
Տավուշի մարզի սահմանամերձ շրջաններում նախորդ տարին, երկար տարիներից հետո առաջին անգամ, եղել է խաղաղ գյուղատնտեսական տարի,–հայտարարել է մարզի ղեկավարը՝ Հայկ Չոբանյանը։ Նա նշել է, որ հակառակորդի կողմից բնակավայրերի ուղղությամբ կրակոցները էապես նվազել են: Մարզպետարանը բնակիչների անվտանգության ապահովման նպատակով արդեն իսկ նախաձեռնել է քայլեր:
«Կրակոցները գյուղերի վրա էապես նվազել են, որոշ գյուղերի դեպքում ընդհանրապես չեն եղել: 2019 թվականը միակ տարին է եղել, որ ամբողջ գյուղատնտեսությունն իրականացվել է անվտանգ՝ առանց որևէ կրակոցի: Անցյալ տարի առաջին անգամ երկար տարիներից հետո ունեցել ենք խաղաղ գյուղատնտեսություն՝ սահմանամերձ գոտում»,-հայտնել է մարզպետ Չոբանյանը։
Նա նաև տեղեկացրել է, որ Տավուշի մարզպետարանը բանակցում է հնարավոր հովանավորների հետ՝ փակման վտանգի տակ հայտնված Արծվաբերդի և Աչաջրի ծննդատներում անվտանգ ծննդօգնություն իրականացնելու համար համապատասխան տեխնիկական պայմաններ ապահովելու նպատակով:
«Մենք, ըստ էության, արձանագրում ենք, որ Աչաջրի և Արծվաբերդի ծննդատներն այնքան էլ չեն համապատասխանում չափանիշներին, որպեսզի ապահովեն անվտանգ ծննդօգնություն։ Խոսքը վերաբերում է ծննդաբերությանը, քանի որ ամբուլատոր պրոցեսի համար բոլոր պայմանները կան»,– ասել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Նա այսօր ամփոփել է 2019թվականը։
Ծանրաբեռնված, դժվար, ոգևորող․ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այսպես է բնութագրում 2019թվականը։ Անցյալ տարի մարզում հաշվառվել է մոտ 1500 նոր աշխատատեղ՝ տարբեր ոլորտներում: Մարզում անցյալ տարի հատկապես ակտիվ են եղել փոքր ու միջին ձեռնարկությունները։ Սա Տավուշում կարևորում են, առաջիկայում մարզում նոր արտադրամաս կբացվի․
«Այս առումով 2020թվականին նույնպես գերակա ուղղություններ կլինեն։ 2019–ին առանձնացվել են հատկապես տեքստիլի ոլորտի մի քանի ծրագրեր։ Պառավաքարում առաջիկայում Տավուշ տեքստիլը նոր արտադրամաս կբացի»։
Տեքստիլի արտադրություն բացվեց նաև Իջևանում, Ազատամուտում։ Երեք ներդրումային ծրագրեր ոլորտում ընթացքի մեջ են։
Զբոսաշրջության ոլորտը նույնպես զարգանում է․ 2019–ին ոլորտում ներգրավվել է 3․3 մլրդ դրամ ՝ մոտ երեք անգամ ավելի շատ, քան նախատեսվում էր։ Հայկ Չոբանյանը ոլորտում կարևորում է հատկապես հյուրատների զարգացումը, գյուղական տուրիզմի հեռանկարները գայթակղիչ է համարում։ 62 բնակավայր ունեցող մարզում 58 –ը հենց գյուղական են։
«Տավուշում տուրիզմը մի տեսակ կենտրոնացված է Դիլիջանի շուրջը։ Մեր նպատակն է, որ աշխարհագրությունը ընդլայնենք։ 850 մլն դրամի կարգի ընդհանուր ֆինանսական ծավալ է ներդրվել փոքրիկ հյուրատների կառուցման համար»։
Մարզում այս տարի աջակցությունը կշարունակվի նաև գյուղատնտեսության ոլորտում։ Այգեգործություն, անասնապահություն՝ աջակցություն կստանան բոլոր ուղղությունները։ Սահմանամերձ երկու՝ Չինարի ու Այգեձոր գյուղերից 650 տոննա թուզ է մթերվել՝ 1 կգ 650–700 դրամով, 2018–ին մթերվել էր 400 տոննա։
«Հատկապես լիզինգային ու պետական աջակցության այլ գործիքներ են տրամադրվել։ Սրանք հիմնականում վերամշակման ոլորտում են եղել»։
2019–ին մարզում 4․5 հա տարածքում ջերմոցային 27 տնտեսություն է ստեղծվել։ 2020–ին նույնպես կշարունակվի այս ուղղությունը։ Տավուշում 2019–ին հատկապես անտառահատման դեմ էին պայքարում ակտիվ։ Կրքերը թեժ էին հատկապես Իջևանում։
Հայկ Չոբանյանը ձեռքբերում է համարում ապօրինի անտառահատումների դեմ պայքարը։ Կարծում է, որ տարեցտարի Հայաստանում անտառը գազանաբար է թալանվել։
«2019թ ըստ էության՝ առաջին անգամ հատուկ, կտրուկ ու հաստատակամ այս գործընթացը կանգնեցրինք»։

ՀՀ առողջապահության նախարարությունը փոփոխություններ է նախատեսել ծննդատների աշխատանքում, որոշել է տարեկան 150–ից պակաս ծնունդ ընդունող ծննդատները փակել։
Նախարարությունն այս տարի չի ֆինանսավորել Մարալիկի, Աչաջրի, Արտենիի, Ծաղկահովիտի, Արծվաբերդի, Քաջարանի և Եղվարդի ծննդատները։Աչաջուրը Տավուշի մարզում է։
«Մենք, ըստ էության, արձանագրում ենք, որ Աչաջրի և Արծվաբերդի ծննդատներն այնքան էլ չեն համապատասխանում չափանիշներին, որպեսզի ապահովեն անվտանգ ծննդօգնություն։ Խոսքը վերաբերում է ծննդաբերությանը, քանի որ ամբուլատոր պրոցեսի համար բոլոր պայմանները կան»,– ասում է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Մարզի ղեկավարը կարծում է, որ հագեցված պետք է լինեն բոլոր բժշկական կենտրոնները։
Հայկ Չոբանյանն անկեղծանում է․« Ելնելով այս պայմաններից՝ ես իմ հարազատ մարդուն չեմ ուղարկի այն առողջության կենտրոն, որտեղ չկան համապատասխան պայմաններ»։
Առաջիկայում Իջևանի 19 գյուղ կմիավորվի ու կստեղծվի Իջևան խոշորացված համայնքը։ Համայնքների խոշորացմանը Հայկ Չոբանյանը կողմ է։ Ակնկալիքներն էլ՝ մեծ։




