
Միրգը, բանջարեղենը, նորածնի տակդիրներն ու այլ ապրանքներ այսուհետ առանց մաքսային վճարների Հայաստան կներկրվեն միայն անձնական օգտագործման համար։ Պետական եկամուտների կոմիտեն նվազեցնում է առանց մաքսատուրքի ներկրվող բեռների սահմանաչափը։ Կոմիտեում կարծում են, որ հարցը, թե ինչու է ներկրված լոլիկն ավելի էժան, քան տեղականը, նոր կարգավորումներից հետո ժամանակավրեպ կլինի։
Միրգ, բանջարեղեն թե նորածնային տակդիրներ․ այսուհետ այս ու այլ ապրանքներ առանց մաքսային վճարի Հայաստան կներկրվեն միայն անձնական օգտագործման համար։ Նախաձեռնությունը ՊԵԿ–ինն է։ Գործող կարգավորումներով նույնպես Հայաստանի տարածք ներմուծվող ապրանքների համար հստակ սահմանաչափեր կան։ Դրանք գերազանցելու դեպքում գանձվում է ԱԱՀ։ Սա ներքին իրավակարգավորում է, ԵԱՏՄ շրջանակներում գործում են այլ կարգավորումներ։
Մեկուկես տարի առաջ ՊԵԿ–ում որոշեցին մաքսատուրքերը համապատասխանեցնել ԵԱՏՀ կարգավորումներին․ ուղեկցող ՝ այսինքն առանց մաքսային վճարների տեղափոխվող բեռի սահմանաչափը 25 կգ–ից դարձավ 50 կգ։ Ըստ Մաքսայինի վերլուծության՝ ազդեցությունը ընդհանուր շուկայի վրա բացասական էր։
«Քաղաքացիները ուղեկցող բեռների անվան տակ ակնհայտ բիզնես մտադրությամբ փորձեցին ներմուծել ապրանքներ։ Շատ տնտեսվարողներ իրենց ապրանքները ներմուծելիս մինչև մասքային սահմանը հատելը ուղղորդում էին ֆիզիկական անձանց, որպեսզի ուղեկցող բեռի անվան տակ ներմուծեն իրենց ապրանքը։ Սա ներքին շուկայում ցնցումներ առաջացրեց»։
Արդյունքում որոշվեց 50 կգ սահմանաչափը նորից իջեցնել ու դարձնել 25 կգ։ Կարգավորումն ուժի մեջ մտավ 2019թ–ին։ Կառավարությունն այժմ նորից փոխում է պայմանները։ Հիմնական նպատակը, ի հայտ եկած ռիսկերը հաշվի առնելով, որոշ ապրանքների համար այնպիսի սահմանաչափեր սահմանելն է, որոնք շահեկան չեն լինի բիզնես նպատակով դրանք ներկրելու համար։

«Միս՝ սահմանված է 30 կգ, իջեցնում ենք 25 կգ։ Ձկներ , կենդանական ծագում ունեցող մթերքներ՝ 25 կգ ենք սահմանում գործող 30 կգ–ի փոխարեն։ Փոփոխությունների հիմնական նպատակը ստվերի դեմ պայքարն է»։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նույնպես տեղյակ է, որ շատերը մեքենայով ապրանք են ներկրում վաճառելու համար։ Նա ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հարցրեց․
«Իրականում շուկայի համար կա՞ն ապրանքատեսակներ, որոնց ներմուծումը խնդիր է առաջացնում»։
Դավիթ Անանյանը հստակեցրեց․« Օրինակ, միրգը, պամպերսները կամ ինչպես ասում են խանձարուրը։ Պատկերացրեք, որ 10 կամ 20 տոննա ունեցող բեռնատարը գալիս է, և նախկինում 50, այժմ՝ 25 կգ բեռները փորձում են ներմուծել Հայաստան»։
Կարգավորումները կօգնեն, որ բարեխիղճ հարկատուների աշխատանքը չխաթարվի, քանի որ շուկայում առանց հարկային վճարումների հայտնված ապրանքն ակնհայտ ցածր գին ունի և անհավասար մրցակցային դաշտ է ստեղծում։
ՏՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը միջամտեց․ «Իրականում խնդիր կա, բայց նախորդ տարիների համեմատ խնդիրը նվազում է»։
Կսահմանվի նաև հաճախականությունների քանակը, կհստակեցվի, թե ամսվա մեջ քանի անգամ է հնարավոր առանց մաքսային վճարի ապրանք ներմուծել։
Ինչու է ներկրված լոլիկն ավելի էժան, քան տեղական արտադրությանը․ ՊԵԿ–ում կարծում են, որ նոր կարգավորումներից հետո այս հարցն արդեն ժամանակավրեպ կլինի։




