
Հերթական միավորումը առողջապահական համակարգում և դժգոհության ալիքը միավորման որոշման առիթով։ Խոսքն այս դեպքում «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի և ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի միավորման որոշման մասին է։
Վերջինի անձնակազմն իր դժգոհությունները շարադրել է նաև հանրապետության վարչապետին հասցեագրված բաց նամակում։ Առողջապահության ոլորտի պատասխանատուների հիմնավորումները նրանց չեն համոզում։
Հունվարի 30-ի կառավարության նիստում առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միացնելու վերաբերյալ որոշում ընդունվեց։ Ավելի ուշ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պարզաբանեց․
«ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը պարզապես միավորվում է մեկ ուրիշ պետական բժշկական կազմակերպության հետ՝ այդ հիվանդության հետ պայքարի միջազգային առաջարկների շրջանակում: ՁԻԱՀ-ը, երբ հայտնաբերվել է մոտ 40 տարի առաջ, անհրաժեշտություն է ունեցել առանձին հաստատության կողմից կառավարվելու, հսկվելու, բուժվելու, սակայն գիտության ձեռքբերումները և ընդհանրապես միջազգային մոտեցումներն այդ հիվանդության հարցում բերել են նրան, որ ՁԻԱՀ-ի դեմ պայքարը պետք է ինտեգրվի ընդհանուր առողջապահական համակարգի մեջ, և այդ միաձուլումը կատարվում է դրա շրջանակում»:
Նախախարը վստահեցրեց՝ միավորման արդյունքում երկու կենտրոններում որևէ գործառույթի և բուժանձնակազմի կրճատում չի լինի։ Միավորման գաղափարը, սակայն, լրջորեն մտահոգել է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակազմին։ Մտահոգությունները նրանք շարադրել են հանրապետության վարչապետին հասցեագրված բաց նամակում՝ նախ նշելով, որ միավորման վերաբերյալ մասնագիտական որևէ քննարկում տեղի չի ունեցել , այն դեպքում, երբ հանրապետությունում այս ոլորտում մասնագիտացված այլ կազմակերպություն պարզապես չկա։ Մինչ օրս չեն ներկայացվել նախաձեռնության գնահատված օգուտները, վնասները, արդյունավետությունը, հնարավոր ռիսկերը և այլն։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում կենտրոնի համաճարակաբանական հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանը մանրամասնեց․

«ՁԻԱՀ կենտրոնի՝ որպես առանձին կառույցի չգործելը անխուսափելիորեն թուլացնելու է կառավարման համակարգերը՝ անիրագործելի դարձնելով ՄԻԱՎ վարակի կանխարգելման, բուժման, մոնիտորինգի գործող արդյունավետ մեխանիզմները։ Կենտրոնի պահպանումը բխում է պետության շահերից, ներկայիս ձևաչափով ծառայությունների տրամադրումը նաև ծախսարդյունավետ է»։
«ՄԻԱՎ վարակով պացիենտների մոտ կարող են զարգանալ զուգորդող և ուղեկցող այլ հիվանդություններ, այդ թվում՝ տուբերկուլոզ, ուռուցքային հիվանդություններ, բազմապիսի սոմատիկ, հոգեկան հիվանդություններ և այլն, որոնց դեպքում ստացիոնար բուժումը կազմակերպվում է համապատասխան կլինիկաներում: Այդ դեպքում ինչու չի առաջարկվում ՁԻԱՀ-ի կենտրոնը միացնել, օրինակ՝ տուբերկուլոզի կամ ուռուցքաբանության ազգային կենտրոններին, բազմապրոֆիլ որևէ հիվանդանոցի»,-նշվում է վարչապետին հասցեագրված բաց նամակում: Ի դեպ, միավորման անհրաժեշտությունը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ռադիոլուրի հյուրասրահում» օրերս այս կերպ էր նաև մեկնաբանել․
«Միջազգային բոլոր պահանջները պնդում են, որ ՁԻԱՀ-ի դեմ պայքարը պետք է ինտեգրվի ընդհանուր առողջապահության մեջ, և սա ընդամենը քայլ է՝ վաղուց չարված քայլը անելու։ Կղզյակային մոտեցմանը պետք է վերջ դնել»։

ՁԻԱՀ կենտրոնի Համաճարակաբանական հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանի խոսքով՝ ծառայությունների ինտեգրման առումով աշխարհում, իսկապես, նման միտում կա, սակայն դա չի ենթադրում երկու նեղ մասնագիտական կենտրոնների միավորում, այլ ծառայությունների հասանելիություն ամբողջ առողջապահական համակարգում, մասնավորապես, պոլիկլինիկաներում։ «Ռադիոլուր»-ի եթերում Արշակ Պապոյանը ցանկացավ արձագանքել Արսեն Թորոսյանի այն դիտարկմանը, թե դժգոհությունը պայմանավորված է անձերով, որոշ մարդիկ գուցե կորցնելու բան ունեն։
«Այո, նախարարը միանգամայն ճիշտ է, որոշ մարդիկ կորցնելու բան ունեն։ Դրանք պացիենտներն են, որոնք կորցնելու են որակյալ բուժօգնությունը, դեռ չծնված երեխաները, որոնց ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը մեծանալու է, և առհասարակ, կորցնելու է մեր բնակչությունը և առողջապահությունը»։
Արշակ Պապոյանի տվյալներով՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում ամբուլատոր բուժում է ստանում 2200 ՄԻԱՎ վարակակիր։ Տարեկան արձանագրվում է շուրջ 450 նոր դեպք, վարակակիրների կեսից ավելին աշխատանքային միգրանտներն են և նրանց զուգընկերները։ Զրուցակիցս ընդգծում է՝ կենտրոնում երբևէ չի գրանցվել բուժման ընդհատում՝ պայմանավորած դեղորայքի մատակարարման խնդիրներով, ինչը , ինչպես նշում է, բացառիկ երևույթ է ամբողջ տարածաշրջանում։




