներում բնակվողներին (պարտադիր պայման է՝ տնակի հաշվառում ունենալ 1998 թվականից ), որպեսզի, ըստ առաջնահերթության, ազատվեն քաղաքի կանաչ գոտիները:
Հանձնաժողովը նաև սահմանել է՝ մեկ սենյականոց բնակարանները տրամադրել մինչև 4 հոգուց բաղկացած ընտանիքներին, որտեղ առկա է առնվազն 1 անչափահաս երեխա, իսկ 2 սենյականոցները՝ 4 և ավելի անձից բաղկացած ընտանիքների, որտեղ առկա է առնվազն 2 անչափահաս երեխա:
Գյումրու քաղաքապետարան-«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում 3-րդ փուլով Գյումրիում կառուցված սոցիալական բնակարանների հանձնման արարողությանը տեղի էր ունեցել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին:
Ծրագրի այս փուլով կառուցված 18 սոցիալական բնակարաններից 3-ը տրամադրվել էր նախորդ տարվա վիճակահանությանը մասնակցած, բայց բնակարանի շահառու չդարձած բնակիչների, 3 հատ 1 սենյականոց բնակարան տրամադրվել էր Գարեգին Նժդեհի թիվ 7 հասցեի՝ Տեքստիլագործների նախկին հանրակացարանում բնակվող երեք բնակչի, քաղաքապետարանի առաջարկով 1 հատ 2 սենյականոց բնակարան տրամադրվել էր գյումրեցի Մնոյանների ընտանիքին (4 անձից բաղկացած), իսկ մեկ հատ մեկ սենյականոց բնակարան բարերարի առաջարկով տրամադրվել էր Գոհար Ստեփանյանին:
Մնացյալ բնակարանների բաշխման համար նախատեսվել էր այս տարվա սկզբին գումարել հանձնաժողովի նիստ, փոփոխություններ կատարել չափորոշիչներում և ըստ հերթականության իրականացնել հետագա գործընթացները:




