Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Եթե երբևէ Թուրքիան ժողովրդավարական և ազատ երկիր լինի, ծպտյալ հայերի թիվը առնվազն երկու միլիոնով կավելանա, կարծում էր «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը։
Թուրքիայի պաշտոնական տվյալներով` ներկայումս Թուրքիայում ապրում է շուրջ 55 հազար հայ։ Իհարկե՝ Թուրքիայում բնակվող հայերի թիվը գերազանցում է թուրքական կառավարության պաշտոնական տվյալները: Այդ երկրի սահմանադրության մեջ ամրագրված է, որ Թուրքիայի բոլոր քաղաքացիները համարվում են թուրք: Պոլսի հայոց պատրիարքարանի տվյալներով` հայերի թիվը հասնում է շուրջ 70 հազարի։
Թյուրքան Աքջան, իսկ 1995 թվականից արդեն Մարիամ Սարգսյան: Բնակության վայրը՝ Էլյազիգի նահանգի Քեբան գավառ: Օրինակը թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի աշխատություններից մեկում է զետեղված: Մարիամ Սարգսյանը միակ հայը չէ, ով բնակվում է Թուրքիայում և ում նախնիները 1915 թվականի ապրիլյան ահասարսուռ այս օրերին թուրքական արյունարբու յաթաղանից մի կերպ են փրկվել:
Մազապուրծ են եղել` առերես ընդունելով իսլամը, ցանկը կարելի է երկար շարունակել։ Ճակատագրի բերումով երբեմնի ծպտյալ մեր հայրենակիցները կրոնի հետ հաճախ փոխում են նաև իրենց անունները և ընդունում հայկական անձնանուններ:
1916-2004թթ. ընթացքում Թուրքիայում մահմեդականությունից պաշտոնապես հրաժարվել է մոտ 2000 քաղաքացի, և մանրամասն ուսումնասիրությունից պարզվել է, որ նրանց մեծ մասը կամ, ավելի որոշակի 1340-ը, ծագումով հայեր են, որոնք վերընդունել են քրիստոնեություն: Տվյալները հայ պատմաբանների ուսումանասիրությաններից են։
Այսօր էլ կարելի է հանդիպել երկակի անունով երեխաների, փողոցում թուրք-մահմեդական ներկայացող , իսկ տանը քրիստոնյայի վերածվող ընտանիքների: Նման ընտանիքների կարելի է հանդիպել բոլոր նահանգներում, նրանք վերջին շրջանում ավելի ակտիվ են ու ավելի բացահայտ են գործունեություն ծավալում:
Դերսիմում, օրինակ, 2010 թվականի նոյեմբերի 20-ին պաշտոնապես բացվեց «Դերսիմի հայերի միությունը»: Թե քանի հայ է բնակվում այստեղ, Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» տնօրեն Հայկազուն Ալվրցյանը դժվարանում է պատասխանել։
«Հայերը շատ են, բայց հիմնակնաում ապրում են որպես ալևիներ, իրենց ինքնությունը որպես հայ շատ չեն դրսևորում,- ասաց ու հավելեց,- բայց երբ մենք այնտեղ երկու տարի առաջ այստեղից տարել էինք ազգագրական համույթ, մի քանի օր մնացեինք տարբեր տեղերում, համերգներ տվեցինք, մեզ հազարավոր հայեր էին մոտենում։ Այնպես որ, եթե ասում են, որ Դերսիմի հայերի մեծ մասը ալևիացած ծպտյալ հայեր են, դրա մեջ որոշակի ճշմարտություն կա, եթե ոչ մեծ մասը, ապա վստահ կարող եմ վկայել, որ շատ-շատ է դրանց թիվը, որովհետև ես դա տեսել եմ»։
Դերսիմի հայերի գլխավոր խնդիրը ինքնության վերականգնումն է, հենց այս նպատակով էլ ստեղծվել է Դերսիմի հայերի միությունը, որի նախագահն ու մի քանի անդամներ արդեն քրիստոնեություն են ընդունել, վերադարձել են հայոց եկեղեցի, և տպագրում են «Դերսիմի հայեր» թուրքալեզու ամսագիրը:
Այս տարի Դերսիմում առաջին անգամ նախատեսված է ոգեկոչման միջոցառումներ անցկացնել
«Սա չլսված, չտեսնված բան է։ Ստամբուլում այս տարի չորրորդ անգամ է, որ նշում են, մի քանի տասնյակ կամ հարյուր մարդ հավավքում է ու նշում, բայց որ Արևմտյան Հայաստանի որևէ գավառում, կամ ընդհանրապես Ստամբուլից դուրս դրա մասին խոսվեր, իսկապես նորություն է»։
Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել նաև Դիարբեքիրում: Միջոցառման ավարտին մասնակիցները քայլել են Տիգրիսի ուղղությամբ եւ կամրջից վարդեր նետել գետը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: