
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արևիկ Անափիոսյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից: Գրված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:
Այսօր Արևիկ Անափիոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ ընդունվել է Հարվարդի համալսարանի բիզնես դպրոց և արդեն հունվարի 13-ից ուսանում է Գործադիր կառավարման կրթական ծրագրով:

«Սիրելի ընկերներ, գործընկերներ, ծանոթներ, անծանոթներ, բարի կամեցողներ, համաքաղաքացիներ,
Ես ընդունվել եմ Հարվարդի համալսարանի բիզնես դպրոց և արդեն հունվարի 13-ից (առաջին մոդուլը` հեռակա) ուսանում եմ Գործադիր կառավարման կրթական ծրագրով: Ծրագրի շրջանակում սովորում եմ ֆինանսներ, ռազմավարական պլանավորում և կառավարում, միջազգային համագործակցություն, առաջնորդություն ու էլի նման հետաքրքիր ու կարևոր թեմաներ: Շատ եմ կարևորում մասնագիտական շարունակական զարգացումը և ուրախ եմ, որ մի քանի բարին կամեցող մարդկանց աջակցությամբ ունեմ այս դպրոցում սովորելու հնարավորություն:
Դուրս գալով ներկայիս աշխատանքից` ցանկանում եմ հույս հայտնել, որ մեր պետության համար կարևոր այն բոլոր նախաձեռնություններն ու ծրագրերը կշարունակեն իրականացվել, մասնավորապես, հանրակրթության ոլորտում չափորոշիչների վերանայում, առարկայական ծրագրերի մշակում, գնահատման համակարգի մշակում ու ներդնում, ուսուցիչների որակավորման շրջանակ և ստանդարտներ, ուսուցիչների մասնագիտական զարգացում և այլն:
Ցանկանում եմ սրտանց շնորհակալություն հայտնել իմ բոլոր գործընկերներին և խնդրել, որ շարունակեն իրենց աջակցությունը կառավարության նախաձեռնություններին, իսկ թե կան ընկերներ կամ գործընկերներ, ում պատահաբար վրդովեցրել եմ, ապա այսօր սիրով հրավիրում եմ «Բարով մնաք» երեկոյին»,- գրել էր Անափիոսյանը:




