ԿարևորՀասարակություն

Ի՞նչպես գտնել երկրորդ կեսին

Տեղեկատվական տեխնոլոգիաներն աստիճանաբար փոխարինում են մարդկային անմիջական շփումներին: Հարազատների, ընկերների որպիսությունն իմանալու համար այլևս այցելություններ ու հանդիպումներ պետք չեն, բավական է  մեկ զանգը կամ տեսակապը:  Իսկ փողոցում ծանոթություններին արդեն վաղուց  փոխարինում է վիրտուալ ծանոթությունը:

Սոցցանցերի միջոցով ծանոթանալն ու ամուսնանալն արդեն սովորական երևույթ է: Նույնը  ամուսնական գործակալությունների մասին ասել դեռ չենք կարող, բայց,  պարզվում է,  Հայաստանում այդ ծառայությունն էլ պահանջված է և հաջողություններ ունի: Այսօր ամուսնական գործակալությունների միջազգային օրն է:

Միջնորդի  կամ ժողովրդական լեզվով ասած սաբաբի միջոցով է ամուսնուն գտել  «Երջանկության գաղտնիք» ամուսնական գործակալության տնօրեն Իլոնա Բաղիշյանը։  Նույն  տարում էլ ամուսինները   որոշել են ստեղծել ամուսնական  գործակալություն,   որի միջոցով արդեն մյուսները կգտնեն իրենց երջանկությունը։ Ընկերները   սկզբում քմծիծաղով ու թերահավատորեն են վերաբերվել, տարակուսել են, թե ով պետք է Հայաստանում  գործակալության միջոցով  գտնի  իր երկրորդ  կեսին։  Վիճակագրությունը, սակայն,  այլ բան է ցույց տալիս․ 2009 թվականից արդեն 750 ընտանիք է ձևավորվել։  Մի խոսքով, սաբաբին այսօր փոխարինում է  գործակալությունը՝ ասում է Իլոնան.

«Մեր  այցելուները կայացած մարդիկ են, հաճախ` մի քանի բարձրագույն կրթությամբ,  և խիստ զբաղվածության պատճառով պարզապես չեն կարողացել գտնել իրենց կեսին»:

Յուրաքանչյուր դիմողի համար կազմվում է առանձին թղթապանակ, որը պահվում է տվյալների բազայում ու հրապարակման ենթակա չէ։ Ընտրության առաջին հնարավորությունը տրվում է տղամարդուն, հետո արդեն ընտրված  կնոջը տեղյակ են պահում։  Փոխադարձ համաձայնության դեպքում կազմակերպվում է առաջին հանդիպումը։ Իլոնան հավաստիացնում է, որ գործակալություն դիմում են  ոչ թե անճարները, այլ  արդեն   կայացած ու ճանապարհ անցած մարդիկ։

Տղաների պարագայում կա մի քանի նախապայման՝ տարիքը 28 –ից բարձր պետք է լինի, ու ինչպես «Երջանկության մեխանիկա»  հայտնի  ֆիլմում  է, այնպես էլ այստեղ պարտադիր պայման է, որ տղան աշխատանքով ապահովված լինի, բարձր աշխատավարձն ուղղակի ցանկալի է։

Գործակալության տնօրենը  պատմում է, որ հաճախ տղաների համար պայմանագրեր կնքում են մայրերը։   Լինում են դեպքեր, երբ նրանք լացակումած գալիս են իրենց գրասենյակ։

«Դուք չեք պատկերացնի՝ ոնց են լացում ու ասում, որ իրենց տղային ամուսնացնենք, որ  արդեն 40 տարեկան է ու դեռ չի ամուսնացել։ Տղաներն ընկնում են կարիերայի հետևից ու ժամանակ չեն գտնում անձնական կյանքի համար»։

Համացանցը մրցակից չեն համարում, քանի որ այնտեղ  տղաներն  և աղջիկները   հաճախ   տեղադրում են  իրենց արտաքինին ու տարիքին  չհամապատասխանող նկարեր, իսկ գործակալություններում տվյալներն իրական են։

Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սեդրակ Սեդրակյանը ողջունելի է  համարում, որ Հայաստանում նման կազմակերպություններ կան։ Սակայն նշում է, որ ամուսնական խնդիրները սովորաբար առաջ  են  գալիս ամուսնությունից հետո։  Նա  անդրադառնում է    գործակալության տնօրենի այն դիտարկմանը,  թե հաճախ մայրերն են իրենց որդիների համար դիմում ներկայացնում։

«Իհարկե դա ոչ ճիշտ ներընտանեկան հարաբերությունների հետևանք է, քանի որ մոր գերխնամքը նախընտրելի չէ»։

Հոգեբանի կարծիքով՝ մայրերի գերուշադրությունն իրենց որդիների կյանքը ոչ թե հեշտացնում, այլ բարդացնում  է։ Իսկ ինչպես են մեր համաքաղաքացիները վերաբերվում ամուսնական գործակալություններին։

«Սխալ եմ համարում․ աղջկան դու պետք է տեսնես, շփվես, ոչ թե նկարով հավանես»

«Եթե կարողանում են ընտանիք կազմել ու լինել երջանիկ, ոչ մի վատ բան չկա»։

Ամուսնական գործակալությունների միջազգային օրը գրանցվել է Ուկրաինայում 2010 թվականի դեկտեմբերի 1-ին։ Իսկ առաջին ամուսնական գործակալությունը՝ «Հանդիպումների եւ հասցեների բյուրոն», բացվել է 1950 թվականի սեպտեմբերի 29-ին, Լոնդոնում: 

Տարեցտարի ամուսնական գործակալությունների, ինչպես նաեւ դրանց դիմողների թիվն ավելանում է: Միայնակ սրտերը գործակալությունների միջոցով փորձում են գտնել իրենց սերն ու երջանկությունը, ընտանիք ստեղծել:

Կարդացեք նաև

Back to top button