
Լուսինե Նորեկյան
«Ռադիոլուր»
Ուղիղ մեկ տարի առաջ հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների խումբն առաջին անգամ մեկնեց Սիրիա՝ մարդասիրական առաքելություն իրակնացնելու նպատակով։ Եւ այս 12 ամիսների ընթացքում խմբի կատարած աշխատանքների մասին պարբերաբար խոսվել է, թե Հայաստանում, թե Սիրիայում։
Սակրավորներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբն առաջին անգամ հումանիտար առաքելությամբ Սիրիա է մեկնել նախորդ տարվա փետրվարի 8-ին։ Սիրիայի Արաբական Հանրապետությունում 12 ամիս անընդմեջ կապույտ համազգեստով մարդիկ եղել են սպասված հյուր։ Հայ բժիշկները կյանքեր են փրկել, իսկ սակրավորներն ապահովել են անվտանգ տարածքներ։
Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանն ասում է, որ մարդասիրական խմբի բժիշկները վիրաբուժական օգնություն են ցուցաբերել թե՜ սիրիացիներին, թե՜ հայերին։
Հումանիտար առաքելությունն իրականացնող խումբը գիտակցում է իր գործունեության կարևորությունը։ Հայ մասնագետները ջանք չեն խնայում բարեկամ ժողովրդի կյանքն անվտանգ դարձնելու հարցում, ասում է Նազելի Էլբակյանը։
Մոտ օրերին կիրականացվի հերթական մարդասիրական ակցիան Սիրիայի երեխաների համար։ Հայաստանից «Մի բուռ ժպիտ» կուղարկենք Սիրիա` ասում է Նազելի Էլբակյանը։
Առաքելության խմբի մասնակիցները նշում են, որ մեկ տարվա ընթացքում հայ և արաբ ժողովուրդների հարաբերություններում նոր էջ է բացվել, որի հիմքում մարդասիրությունն է։




