
Այսօր Դրեյփերի համալսարան ընդունելության հարցազրույցի եզրափակիչ փուլն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հիշեցնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը
Հաղթողներին ընտրելու համար որպես ժյուրիի անդամներ ԱՄՆ-ից Հայաստան են ժամանել Դրեյփեր համալսարանի նախագահը, ընտրող հանձնաժողովի ղեկավարը և ծրագրի ղեկավարը:
Հարցազրույցի արդյունքում 5 ձեռնարկատեր կստանա պետական կրթաթոշակ՝ Սիլիկոնյան հովտի Դրեյփեր համալսարանում ձեռներեցության դասընթացներին մասնակցելու համար։
Ծրագիրն իրականացվում է Հայկական բարեգործական ընդանուր միության հետ։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից նախաձեռնված կրթական ծրագիրը, որը ֆինանսավորվում է Հայաստանի կառավարության կողմից, հնարավորություն կտա 15 հայ ձեռներեցի այս տարի ԱՄՆ-ում գործող Դրեյփերի համալսարանում մասնակցել 7 շաբաթ տեւողությամբ ծրագրի:
Ծրագիրն այս տարի կանցկացվի 3 անգամ՝ գարնանը, ամռանն ու աշնանը: Յուրաքանչյոււր շրջափուլի համար կընտրվի 5 ձեռներեց: Ամառային եւ աշնանային սեսիաների հայտերի ընդունման գործընթացը կմեկնարկի առաջիկայում:
Դրեյփերի համալսարանը Սիլիկոնյան հովտի ամենահայտնի գիտական կենտրոններից է։ Այն հիմնել է վենչուրային կապիտալիստ Թիմ Դրեյփերը, որը ձեռներեցության եւ բիզնեսի զարգացման յուրօրինակ դասընթացներ է անցկացնում: Համալսարանում դասախոսներն իրական կյանքում թրծված ձեռնարկատերեր են, որոնք ուսանողների հետ կիսվում են իրենց փորձով՝ նախապատրաստելով նրանց պոտենցիալ ներդրողի հետ հանդիպմանն ու սեփական նախագծի, բիզնես ծրագրի կամ ստարտափի ներկայացմանը։




