
Փետրվարի հինգին, Երևանի կենդանաբանական այգին հայտարարություն տարածեց, որ հունվարի 30-ին անկել է 20-ամյա ուղտերից մեկը։ Այգում նաեւ կարանտին է հայտարարվել։
«Ռադիոլուրը» փորձել է պարզել, թե կենդանու անկումից վեց օր հետո է հայտնվում դրա մասին եւ ո՞րն է կարանտին հայտնելու պատճառը։
Մոտ մեկ շաբաթ առաջ Երևանի կենդանաբանական այգում հերթական կենդանին է անկել, սակայն այգու պաշտոնական կայքը դրա մասին տեղեկացնում է միայն վեց օր անց։ 20-ամյա ուղտի անկման պատճառը տուբերկուլոզի հարուցիչներն էին։ Հայտարարության մեջ նշված է, որ կենդանու ներքին օրգաններից վերցված նմուշներն ուղարկվել են ԿԵ Սննդի անվտանգության տեսչական մարմնի «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ: Մանրադիտակային հետազոտությամբ ներկայացված նմուշներում հայտնաբերվել են տուբերկուլոզի հարուցիչներին բնորոշ մանրէներ:
Այգու կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում պարզաբանում է, թե ինչու են կենդանու անկման մասին հայտնել մի քանի օր անց․«Հետազոտությունների արդյունքում է ինչ–որ բան հայտարարվում, առանց ստույգ տեղեկատվության և առանց հետազոտության չենք կարող կասկածներով բան հայտարարենք։ Տվել ենք լաբորատորիա, երբ արդյունքները եղել են, արդեն համապատասխան մեր հայտարարությունն արել ենք»։

Այս տարվա ընթացքում ուղտը միակ կենդանին չէ, որ անկել է։ Հովհաննիսյանից տեղեկացանք, որ նաև մողեսն է սատկել, տարեվերջին էլ սատկել էին այգու խոճկորները։ Այգու մասնագետի խոսքով` նախորդող դեպքերի անկման պատճառը տուբերկուլոզի հարուցիչը չի եղել․
«Առաջին դեպքը չէ, բայց մյուս կենդանին ծերության և արատների խնդրով է եղել, մի մողես է եղել։ Իսկ խոճկորների անկումը տարեվերջին է եղել։ Կա լաբորատոր հետազոտության պատասխան, բայց ստույգ բան չկա։ Տուբերկուլոզ չի եղել»։
Այս պահի դրությամբ այգում գտնվող մյուս կենդանիների մոտ տուբերկուլոզի հարուցիչ չի հայտնաբերվել։ Կենդանաբույժն ասում է, որ շարունակում են հետազոտությունները․
«Ընթացիկ աշխատանքները կատարվում են, կենդանիները հետազոտվում են հերթականությամբ։ Բացահայտվելու դեպքում էլ կենդանիները, ըստ հրահանգավորման, կատարվում են բոլոր միջոցառումները։ Այս պահի դրությամբ մնացած կենդանիների մոտ կլինիկական նշաններ չեն հայտնաբերվել, բայց դա մեկ –երկու օրվա գործ չէ։ Գործ ունենք բազմատեսակ կենդանիների հետ։ Իհարկե կանխարգելիչ միջոցառումներ անում ենք, բայց դե այդ հիվանդությունը կանխելն անհնար է, աշխարհում չկա նման պրակտիկա, որ մեկ կամ մի քանի միջոցառում իրականացնելով ազատվենք հիվանդությունից»։
Ինչևէ, այս պահին կարանտին է հայտարարված և այգու մուտքը փակ է նաև այցելուների համար։ Հովհաննիսյանի փոխանցմամբ ՝ հայտարարված կարանտինը դեռ մեկ ամիս կշարունակվի։




