
Հայկական արմատներով հազարավոր հորդանանցիներ մեծ ներդրում են ունեցել Հորդանանի զարգացման գործում նախագահական նստավայրում ասել է Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը, որն առաջին անգամ է Հայաստանում: Նախագահ Արմեն Սարգսյանը այցը պատմական ու եզակի է որակել։
Զինվորական նվագախմբի կատարմամբ
հնչում է Հորդանանի Հաշիմյան Թագավորության
և Հայաստանի Հանրապետության պետական օրհներգերը:
Նախագահ Արմեն Սարգսյանը և թագավոր Աբդալլահ Երկրորդը պատվո պահակախմբի հրամանատարի
ուղեկցությամբ կատարում են զինվորական նվագախմբի
և պատվո պահակախմբի ստուգայց։
Հետո արդեն կարմիր գորգի վրայով նախագահը թագավորին ուղեկցում է նախագահական նստավայր ու այստեղ էլ արդեն բազմաթիվ հյուրերի ներկայությամբ Արմեն Սարգսյանը խոսում է թագավորի այցի կարևորության ու պատմական լինելու փաստից։
Հայաստանը՝ որպես աշխարհում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկիր, ոչ միայն լավ հարաբերությունների մեջ է Հորդանանի հետ, այլև շատ բաներ կարող ենք անել միասին, ասում է նախագահը։
«Սա պատմական ու բացառիկ այց է։ Երկու երկրների, ժողովուրդների բարեկամությունը հարյուրամյակների, միգուցե, հազարամյակների պատմություն ունի: Սա ինձ համար լավ հնարավորություն է որպես հայ իմ երախտիքը հայտնել Ձեր ժողովրդին և Ձեր ընտանիքին, որովհետև մենք բոլորս հիշում ենք, որ ձեր ապուպապը 100 տարի առաջ արաբական աշխարհին ուղերձ ուղարկեց՝ խնդրելով ապաստան տալ այն հայերին, որոնք փրկվել էին Ցեղասպանությունից»։
Հորդանանը, ինչպես Հայաստանը, իր մարդկային կապիտալը դարձրել է դեպի զարգացում տանող հիմնական շարժիչ ուժը. երկու երկրները երկկողմ համագործակցությունից քաղելու շատ բան ունեն, ասում է Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմին: Թագավորին մայրաքաղաք Երևանը հիշեցրել էր իր սիրելի Հորդանանը, որը Երևանի պես հին է ու նույնքան երիտասարդ։

«Մեր երկրները, ժողովուրդներն իրենց ուրույն տեղն ունեն ժամանակակից աշխարհում՝ մնալով հավատարիմ իրենց ինքնությանը, մշակույթին, հավատքին: Հազարավոր հորդանանցիներ արմատներով Հայաստանից են: Բազմաթիվ են սուրբ վայրերն ամբողջ աշխարհի քրիստոնյաների եւ մահմեդականների համար: Մենք չենք կարող թույլ տալ, որ սուրբ քաղաքը՝ Երուսաղեմը, դառնա բաժանման առանցք։ Այն գժտության վայր դարձնելը անթույլատրելի է»:
Աբդալլահ Երկրորդ թագավորն իսլամական աշխարհում մեծ հեղինակություն վայելող գործիչ է, Հաշիմյան թագավորական հարստության ներկայացուցիչ, Մուհամմադ մարգարեի 41-րդ սերնդից, գահ է բարձրացել 1999թ. փետրվարի 7-ին: Աբդալլահ Երկրորդը Երուսաղեմի քրիստոնեական և իսլամական սրբավայրերի խնամակալն է: Նախագահ Արմեն Սարգսյանը և Հորդանանի թագավորը հանդիպել էին 2019թ. ապրիլին Հայաստանի նախագահի՝ Հորդանան աշխատանքային այցի ժամանակ, որի ընթացքում էլ Հայաստանի նախագահը հրավիրել էր Հորդանանի թագավորին այցելել Հայաստան։
Նախագահի հետ հանդիպումն ավարտվում է ջերմ ձեռք սեղմումով, թագավորն ասում է. «Եղբայրությունը միշտ հաղթում է, իսկ համագործակցությունը Հայաստանի հետ շարունակական է լինելու»։




