
Ազգային ժողովում այսօր քննարկել են սոցիալական ուղղվածության միանգամից մի քանի օրենսդրական նախաձեռնություն։ Ստեղծվում է սոցիալական կարիքների գնահատման միասնական համակարգ և գրասենյակ, ներդրվում է «խնամակալության նպաստ» հասկացությունը։
Սրանք միասնական քաղաքականության բաղադիչներ են, որոնք, ոլորտի պատասխանատուների խոսքով, միտված են սոցիալական ծրագրերի ուղղվածությունը փոխելուն, «ծայրահեղ աղքատ» հասկացությունը վերացնելուն։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը հավաստիացրել է, որ «հեղափոխական ծրագրեր» ունեն։
3–րդ աստիճանի սահմանափակում ունեցող 433 երեխայի խնամակալ առաջիկայում պետությունից կարող է ստանալ գումար՝ նախկինում չվարձատրվող աշխատանքի համար։ Մի խումբ պատգամավորներ առաջարկում են պետական աջակցության չափ սահմանել 26 500 դրամը։ Կարգավորումը կգործի, եթե «Պետական նպաստների մասին» օրենքում ընդունվեն պատգամավորների առաջարկած փոփոխությունները։

Նախագծի համահեղինակներ Նարեկ Զեյնալյան եւ Լուսինե Բադալյան․
Նարեկ Զեյնալյան. «3–րդ աստիճանի սահմանափակում եւ 3–րդ խմբի հաշմանդամություն հասկացությունները նույնական չեն, տարբեր են ինքնասպասարկման ապահովման ունակության անկարողություն ունեցող անձինք, ինքնուրույն տեղաշարժվելու անկարողություն ունեցող անձինք, ուսումնառության անկարողություն, կողմնորոշվելու անկարողություն եւ այլն»։
Լուսինե Բադալյան. «Մենք խոսում ենք այն երեխաների ծնողների մասին, որոնք որեւէ կերպ չեն կարող ներառվել այլ հաստատություններ, խնամքը թեկուզ ժամանակավոր չեն կարող ստանձնել եւ երեխային ծնողը խնամում է 24 ժամ տնային պայմաններում։ Սկզբում ներառված էին, բոլոր խոցելի խմբերը, այստեղ ես մի քիչ համաձայն չեմ, չեմ կարող առանձնացնել, որ որոխաների խնամքն է ավելի խոցելի, թե՝ 24–ժամյա անկողնային ռեժիմով, օրինակ, ծանր ինսուլտով պառկած ծնողին կամ բարեկամին խնամելը»։
Նախագծի նախնական տարբերակում շահառուների թիվը 20 հազար էր, պետությունը հաշվարկել է եւ որոշել, որ այս փուլում անիրատեսական է այդ նպատակին ուղղել 4 միլիարդ դրամ։ Պատգամավորները համաձայնել են ընտրել ամենաթիրախային խումբը, քանի որ տեղյակ են՝ կառավարությունը նոր կարգավորումներ է մշակում։
«Կառավարությունում այս պահին շրջանառվում է «անձնական օգնականի» համակարգ–ինստիտուտի ներդրման նախագիծը և այդ մասով, կարծում եմ, մյուս հատվածի հետ կապված խնդիրները նույնպես կլուծվեն»,- ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Նարեկ Զեյնալյանը։
Այս ամենին զուգահեռ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է ստեղծել սոցիալական կարիքների գնահատման միասնական համակարգ և գրասենյակ։ Ենթադրվում է, որ նոր համակարգի միջոցով կգույքագրվեն սոցիալական ոլորտի խնդիրները։ Առաջարկվող լուծումներն առայժմ թերահավատ են ընդունում ընդդիմադիր պատգամավորները, հիմնականում ԲՀԿ–ից։

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանի պարզաբանումը Սերգեյ Բագրատյանի հարցին․
Սերգեյ Բագրատյան․ «Ամենևին չեմ վիճարկում նպատակը, ուղղակի բազմաթիվ թերություններ կան այս ծառայություններում, և բազմաթիվ քաղաքացիներ բողոքում են, որ սոցիալական կարիքի գնահատումը բավարար չափով և արդար չի կատարվում։ Գտե՞լ եք այն մեխանիզմը, որը իրապես կօգնի դեպի արդար ճանապարհ տանելու այս գործընթացը»։
Ժաննա Անդրեասյան․ «Մենք էապես փորձում ենք փոխել նաև բովանդակությունը։ Մասնավորապես՝ մշակվել է դեպքի վարման տեղեկատվական համակարգը, քայլեր ենք ձեռնարկել, որպեսզի այս գործընթացը հնարավոր լինի շարժական տեխնոլոգիաների՝ պլանշետների միջոցով, ինչը հնարավորին կբարձրացնի հասցեականությունը։ Այս տարվա բյուջեով նաև դրված է տուն–այցերիֆինանսավորման հնարավորությունը, որի բացակայությունը էապես խոչընդոտում էր աշխատանքների որակին։ Իհարկե, ամենակարևոր բարեփոխումը ընդհանրապես աջակցության համակարգի բովանդակային բարեփոխումն է՝ նպաստների համակարգի, որի մասով առաջիկայում կարծում եմ մանրամասն կարող ենք քննարկում ունենալ»։
Մարդկային ռեսուրսը նախարարությունը փորձում է համալրել ուսանողների միջոցով։ Համագործակցում են 5 բուհ–երի հետ, որ սոցիալական աշխատողի մասնագիտություն ունեցող շրջանավարտները մասնակցեն նախատեսված ծրագրերին։

Կառավարությունը նպատակ ունի մինչև 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատություն հասկացությունը: Ըստ պաշտոնական տվյալների՝ 2018–ին ծայրահեղ աղքատությունը եղել է մեկ տոկոս կամ այդ կարգավիճակում է մոտավորապես 30 հազար մարդ։ Աղքատության մակարդակը 23,5 տոկոս է: 2017–ի համեմատ 2.2 տոկոսի դրական տեղաշարժ կա։ Պատգամավորները, սակայն, փոխնախարարին չեն մոռանում հիշեցնել, որ Հայաստանում գոյություն ունի «աշխատող աղքատներ» հասկացություն։




