
Վերջ տալ բանակում փողոցային բարքերին․ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր կողմից հրավիրած խորհրդակցության ընթացքում խոսել է բանակում առկա արատավոր երեւույթների մասին, հորդորել դատախազներին գիշեր, թե ցերեկ, առանց ժամը հաշվի առնելու մտնել զորամասեր, ստուգել վիճակն ու հասկանալ, թե ովքեր են բանակում տիրող արատավոր բարքեր տարածողները, բացահայտել այդ որջերը` իր ձեւակերպումն է․
«Չի կարող բանակում մահվան ելքով դեպք տեղի ունենա ու դա թերացումների արդյունք չլինի։ Այլ հարց է, թե այդ թերացումն ինչ աստիճանի է՝ խախտման, հանցագործության, թե` անփույթ վերաբերմունքի։ 2020 թվականի մեր առաջնահերթությունն է լինելու այդ արատավոր բարքերի դեմ անզիջում պայքարը։ Պետք է մտնենք զորանոցներ, տեսնենք, համոզվեք կա՞ն նման բարքեր, ովքե՞ր են այդ որջերի պատասխանատուները, կարգապահական պատասխանատվության ենթարկեք, տեղափոխեք, հարցը բարձրացրեք հրամանատարների առջեւ․․․ Չենք կարող մենք նման երեւույթներ թույլ տալ բանակում»,– ասաց դատախազը։
«Զինվորը զինծառայության ընթացքում գտնվում է պետության հոգածության ներքո, եւ պետությունը 100 տոկոս պատասխանատվություն է կրում զինվորի կյանքի, առողջության համար»,–ասել է ՀՀ գլխավոր դատախազը՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ներկայությամբ ամփոփելով 2019թ. ընթացքում զինվորական դատախազության գործունեությունը։
Խորհրդակցությանը մասնակցել են նաև ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության և կայազորների դատախազները, ինչպես նաև ներկայացուցիչներ ՊՆ-ից, ռազմական ոստիկանությունից:

Պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի խոսքով` բանակում, ցավոք, առկա են փողոցային բարքեր եւ պետք է դրա դեմ պայքարել մանրակրկիտ վերլուծություն անելով։
«Բանակը, ցավոք սրտի, ապահովագրված չէ նման դեպքերից, բայց վերաբերմունքն այդ դեպքերի նկատմամբ պետք է լինի անհանդուրժողական։ Այդ դեպքերը պետք է ընկալվեն որպես մարտահրավերներ բանակին»,–ասաց Հարությունյանը։
Պետք է հասկանալ, թե ովքեր են ներգրավված այդ դեպքերի մեջ, ինչ տիպի զորամասերում են դեպքերը տեղի ունենում, ինչ հարաբերություններ են զինվորների ու սպայական կազմի միջեւ։ Հասկանալ է պետք, թե ովքեր են արատավոր բարքերի տարածողները, ինչ ընտանիքներում են ապրել, ինչ կրթություն ունեն։
Հասկանալ է պետք նաեւ, թե ովքեր են զոհերն ու ինչ ընտանիքից են, քանի որ կատարված լավ գործերը զրոյացվում են մեկ անցանկալի դեպքի պատճառով, ասում է հասարակական խորհրդի նախագահը․
«Այդ երեւույթները տեղի են ունենում սպաների, հրամանատարության ներքո։ Պետք է վերլուծվեն այն դեպքերը վերջին երկու տարվա ընթացքում, որոնք ավարտվել են սպանությամբ կամ ինքնասպանությամբ»։

Խնդիրները պետք է հստակ դնել ու թյուր կարծիք չունենալ, թե հնարավոր է միանգամից բացառել նման դեպքերի մուտքը բանակ` ասում է Գեղամ Հարությունյանը։ Առաջարկում է հարցի լուծման իր տարբերակը․
«Բանակի ներքին դիմադրողականությունը պետք է բարձրացնենք այս դեպքերի նկատմամբ։ Այլ կերպ ասած` պետք է բարձրացնենք բանակի դիմադրողականությունը այս դեպքերի նկատմամբ»։
Արատավոր բարքերի մասին մտայնությունը չի կարող մարտահրավեր նետել զինվորական կարգ ու կանոնին` հստակեցնում է Գեղամ Հարությունյանը՝ զգոնության կոչ անելով սպայական կազմին ու հրամանատարությանը։ Եթե սպաները աչք են փակում արատավոր երեւույթներ արմատավորող մտայնության տարածման դեմ՝ արջի ծառայություն են մատուցում բանակին, քանի որ այդ բարքերը միտված են վնասելու բանակի համբավը, բանակ–հասարակություն փոխհարաբերությունները։




