ԿարևորՀասարակություն

Ինչո՞վ է տարբերվել խորհրդարանի աշխատանքը նախորդ նստաշրջանում

7-րդ գումարման Ազգային ժողովը 3-րդ նստաշրջանի ընթացքում ավելի շատ օրենք է ընդունել, քան նախորդում։ Պատգամավորների  նախաձեռնությունների բաժինը ընդհանուրի մեջ էականորեն աճել է։  Ընդդիմադիներն իրենց հեղինակած նախագծերի  ավելի մեծ մասն են կարողացել օրենք դարձնել, բայց նաև ավելի շատ են մերժվել։

Իսկ ամենաշատ բացակայած պատգամավորների տասնյակում  այս անգամ էլ շուրջ տասնամյա ավանդույթը խախտված է, և  Գագիկ Ծառուկյանն այլևս խորհրդարանի ամենաշատ բացակայած պատգամավորը չէ։  «ԱԺ մոնիտորինգ» ծրագիրն ամփոփել է նախորդ նստաշրջանի դիտարկման  արդյունքներն ու  ներկայացրել տվյալներ, թե ինչով է տարբերվել խորհրադարանի  աշխատանքն այդ ընթացքում։  

Ըստ Ազգային ժողովի մոնիտորինգի տվյալների՝  3-րդ նստաշրջանում գրանցվել է խորհրդարան-կառավարություն օրինաստեղծ գործունեության աննախադեպ հարաբերակցություն: Եթե 2-րդ նստաշրջանի ընթացքում ընդունված օրենքների միայն 9%-ի հեղինակն է եղել խորհրդարանը, 91%- ինը՝ կառավարությունը, ապա 3-րդ նստաշրջանի ընթացքում ընդունված օրենքների շուրջ 31 %-ը հեղինակել է խորհրդարանը, 69%-ը՝ կառավարությունը։

Ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանն ասում է՝ սա  ԱԺ մոնիտորինգի շուրջ տասնամյա դիտարկումների ընթացքում գրանցած ամենաբարձր ցուցանիշն է:

Ի տարբերություն նախորդների՝  այս խորհրդարանը չխոսկան պատգամավորների պակաս չի զգացել։

Ըստ մոնիտորինգի  ամենաշատ կողմ քվեարկած պատգամավորը  ԲՀԿ-ից Կարինե Պողոսյանն է, ամենաշատ դեմ քվեարկած պատգամավորը «Իմ քայլից» Հայկ Սարգսյանն է, ամենաշատը ձեռնպահ է քվեարկել «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Թովմասյանը ։  Ամենաշատ բացակայած պատգամավորի տիտղոսն այլևս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանինը չէ։ Այս տասնյակում արդեն ամենաշատ  գործուղումների գնացած պատգամավորներն են։

 «Նախկինում գործարար համբավ ունեցող պատգամավորներն էին զբաղեցնում բացակաների տասնյակը: Այս գումարման խորհրդարանում բացակաների տասնյակում միջխորհրդանական պատվիրակություններում ընդգրկված, շատ գործուղումների գնացած պատգամավորներնեն: Բացակաների տասնյակն ամբողջությամբ կազմված է նրանցից, բացառությունները մեկ–երկուսն են։ Օրինակ Գագիկ Ծառուկյանն այդ տասնյակի ութերորդ հորիզոնականում է»։

Ընդդիմադիր խմբակցությունների 21 օրենսդրական նախաձեռնություն քվեարկությամբ մերժվել է և չի ընդգրկվել նստաշրջանի օրակարգ: Ընդդիմության 7 օրենսդրական նախաձեռնություն էլ մերժվել է քննարկվելուց հետո: Սրան հակառակ՝ գրեթե 4 անգամ ավելացել է ընդդիմադիր խմբակցությունների հեղինակած և ընդունված օրինագծերի թիվը։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն  ասում է, որ   իշխանական խմբակցության օրինագծերը  քիչ են մերժվում, որովհետև կառավարությունն աջակցում է,  ավելին՝ հուշումներ էլ  են  լինում։ Երբեմն էլ   իրենք և իշխանական խմբակցությունը առաջարկում են նույն նախագիծը, սակայն ընդունվում է իշխանության գաղափարը:

«Բայց որ ակտիվ է ընդդիմությունը աշխատում, դա արդյունքն է այն բանի, որ այս պառլամենտում , ի  տարբերություն նախորդի, ընդդիմադիրների նկատմամբ ըմբռնումն ավելի մեծ է։ Երբեմն չբավարարող բաներ կան, երբ մենք նախագիծ ենք մշակում, տեսնում ենք՝ նույնը սկսել է նաև իշխանությունը։  Այս պառլամենտում, ի տարբերություն նախորդի, ընդդիմադիր ֆրակցիաների նկատմամբ ըմբռնման ավելի բարձր մակարդակ է, թեև մեզ համար ոչ բավարար»։ 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիլեյանը կարծում է, որ աճել է խորհրդարանի ակտիվությունն ու նախաձեռնողականությունը, համաձայն չէ ԱԺ մոնիտորինգի այն գնահատականին, թե ցուցանիշը բարելավվել է կառավարություն– խորհրդարան ներքին համաձայնության արդյունքում։

Հետաքրքրական մեկ փաստ ևս՝   կառավարության որևէ նախագիծ չի մերժել խորհրդարանը, բայց ընդունվել են նախագծեր, որոնց վերաբերալ վերապահումներ է ունեցել կառավարությունը։ Օրինակ՝ Վարազադատ Կարապետյանի առաջարկը՝ Սևանա լճից ջրառի ծավալի սահմանափակման վերաբերյալ, կառավարությունը համարել էր ոչ բավարար հիմնավորված, բայց այն ընդունվել է 101 կողմ ձայնով։

Կարդացեք նաև

Back to top button