ԿարևորՀասարակություն

Բալահովիտի փայտե երկհարկանիներն ամեն րոպե կարող են փլուզվել

Բալահովիտում բնակվող 24 ընտանիք ահազանգում է՝ իրենց շենքերն ամեն րոպե կարող են փլուզվել։  Խորհրդային տարիներին կառուցված փայտե երկու երկհարկանիները քայքայվել են։ Պատերն ուռել ու առանձնանում են։ Օգնության համար՝ տեղի համայնքապետարանի միջոցները սուղ են, մարզպետարանում սպասում են  բնակարանաշինական ծրագրի, առայժմ չկա։  Ո՞րն է ելքը։

Կոտայքի մարզի  Բալահովիտ  համայնքի փայտե երկու երկհարկանիներում  մարդիկ ապրում են  սեզոնային վախով, ամռանը հրդեհից , խոնավ եղանակներին՝ փլուզումից։ Ձմռան այս օրերին վիճակն աղետալի է դարձել, շենքերն ամեն րոպե կարող են փլուզվել, մինչդեռ այստեղ 24 ընտանիք է ապրում, տասնյակ երեխաներ։  

Ահազանգը ստանալուց հետո դիմեցինք նախ տեղական մարմիններին։ Խնդրի լուծման ուղղությամբ ի՞նչ  քայլեր է ձեռնարկել Բալահովիտի համայնքապետարանը։ Աշխատակազմի քարտուղար Անդրանիկ Պետրոսյանը «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան նախ նկատեց՝  բնակարանները սեփականաշնորհված են, ապա՝ հարցին հարցով արձագանքեց․   ի՞նչ կարող է անել համայնքապետարանը մասնակի վերանորոգմանն օժանդակելուց բացի։

«Անձրևների հետևանքով անցյալ տարի մի պատը պոկվեց, օգնեցինք, վերանորոգեցին, բայց մենք 24 բնակարան վերանորոգելու հնարավորություն չունենք»։

Տեղի բնակիչ  Նելլի Պապյանը նախ պատմեց, որ խորհրդային տարիներին կառուցված այս երկու շենքերը  նախատեսված են եղել ռուս սպայական անձնակազմի համար, քանի որ հարևանությամբ էր գտնվում ռուսական զորամասը՝ Բալահովիտի հայտնի «պայթած զորամասը։

«Հետո այստեղ հայտնվեցին թե՛ փախստականներ, թե՛ զինվորականներ, թե՛ սովորական մարդիկ։ Մտել են, դուռ լուսամուտ դրել ու ապրել։ 2011 թվականին բնակարանները  սեփականաշնորհվեցին, այսինքն՝ օտարվեցին բնակիչներին նվիրատվության եղանակով»։

Բալահովիտի այս  շենքերն ամբողջությամբ փայտից են, քարից ոչինչ չկա։ Տարիների ընթացքում  պատերը  քայքայվել են։ Զրուցակցիս խոսքով՝ եղել է դեպք, երբ  դրսի պատն ամբողջությամբ պոկվել  ընկել  է, բնակարանը բաց է մնացել։  «Որոշ բնակարանների պատերի ու առաստաղի ճեղքերից անգամ երկինքն է երևում»,-ասում է։

«Անցյալ տարի գարնանը 2-րդ հարկի բնակարանի  տանիքը պոկվեց, առաստաղը կախվեց։ Առաջին հարկում փայտե հենարան են ամրացրել, որպեսզի առաջին հարկի առաստաղը պահի։ Բայց այդ ամենը ժամանակավոր է ու ահավոր վիճակ է։ Քայլելիս ամբողջ տունը ճոճվում է»։

2019-ին դիմել են ԱԻՆ,   փորձաքննություն է իրականացվել,  եզրակացությունը՝ շենքերը 4-րդ կարգի վթարային են։ Դիմել են կառավարություն, դիմումը վերահասցեագրվել է Կոտայքի մարզպետարանին։ Նելլիի ձևակերպմամբ՝ բոլոր տեղերից գալիս է ստանդարտ պատասխան․

«Չունենք քաղաքաշինական ծրագիր, ունենալու դեպքում կանդրադառնանք»։

Կոտայքի մարզպետարանին ուղղված մեծ հեռախոսազանգի արձագանքը ևս  նույնն էր։ Քաղաքաշինության վարչության պետ Տարոն Գևորգյանն ասաց․ «Խնդիրը գտնվում է Կոտայքի մարզպետարանի, ինչպես նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ուշադրության կենտրոնում։  Համապատասխան միջոցների առկայության դեպքում խնդրին առաջնահերթ լուծում կտրվի»,- ասաց մարզպետարանի պաշտոնյան։

Կարդացեք նաև

Back to top button